Ուիթքոֆը Մոսկվայում կհանդիպի Պուտինի հետ
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ հունվարի 22-ին նախատեսում է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
«Հինգշաբթի մենք պետք է հանդիպենք Պուտինի հետ»,- CNBC-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուիթքոֆը, որի խոսքերը մեջբերում են լրատվական գործակալությունները և լրագրողները։
Ուիթքոֆի խոսքով՝ ինքը Մոսկվա կմեկնի ԱՄՆ նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ։ Bloomberg TV-ին տված հարցազրույցում նա հավելել է, որ հանդիպման նախաձեռնությունը ռուսական կողմինն է։
Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ վաղը ՌԴ նախագահը նախատեսում է հանդիպել ամերիկյան կողմի ներկայացուցիչների հետ։ «Այո, իրոք նման շփումներ կան նախագահի վաղվա օրակարգում»,- РБК-ին ասել է ռուսաստանցի պաշտոնյան։
Վերջին մեկ տարվա ընթացքում, ինչ Դոնալդ Թրամփը զբաղեցրել է Սպիտակ տան ղեկավարի պաշտոնը, Ուիթքոֆն արդեն վեց անգամ հանդիպել է Պուտինի հետ։ Վերջին հանդիպումը կայացել էր դեկտեմբերի 2-ին Մոսկվայում, որին դարձյալ մասնակցում էր Ջարեդ Քուշները։
Պուտինն այդ հանդիպումն անվանել էր «անհրաժեշտ և օգտակար» ու պատմել, որ այն շարունակվել է հինգ ժամ, քանի որ կողմերը պետք է քննարկեին ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման առաջարկների բոլոր կետերը։
Լուսանկարը՝ Sputnik/Gavriil Grigorov/Reuters
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել