Արտագնա դատական նիստ՝ հոգեբուժական կազմակերպությունում. օրենքի նախագիծ է ներկայացվել հանրային քննարկման
Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ, որով առաջարկվում է արտագնա դատական նիստեր կազմակերպել նաև հոգեբուժական կազմակերպություններում:
Արտագնա դատական նիստ կողմի միջնորդությամբ կամ դատարանի նախաձեռնությամբ կարող է անցկացնել միայն առաջին ատյանի դատարանը, եթե բոլոր մեղադրյալները զինծառայողներ են և բոլոր մեղադրյալներն ազատությունից զրկելու հետ կապված պատիժ են կրում։
Արտագնա նիստ անցկացնելու դեպքերը օրենքում սպառիչ են: Բացակայում է այն դեպքը, երբ հոգեկան առողջության վիճակով պայմանավորված՝ անհնար է անձի՝ դատական նիստին մասնակցության ապահովումը։ Հետևաբար առաջարկվում է կատարել լրացում՝ նախատեսելով արտագնա նիստի անցկացում հոգեբուժական կազմակերպությունում։
Ի տարբերություն նոր՝ 2021թ. ընդունված Քրեական դատավարության օրենսգրքի, նախորդ օրենսգրքով արտագնա նիստերի անցկացման հիմքերի սպառիչ ցանկ նախատեսված չէր, այլ գործում էր կարգավորում, համաձայն որի՝ գործը քննող դատավորի որոշմամբ կարող էր անցկացվել արտագնա դատական նիստ, եթե դա բխում էր արդարադատության արդյունավետության շահերից: Դատարաններին վերապահված էր լայն հայեցողական լիազորություն՝ կոնկրետ դեպքով որոշելու արտագնա նիստ անցկացնելու նպատակահարմարության հարցը: Այդ պայմաններում հնարավոր էր նաև անհրաժեշտության դեպքում հոգեբուժական կազմակերպություններում արտագնա նիստեր անցկացնել։
Արդարադատության նախարարությունը նախագծով նախատեսված կարգավորմամբ ակնկալում է հոգեբուժական կազմակերպություններում արտագնա դատական նիստեր իրականացնելով ապահովել հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց պատշաճ մասնակցությունը իրենց վերաբերյալ իրականացվող վարույթներին այն դեպքերում, երբ հոգեկան առողջության վիճակով պայմանավորված անհնար է նրանց՝ դատական նիստին մասնակցության ապահովումը։ Բացի այդ, կնախատեսվեն օրենսդրական երաշխիքներ՝ քրեական վարույթը բժշկական հարկադրանքի վարույթի փոխակերպելը և անվտանգության միջոցի կիրառման հարցը քննարկելը դատավարական սեղմ ժամկետներում իրականացնելու համար։
Բացի այդ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) մշտապես արձանագրել է, որ բժշկական հաստատությունում տեղավորվող անձին դատական քննությանը մասնակից դարձնելը, ինչպես նաև նրան իրավաբանական օգնություն տրամադրելը հիմնարար երաշխիքներ են կամայականության դեմ։ Հոգեկան հիվանդություն ունեցող անձը դատավարությունում ունի երկբնույթ դեր, մասնավորապես` նա և՛ շահագրգիռ անձ է, և՛ դատաքննության օբյեկտ։ Հետևաբար նրա մասնակցությունն անհրաժեշտ է ոչ միայն գործն անձամբ ներկայացնելու, այլ նաև դատավորին հնարավորություն տալու համար իր անձնական կարծիքը ձևավորել գործի և այդ անձի հոգեկան վիճակի վերաբերյալ։
ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ դատավորի համար կարևոր է առնվազն հոգեկան հիվանդություն ունեցող անձի հետ կարճ հանդիպում ունենալը և նախընտրելի է նրան հարցեր ուղղելը։ Եվրոպական դատարանը գտնում է, որ դատավորի կողմից գործի լուծումը՝ միայն փաստաթղթավորված ապացույցների հիման վրա, առանց տեսնելու կամ լսելու անձին, հանդիսանում է արդար դատաքննության իրավունքի՝ մրցակցության սկզբունքի խախտում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել