Ընկերության կողմից ոչնչացվել է 327 ծառ. պետությանն ու համայնքին պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
Քննչական կոմիտեից հայտնում են, որ ընկերության կողմից ոչնչացվել է 327 ծառ. պետությանն ու համայնքին պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է։
«Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ շինարարական աշխատանքներ իրականացնող ընկերությունը 2024 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Գյուլագարակի անտառպետության տարբեր պահաբաժիններում, շինարարական տեխնիկայի կիրառմամբ, կոտրելու և արմատախիլ անելու եղանակով ոչնչացրել է պետական սեփականություն հանդիսացող տարբեր տրամագծերի 208 ծառ։
Նախաքննության ընթացքում կատարված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է նաև, որ Լոռու մարզի Գյուլագարակ բնակավայրի վարչական տարածքում նույն եղանակով ոչնչացվել է համայնքային սեփականություն հանդիսացող տարբեր տրամագծերի 119 ծառ։
Վերոնշյալ գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է խոշոր չափերի՝ 4 մլն 479 հզր ՀՀ դրամի գույքային վնաս:
Մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 387-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (ծառերը, թփերը կամ բուսածածկն ապօրինի հատելը կամ ապօրինի ձեռք բերված կոճղերը, ծառերը կամ թփերը տեղափոխելը):
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պետությանն ու Գյուլագարակ համայնքին պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է։
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,- նշված է հաղորդագրության մեջ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել