HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմավիրի մարզի մի շարք համայնքներում աշակերտները նոր ուսումնական տարին կդիմավորեն բարեկարգ դպրոցներում

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր այցելեց Արմավիրի մարզ՝ նոր ուսումնական տարվա նախաշեմին ծանոթանալու առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով իրականացվող դպրոցների վերանորոգման աշխատանքների ընթացքին:

Ծրագրի երեք փուլով Արմավիրի մարզին հատկացվել է 3,9 մլրդ դրամ: Հիմնական միջոցներն ուղղվել են մարզի համայնքներում դպրոցների շենքերի վերանորոգմանը: Ընդհանուր առմամբ ծրագրում ընդգրկված է մարզի շուրջ 40 դպրոց, ընդ որում՝ որոշ դպրոցների շենքերի նորոգումն ավարտին հասցնելու համար գումարներ են հատկացվել ծրագրի բոլոր երեք փուլով:

Աշխատանքները կատարվում են՝ ըստ սահմանված ժամանակացույցի: Մարզի մի շարք համայնքներում աշակերտները նոր ուսումնական տարին կդիմավորեն բարեկարգ դպրոցներում:

Փոխվարչապետը մարզպետ Ա. Ղահրամանյանի ուղեկցությամբ նախ եղավ Մրգաստան համայնքի դպրոցում, որի վերանորոգման համար ծրագրի երրորդ փուլով հատկացվել է 31,7 մլն դրամ: Այստեղ աշխատանքներն առաջիկա օրերին ամբողջությամբ կավարտվեն:

Արտիմետ համայնքում դպրոցի նորոգման աշխատանքներն արդեն ավարտվել են, և այն պատրաստ է նոր ուսումնական տարվան: Առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի երկրորդ փուլով այդ նպատակով հատկացվել էր 47,5 մլն դրամ:

Հուշակերտ համայնքի դպրոցում ծրագրի երկրորդ փուլով հատկացված 38,5 մլն դրամով կառուցվում է կաթսայատուն, ու տեղադրվում է ջեռուցման համակարգ: Աշխատանքները շարունակվում են և ըստ պատասխանատուների՝ չեն կարող խանգարել ուսումնական գործընթացին:

Ծրագրի երեք փուլով շուրջ 160 մլն դրամ էր հատկացվել Լուկաշին համայնքի դպրոցի վթարային մասնաշենքի ամրացման և վերանորոգման համար: Ծրագրով նախատեսված աշխատանքները մոտենում են ավարտին, սակայն շենքի նորոգումն ամբողջապես ավարտին հասցնելու համար լրացուցիչ միջոցներ կպահանջվեն: Ա. Գևորգյանը տեղում պատասխանատուների հետ քննարկեց հետագա աշխատանքների շարունակման հնարավորությունները:

Փոխվարչապետն այցելեց նաև Խանջյան համայնք, որի վթարային դպրոցի շենքի ամրացման համար պետբյուջեից հատկացվել է ընդհանուր առմամբ 217 մլն դրամ: Աշխատանքներն արդեն ավարտվում են, և նոր ուսումնական տարին աշակերտները կսկսեն հիմնանորոգված դպրոցում՝ թողնելով մանկապարտեզի շենքը:

Ա. Գևորգյանը պատասխանատուներին հորդորեց ուշադրություն դարձնել աշխատանքների որակին, իսկ այն դպրոցներում, որտեղ վերանորոգման աշխատանքները շարունակվում են, դրանք կազմակերպել այնպես, որ չխանգարեն ուսումնական գործընթացին:

Համայնքներում փոխվարչապետը հանդիպեց նաև դպրոցների կոլեկտիվների և բնակիչների հետ, լսեց նրանց հուզող խնդիրները: Մասնավորապես, մանկավարժները բարձրացրին դրույքաչափը շաբաթական 22-ից 18-ժամյա դարձնելու հարցը: Ա. Գևորգյանը տեղեկացրեց, որ կրթության և գիտության ու ֆինանսների նախարարությունները ուսումնասիրում են խնդիրը, և արդյունքում համապատասխան որոշումներ կկայացվեն:

Խանջյան համայնքում մտահոգություն հնչեց, որ նոր վերանորոգված դպրոցի մոտով անցնող հեղեղատարը կարող է վնասել շենքը: Փոխվարչապետը նշեց, որ քաղաքաշինության նախարարությանը կհանձնարարվի լուծել խնդիրը: Այս մասին հայտնում է տարածքային կառավարման նախարարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter