HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Աշոտյանը հերքել է 11-ամյա կամ 10-ամյա կրթական համակարգին վերադառնալու մասին լուրերը

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր վարել է ավագ դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը:

«Բոլոր խնդիրներով հանդերձ, մեզ հաջողվեց ապահովել անցումը 12-ամյա համակարգին: Անցած ուսումնական տարում մենք ունեցանք առաջին 12-րդ դասարանը: Թեև դեռևս կան բազմաթիվ չլուծված խնդիրներ, և այս փոփոխության հանրային ընկալումը միանշանակ դրական չէ, բայց հերքելով բոլոր ասեկոսեները՝ ուզում եմ շեշտել, որ 12-ամյա կրթության համակարգը հետադարձ չունի: Խոսակցություններն այն մասին, թե 12-ամյա կրթության համակարգից կրկին անցում է կատարվելու 11-ամյա կամ 10-ամյա համակարգի, ընդամենը խոսակցություններ են»,- ասել է Արմեն Աշոտյանը:

Նա հավելել է, որ դեռևս փորձարկման փուլն է, և դժվար է առայժմ հայտարարել, թե 12-ամյա կրթության համակարգը կայացել է: Այդ համակարգի առաջին շրջանավարտները կլինեն 2018 թ.:

Այս տարվանից ավագ դպրոցների աշակերտների կրթության կազմակերպման համար կառավարության կողմից հատկացվող ֆինանսավորումն ավելացել է: Սեպտեմբերի 1-ից սկսած՝ ԿԳՆ-ն խիստ վերահսկողություն կսահմանի հատկապես մայրաքաղաքի ավագ դպրոցների նկատմամբ:

«Աշակերտների բացակայությունները թաքցնելու դեպքեր հայտնաբերելու դեպքում տվյալ տնօրենը կունենա լուրջ խնդիրներ. ընդհուպ կարող է ազատվել աշխատանքից: Ավագ դպրոցի բոլոր աշակերտները պարտավոր են հաճախել դպրոց»,- ասել է Արմեն Աշոտյանը:

Նրա խոսքով՝ և կրթության կազմակերպման պատասխանատուները, և աշակերտների ծնողները երբեմն փորձում են չարաշահել ավագ դպրոցներին տրված ազատական մոտեցումները:

Անդրադառնալով ավագ դպրոցների շենքային պայմանների բարելավման խնդրին' Արմեն Աշոտյանը նշել է, որ այդ ուղղությամբ համատարած աշխատանքներ իրականացնելու և բոլոր խնդիրները միանգամից և հիմնավոր լուծելու հնարավորություն պետությունն առայժմ չունի:

Ավագ դպրոցների համալիր նորգման համար մոտավոր հաշվարկներով 120 մլն ամերիկյան դոլար կպահանջվի, ինչը պետության համար այս պահին լուրջ բեռ է: Այս փուլում պետական մոտեցումն է լուծել ավագ դպրոցների առաջնահերթ և հիմնական խնդիրները: Արմեն Աշոտյանը հույս է հայտնել, որ Համաշխարհային բանկի աջակցությամբ առաջիկա տարում կիարականցվի ավագ դպրոցների նորոգման ծրագիր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter