Դավիթ Համբարձումյանի կալանքը փոխվեց և կիրառվեց տնային կալանք
Վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ 2026թ. հունվարի 19-ին, մասնակի բավարարել է Մասիս համայնքի նախկին ղեկավար Դավիթ Համբարձումյանի պաշտպանների բողոքը և կալանք խափանման միջոցը փոփոխել ու կիրառել է տնային կալանք՝ համակցված գրավով և բացակայելու արգելքով։
Հիշեցնենք՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Ժորա Չիչոյանի, 2025թ. հոկտեմբերի 23-ին Մասիս համայնքի արդեն նախկին ղեկավար Դավիթ Համբարձումյանին դատապարտել է 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման: Դատավորը վերացրել էր նաև խափանման միջոց գրավը և կիրառել կալանք:
Նշենք, որ Դավիթ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018թ. իշխանափոխության օրերին խախտել է հասարակական կարգն ու բռնություն գործադրել ցուցարարների նկատմամբ: Մասնավորապես, ըստ մեղադրանքի՝ 2018թ․ ապրիլի 22-ին Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի բանուկ հատվածում մի խումբ անձանց հետ Դ. Համբարձումյանը դիտավորությամբ խախտել է հասարակական կարգը: Այն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով և զուգորդվել նույն օրը Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքին մասնակցելու նպատակով դեպի նշված հրապարակ երթ կազմակերպած մասնակիցների նկատմամբ նախապես իրենց հետ վերցված զենքի և որպես զենք հանդիսացող առարկաների գործադրմամբ բռնություն գործադրելով և գույքը ոչնչացնելով։
Նույն քրեական գործով մեղադրանք էր առաջադրվել նաև Դավիթ Համբարձումյանի եղբորը՝ Գոռ Համբարձումյանին: Վերջինիս էլ մեղադրվում էր 2018թ․ ապրիլի 16-ին հասարակական կարգը խախտելու դիտավորությամբ խմբի կազմում բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու, առանց պատճառի Երևան քաղաքի Հերացի և Կորյուն խաչմերուկները փակած ցուցարարներին հայհոյելու, ձեռքերով ու ոտքերով նրանց հարվածելու մեջ։
2023թ. մայիսի 3-ի որոշմամբ դատարանը դադարեցրել էր Գոռ Համբարձումյանի քրեական հետապնդումը՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:
Ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավճիռը բողոքարկվել է Վերաքննիչ քրեական դատարան։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել