Դավոսում կայացել են ռուս-ամերիկյան բանակցություններ
ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրևը Շվեյցարիայի Դավոս քաղաքում ընթացող տնտեսական ֆորումի շրջանակներում բանակցություններ է վարել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի ու Թրամփի փեսա Ջարեդ Քուշների հետ։ Այդ մասին հայտնում է ռուսական ТАСС գործակալությունը։
Բանակցությունները տևել են շուրջ երկու ժամ, իսկ լրագրողները հանդիպման ժամանակ հնարավորություն չեն ունեցել հարցեր ուղղելու կողմերին։
Հանդիպումից հետ Ուիֆքոֆը հայտարարել է, որ բանակցությունները «շատ դրական են եղել»։ Իր հերթին Դմիտրիևն էլ նշել է, որ Դավոսում իր հանդիպումներն ընթանում են «կառուցողական»։ «Ավելի ու ավելի շատ մարդիկ են գիտակցում Ռուսաստանի դիրքորոշման իրավացիությունը»,- հավելել է նա։
Բանակցությունների բուն բովանդակության մանրամասների մասին կողմերից և որևէ մեկը ոչինչ չի նշել։ Սպասվում էր, որ այն նվիրված կլիներ ԱՄՆ խաղաղության նախագծին ու ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին։
Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումը կավարտվի հունվարի 23-ին։ Նախատեսվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ֆորումին կմասնակցի հունվարի 21-ին։ Շվեյցարական այդ քաղաքում է նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր ՌԴ ներկայացուցիչները պաշտոնապես չէին հրավիրվում մասնակցելու ֆորումին։ Ի սկզբանե ակնկալվում էր, որ ռուս-ուկրաինական պատերազմի ավարտն ու Ուկրաինայի անվտանգության երաշխիքները կլինեն ֆորումի գլխավոր թեմաները։ Սակայն Գրենլանդիայի վերաբերյալ Թրամփի ագրեսիվ հայտարարությունները դարձան քննարկումների գլխավոր թեման։
Լուսանկարում՝ Ջարեդ Քուշներն ու Սթիվ Ուիթքոֆը/EPA
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել