«ԹՐԻՓՓ իրականացման շրջանակ» համաձայնությունը - ոչ կապիտուլյացիա, բայց լուրջ ռիսկեր պարունակող
Ալեք Ենիգոմշյան
Հայաստանը պարտավոր է հատուկ օրենք ընդունել
Հունվարի 13-ին Վաշինգտոնում ԱՄՆ-ի և ՀՀ-ի միջեւ կնքված «ԹՐԻՓՓ իրականացման շրջանակ» (The TRIPP Implementation Framework (TIF)-հայերեն՝ ԹԻՇ) համաձայնությունն արդեն փաստացի իրողություն է: Որպես այդպիսին, այն կարևոր չափով պայմանավորելու է տեսանելի ապագայի համար Հայաստանի ռազմավարական հեռանկարը:
Հարցը, թե ինչո՞ւ Հայաստանը հայտնվեց, ոչ թե իր ազատ կամքով ու պայմաններով, այլ Ադրբեջանի սպառնալիքներին ենթարկվելով, հաղորդուղիներ բացելու հարկադրված լինելու վիճակում, ինչպես նաեւ հարցը, թե ո՞րն է Հայաստանի նախկին ու ներկա իշխանությունների պատասխանատվության բաժինը այդ համաձայնության հանգեցրած Հայաստանի ներկա անմխիթար իրականության առաջացման մեջ, չափազանց կարեւոր են, բայց սույն քննարկման առարկան չեն:
Այսօր ունենք այն, ինչ ունենք, և ստորեւ ներկայացվածը համաձայնությունը կքննարկի՝ ելնելով այդ փաստի արձանագրումից:
Առաջին երկու հարցերը, որոնք պետք է տրվեն Սյունիքով անցնող Արեւելք-Արեւմուտք հաղորդուղիների կապակցությամբ, հետեւյալներն են.
Հայաստանը կարո՞ղ էր՝
- իրեն թույլ տալ մերժել հաղորդուղիների բացումը,
- հանգել ամբողջությամբ իրեն ձեռնտու տարբերակի համաձայնության:
Հաշվի առնելով Թուրքիայի և Ադրբեջանի հետ ուժերի ներկա հարաբերակցությունը, երկու հարցերի պատասխանները միանշանակ ՈՉ են:
Բնականորեն առաջացող հաջորդ հարցը դառնում է հետեւյալը՝
ԱՄՆ-ի հետ կնքված համաձայնությունը որքանո՞վ է ձեռնտու Հայաստանին, և որքանո՞վ՝ հակառակը:
Կրկին՝ հաշվի առնելով ուժերի առկա խոր անհավասարակշռությունը, պատասխանն է.
TRIPP համաձայնությունը Հայաստանի համար վատագույն տարբերակը չէ: Չնայած լուրջ սահմանափակումներին, այն, քաղաքական հայտարարության մակարդակում, ապահովում է Հայաստանի գերիշխանության հիմնական դրույթները: Բայց այն պարունակում է լուրջ ռիսկեր, և Երեւանը պարտավոր է հստակ միջոցների դիմել՝ դրանք կանխօրոք հնարավորինս չեզոքացնելու համար:
Ինքնիշխանությունը երաշխավորող դրույթներ
Քաղաքական հայտարարության մակարդակում TRIPP-ի շրջանակային համաձայնագիրը հստակ վերահաստատում է Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, իրավազորությունը, սահմանային և մաքսային վերահսկողությունը, ինչպես նաեւ իրավապահ գերակայությունը։ Այն մերժում է արտատարածքային ռեժիմները, օտարերկրյա զինված ներկայությունը և ինքնիշխան գործառույթների արտապատվիրակումը:
Սակայն, միաժամանակ, համաձայնագիրն ամրագրում է երկարաժամկետ կառուցվածքային սահմանափակումներ, որոնք բարձրացնում են ինքնիշխանության իրական կիրառման քաղաքական և տնտեսական գինը։ Իսկ ինքնիշխանությունը հենց այդպես է քայքայվում գործնականում։
Կառուցվածքային սահմանափակումներ
Նախ՝ համաձայնագիրը նախատեսում է ծայրահեղ երկարաժամկետություն և գրեթե անդառնալիություն․ բացառիկ զարգացման և շահագործման իրավունքներ՝ մոտ մեկ դար տեւողությամբ, ծրագրի ցանկացած խաթարման պարագայում ներդրումային «անվերադարձ ծախսերով» (sunk costs), նախնական ընտրված ուղուց կախվածությամբ և հեղինակության կորուստների ռիսկերով։
Երկրորդ՝ ստեղծվում է տնտեսա-ֆունկցիոնալ «կալանվածություն»․ ԱՄՆ-ին ենթակա կառավարման ընկերությունը ղեկավարելու է ինտեգրված հաղորդակցային համակարգ, որի գործառնական տրամաբանությունն ու եկամտային օպտիմալացումը ձեւավորվելու են Հայաստանից դուրս։ Հայաստանը պահպանում է իրավական ֆորմալ լիազորություններ, սակայն գործնականում վերածվում է կանոններ կիրառողի՝ մի համակարգում, որի ռազմավարական վերահսկողությունից զուրկ է:
Երրորդ՝ տեղի է ունենում գործառնական նեղացում․ ռիսկերի վրա հիմնված ստուգումներ, տրանզիտային գործողությունների ժամանակային խիստ պարտավորություններ և թվային նախավավերացում, որոնք նվազեցնում են Հայաստանի հայեցողական վերահսկման կետերը՝ առանց դրանք ֆորմալապես վերացնելու։
Նշվածներից ոչ մեկը արտատարածքայնություն չի նշանակում: Սակայն միասին դրանք Հայաստանը կանգնեցնում են այն սահմանագծին, որտեղ ինքնիշխանությունը մնում է իրավականորեն ապահովված, բայց նրա քաղաքական և տնտեսական գործնական կիրառման գինը դառնում է թանկ:
Իրական ռիսկերը՝ բաց թողնված կետերում
Բայց ամենալուրջ վտանգները բխում են ոչ թե այն դրույթներից, որոնք առկա են ԹԻՇ-ում, այլ այն հարցերից, որոնք մնում են չկարգավորված:
Փաստաթուղթը լռություն է պահպանում արբիտրաժի, վեճերի լուծման հարթակների, միջանկյալ ապահովող միջոցների և ինքնիշխան գործողությունների պաշտպանության վերաբերյալ բացառությունների մասին։ Միջազգային ենթակառուցվածքային պրակտիկայում՝ թողնված նման դատարկությունը սովորաբար լցվում է ոչ թե ազգային իրավազորությամբ, այլ ներդրողակենտրոն արբիտրաժային մեխանիզմներով։
Նույնը վերաբերում է արտակարգ իրավիճակների և հաղորդուղիների ժամանակավոր դադարեցման իրավասություններին․ դրանք ճանաչվում են, սակայն բացակայում են ընթացակարգերը, շեմերը, ժամկետները և քաղաքական կամ ֆինանսական հակազդեցությունից պաշտպանող երաշխիքները։
Բացի այդ, չկա սահմանադրական ամրագրում․ համաձայնագիրը չի պահանջում խորհրդարանական վավերացում կամ սահմանադրական վերահսկողություն, ինչը բաց է թողնում գործադիր իշխանության կողմից «կատարված փաստի» ձեւավորման ռիսկը։
Այսպիսով, «շրջանակը» անցումային առումով կայուն է, սակայն ուղղվածությամբ՝ անորոշ և ռիսկային։ Այն ինքնին չի կանխորոշում ինքնիշխանության կորուստ, բայց կառուցվածքայնորեն թույլ է տալիս այն, եթե չհավասարակշռվի հայկական իրավական մեխանիզմներով։
«Հատուկ նշանակության կազմակերպությունները»՝ ներթափանցման հիմնական ուղին
Ինքնիշխանության քայքայման ամենահավանական մուտքի կետը «ԹՐԻՓՓ զարգացման ընկերության» ներքո ստեղծվելիք «Հատուկ նպատակային կազմակերպություններն» (ՀՆԿ -SPV, Special Purpose Vehicles) են։
ՀՆԿ-ները կարող են հետագայում ներգրավել օտարերկրյա մասնավոր կապիտալ, առաջացնել ներդրողների պաշտպանության պահանջներ և շերտավորել միջազգային արբիտրաժային պարտավորություններ։ Ֆինանսապես արդյունավետ լինելով հանդերձ՝ դրանք քաղաքականորեն վտանգավոր են, եթե հստակորեն չեն ենթարկվում հայկական իրավունքի գերակայությանը և չեն բացառվում ինքնիշխան գործողությունների արբիտրաժայնացումից։
Պատմությունը ցույց է տալիս, որ պետությունները կորցնում են իրական վերահսկողությունը ոչ թե իրավասության ֆորմալ բացակայության, այլ այն պատճառով, որ շրջանցումներից ապահովագրված չլինելու պարագայում այդ իրավասության կիրառումը դառնում է իրավական, ֆինանսական կամ քաղաքականորեն չափազանց թանկ։
Թուրքիան և Ադրբեջանը՝ ռիսկերի ոչ կառավարման գլխավոր շահառուներ
ԱՄՆ-ՀՀ օգոստոսի 8-ի և հունվարի 13-ի համաձայնություններով Թուրքիան և Ադրբեջանն արդեն իսկ ստացել են Սյունիքով անխոչընդոտ տրանզիտի իրավունք: Ավելորդ է ասել՝ միամտություն կլինի մտածել, թե Սյունիքի և Հայաստանի նկատմամբ նրանց նկրտումներն ավարտվել են դրանով:
Ինքնիշխանության քայքայման շահառուները հազվադեպ են լինում դրա իրավական շահառուները։
Թեեւ ԹԻՇ-ը իրավաբանորեն կարող է ձեռնտու լինել ԱՄՆ-ի հետ կապվող առեւտրային սուբյեկտներին, ու թեեւ Թուրքիան և Ադրբեջանը ոչ մի փաստաթուղթ չեն ստորագրել, նրանք առաջին շահառուներն են լինելու Հայաստանի գործողությունների ազատության ցանկացած սահմանափակման, որոնք կարող են առաջանալ ՀՆԿ-ների դատական գործընթացներից, փոխհատուցումների պահանջներից կամ ձգձգումներից։
Անկարայի և Բաքվի առավելությունն այն է, որ նրանք իրավականորեն բացակա են․ նրանք չեն կրում պարտավորություններ, չեն ենթարկվում սահմանափակումների և պահպանում են առավելագույն ռազմավարական ճկունություն, մինչդեռ իրական ռիսկերը կրում են Հայաստանը, ՀՆԿ-ներն ու ԱՄՆ-ը:
Նրանց անհրաժեշտ է միայն մեկ բան․ որ Հայաստանի ինքնիշխան արձագանքները դառնան դանդաղ, թանկ գին ունեցող կամ արտաքնապես միջնորդավորված։
Ինքնիշխանության պահպանման անխուսափելի պատվարը՝ հատուկ օրենքը - Lex TRIPP-ը
Ինքնիշխանության աստիճանական քայքայումը կանխելու համար Հայաստանը պետք է սկզբից իսկ օրենքով ամրագրի իր արտակարգ և արբիտրաժային լիազորությունները հատուկ շրջանակային օրենքի միջոցով՝ Lex TRIPP։
Lex TRIPP-ը պետք է․
- ինքնիշխանությունը հռետորականից դարձնի ընթացակարգային,
- անվտանգության և կասեցման միջոցները դասակարգի որպես ոչ արբիտրաժային ինքնիշխան գործողություններ,
- հստակ սահմաններ գծի ՀՆԿ-ների իրավական սողանքի դեմ,
- և ստիպի, որ ինքնիշխանության քայքայման ցանկացած հետագա փորձ հայտնվի խորհրդարանական կամ սահմանադրական բացահայտ քննարկման սեղանին, ոչ թե իրականություն դառնա տեխնիկական «սահքի» միջոցով։
Lex TRIPP-ը ԹԻՇ-ն ամբողջացնող, ոչ թե դրան հակադրվող հատուկ օրենք է: Այն պաշտպանական է, ոչ խոչընդոտող։ Այն ընդունում է երկարաժամկետ զիջումները, բայց ամրագրում է կարմիր գծերը։ Այն Վաշինգտոնին կհաղորդի, որ Հայաստանը իրավական պետություն է՝ հստակ սահմաններով, այլ ոչ թե անվստահելի վետո խաղացող։
ԹԻՇ-ը՝
- պահպանում է Հայաստանի ինքնիշխանությունը իրավունքի բնագավառում,
- սահմանափակում այն գործնականում, և
- դրա հնարավոր քայքայումը հետաձգում ապագա գործիքներին։
Հետեւաբար, Հայաստանի հաջորդ իրավական քայլերը՝ Lex TRIPP-ը, արբիտրաժային բացառումները և սահմանադրական վերահսկողությունը, որոշիչ են և պարտադիր, ոչ կամայականության թողնվելիք ընտրանքներ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել