HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դանդաղ սպանում են. 11 նաֆարով ո՞ւր փախչենք

Բաց նամակ՝ ՀՀ նախագահին, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցներին, Հայաստանում հավատարմագրված բոլոր երկրների դեսպանատներին

Առաջ, երբ հարցնում էին հասցես, ես հրճվանքով պատասխանում էի՝ ապրում եմ երեւանյան Արբատում, այսինքն՝ Կոզեռն թաղամասում: Սովետական «բռնապետությունը» բնակիչներին ապահովել էր մարդկության կարիքների համար բոլոր միջոցները. ընտանիքներն ունեին առանձին բացօթյա զուգարաններ, երկու 8-10 մետր լայնությամբ փողոց-ճանապարհներ, մեկը՝ Դեմիրճյան, մյուսը՝ Պռոշյան փողոցից: 

Այսինքն՝ շտապօգնության, հրդեհի, աղբահանության, շինարարական-կենցաղային բեռնափոխադրման եւ սեփական մեքենաների ելումուտի համար: Ճանապարհներ, որոնցով 70 տարի խանութ, մանկապարտեզ, դպրոց ենք գնացել:

Մեր թաղը շրջապատված էր գեղատեսիլ բնությամբ՝ անտառ-պուրակով, թենիսի երկու կորտանոց դաշտով: Անկախությունից հետո ծառերը կտրեցին, բնությունը բնաջնջեցին, թենիսի դաշտը վերացրին, մեր զուգարանները քանդեցին. մնացինք առանց զուգարանի: Իսկ տարածքը մասնատեցին, բաժանեցին իրար մեջ:

Մեր այդ երկու փողոցների խաչմերուկի հարեւանությամբ գտնվող տարածքը բաժին հասավ ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանին՝ «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի սեփականատիրոջը: Նա ընդհանուր հողամասի տարածքով հսկայական շենքը կառուցելուց հետո հայտնաբերեց, որ լողավազանի, խաղահրապարակի եւ խորովածանոցի տարածք չկա: Հարեւաններից ոմանք Հայաստանում չէին, ոմանք մահացել էին, ոմանց բերաններն էլ Արտակ Սարգսյանը թեթեւակի փակեց: Իսկ իմ դեպքում հասկացավ, որ մեր տունն ամենահեռուն է, անճանապարհ անհնար է, եւ պայմանավորվեց, որ գնելու է մեր տունը, որ մենք գնալու ենք ու չենք խանգարելու ճանապարհը փակելուն:

Բայց հետո ուրիշների դրդմամբ իրենց խանգարելու համար ինձ ծեծեցին, հին պարսպի պատերը քանդեցին, ամբողջ փողոցի լայնքով առաջ բերեցին եւ երկու ճանապարհն էլ վերցրին պարսպի մեջ: Ինձ էլ սպառնացին, որ եթե սուս չմնամ, նույն տեղում կթաղեն կամ գրպանիցս «պլան» կգտնեն:

Հետագայում՝ մեր բողոքելուց հետո, պետական բարձր հովանու ներքո քաղաքային անխիղճ-անաստված չինովնիկների աջակցությամբ օրինականացրին: Եվ մենք մնացինք «տուպիկում»: Տները կան հերթականությամբ, փողոցը չկա: Իսկ քաղաքային եւ թաղային մանր չինովնիկները մեզ հավաստիացնում էին՝ իբր մեկ տարուց քանդելու էին թաղը, որովհետեւ իրացման գոտի է:

Երկու անգամ դիմել ենք նախագահին: Պատասխանը ստացել ենք քաղաքապետարանից՝ 20 տարեկան մի տղայից: Պարզվել է, որ Արտակ Սարգսյանը մեր հարեւանությամբ չի ապրում. այդ տունը հասցեափոխվել է Բաղրամյան 21, սեփականատերն էլ կինն է: Խորհուրդ են տվել հարցը հարեւաններով լուծել: Երկու անգամ գրավոր բացատրել եմ, ոչ մի պատասխան: Իսկ Արտակ Սարգսյանը մեզ արհամարհում է:

Դիմելով ձեզ մենք ոչ թե նյութական, այլ բարոյական օգնություն ենք խնդրում, ապահովեք մեր անվտանգությունը եւ վերականգնեք մեր ոտնահարված իրավունքները մեր իսկ փողոցում եւ բնակարանում:

Յոթ տարի ասեղների վրա ենք, նյարդային ապրումների մեջ: Շաքարով հիվանդացա, ինֆարկտ ստացանք: Դանդաղ սպանում են, համբերություններս սպառվել է: Պատկերացրեք՝ նույն բանը ձեզ հետ է կատարվել, ի՞նչ կանեիք դուք, մեկ այդպիսի խորհուրդ էլ տվեք ինձ: 11 նաֆարով ո՞ւր թողնենք-փախչենք այս անօրենք հայրենիքից, ագահ մարդկանցից:

Նորիկ Եփրեմյան
Պռոշյան I նրբ., տուն 3/10

Լուսանկարում՝ պատգամավոր Արտակ Սարգսյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter