HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանդիպումներ և հեռախոսազրույցներ իշխանափոխության մասին. ինչ ապացույցներ ներկայացվեցին «Սրբազան պայքարի» գործով

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում այսօր՝ հունվարի 15-ին շարունակվեց «Սրբազան պայքարի» գործով դատական նիստը։ Այսօր հանրային մեղադրողները պետք է ներկայացնեին դատարանում հետազոտվելիք ապացույցների ցանկը, սակայն մինչ այդ նրանք հանդես եկան հայտարարությամբ։

Հիշեցնենք՝ այս գործով մեղադրյալները 18-ն են։

Ըստ մեղադրանքի՝ նախնական համաձայնությամբ խմբի կազմում նրանք ձեռք են բերել ահաբեկչություն կատարելու և իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ և գործիքներ, ինչպես նաև՝ դիտավորությամբ ստեղծել են այլ պայմաններ՝ այդ կերպ կատարելով իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն։

Մեղադրանքի կողմը նշեց, որ ավելի քան 4-5 ամիս շարունակվող դատական նիստի ընթացքում դատավարության առանձին մասնակիցներ իրենց ելույթներում խոսում են սույն քրեական գործի հետ որևէ առնչություն չունեցող փաստերի և իրավիճակների մասին։ Եվ այդ ելույթները հաճախ ուղեկցվում են դատավարության մյուս մասնակիցների կամ առհասարակ երրորդ անձանց հասցեին հնչող վիրավորական արտահայտություններով, պիտակավորումներով, գնահատողական դատողություններով, որոնք զուրկ են իրավական բովանդակությունից և խաթարում են դատավարության օբյեկտիվ և գնահատող ընթացքը։

Ըստ հանրային մեղադրողների՝ նշված վարքագիծը շարունակաբար անտեսվում է, ինչը նպաստում է դրա կրկնությանն ու խորացմանը։

«Դատարանի ուշադրությունն ենք հրավիրում այն հանգամանքի վրա, որ դատարանն, օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, անմիջապես ընդհատի դատավարության ցանկացած մասնակցի, եթե վերջինս սկսում է խոսել սույն քրեական գործի հետ որևէ կապ չունեցող հանգամանքների մասին»,- նշեց մեղադրանքի կողմը։

Պաշտպանական կողմն էլ դիրքորշում հայտնեց, որ միջնորդությունը առարկայազուրկ է, մեղադրյալները նշեցին, որ դատախազների հետ չունեն անձնական խնդիր, բայց պահում են իրենց արժանապատվությունը։

Մեղադրողների խոսքը դատարանը որպես հայտարարություն ընդունեց։ Դատավոր Կարեն Ֆարխոյանը հայտնեց, որ քաղաքական չեզոքություն է ցուցաբերել և պարտավոր է ցուցաբերել։ Դատավորը պահանջեց մեղադրյալներից իրենց ելույթներում սույն քրեական վարույթից դուրս հայտարարություն չանել։

Հայտարարությունից հետո հանրային մեղադրողները ներկայացրին հետազոտման ենթակա ապացույցների մի մասը։ Մեղադրանքի կողմը նախ նշեց օպերատիվ-հետախուզական միջոցառումների վերաբերյալ արձանագրությունները, որոնք կազմվել են ըստ 2024թ. նոյեմբերի 24-ից 2025թ. մարտի 17-ը Բագրատ Սրբազանի բնակության վայրում կազմակերպված հանդիպումների խոսակցությունների։

Ըստ մեղադրանքի կողմի՝ այդ արձանագրություններով հիմնավորվում է, որ մեղադրյալ Վազգեն Գալստանյանի բնակության վայրում այս ժամանակահատվածում տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ, որտեղ քննարկվել է փողոցային պայքարի միջոցով համապատասխան խմբեր ձևավորելով՝ ՀՀ-ում Սահմանադրությամբ չնախատեսված եղանակներով իշխանափոխության անհրաժեշտության մասին։

Բացի խմբեր կազմելուց, հանրային մեղադրողների խոսքով, Բագրատ Սրբազանի բնակության վայրում հանդիպումների ընթացքում քննարկվել է նաև համացանցը անջատելու, հոսանքազրկում իրականացնելու հարցը։

2025թ. փետրվարի 17-ին էլ մեղադրյալ Գալստանյանն իր բնակության վայրում հանդիպում է ունեցել Իգոր Սարգսյանի, Տիգրան Թոփալյանի, Հայկ Շահնազարյանի հետ, խոսել են երկիրը քաոսի վերածելու անհրաժեշտության մասին։

Հանրային մեղադրողները որպես ապացույց նշեցին նաև հեռախոսազրույցների ձայնագրությունները։

Ըստ այդմ՝ 2025թ. մարտի 23-ին Մովսես Շարբաթյանը հեռախոսազրույց է ունեցել Տիգրան Գալստյանի հետ, որի ընթացքում քննարկվել է ծուխ արձակող առարկաներ ձեռք բերելու, մասնավորապես՝ Տիգրան Գալստյանի կողմից դրանք ուղարկելու հանգամանքը։

2025թ. ապրիլի 3-ին տեղի ունեցած հեռախոսազրույցով էլ, ըստ մեղադրանքի կողմի, հիմնավորվում է, որ մեղադրյալ Գալստանյանի բնակության հասցեում զրուցել են Հրայր Հակոբյանը և Իգոր Սարգսյանը, խոսակցությունը վերաբերել է ՀՀ վարչապետին, ԱԺ նախագահին, ԱԳ նախարարին սպանելու դեպքում հնարավոր հետևանքների մասին։

Բագրատ Սրբազանը, լսելով հանրային մեղադրողներին, հարցրեց՝ կա՞ ապացույց, փաստաթուղթ կամ ձեռագրաբանական քննություն, որ այս ամենը ճիշտ է, քանի որ ՔԿ ղեկավարն իրեն թույլ է տալիս չհաստատված մեղադրանքով մեղադրել իրեն։

Դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց հունվարի 22-ին՝ ժամը 15.00-ին։

Հաջորդ նիստին հանրային մեղադրողները կշարունակեն ներկայացենել հետազոտման ենթակա ապացույցները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter