HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դավիթ Խաչատրյանը դադարեցնում է լիազորությունները աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնում

Դավիթ Խաչատրյանը դադարեցնում է լիազորությունները աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնում։ Այս մասին Խաչատրյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ շնորհակալություն հայտնելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, փոխվարչապետներին, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար, այժմ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանին, նախարարության գործընկերներին։

«Դադարեցնում եմ լիազորություններս ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնում։

Շնորհակալ եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ վստահության, քաղաքական աջակցության և բարեփոխումների օրակարգը առաջ տանելու հետևողականության համար։

Շնորհակալ եմ հարգարժան փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանին և Տիգրան Խաչատրյանին՝ ոլորտային պրոֆեսիոնալ համակարգման, գործընկերային ու մարդկային վերաբերմունքի համար։

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Նարեկ Մկրտչյանին, ում ոլորտային առաջնորդությամբ աշխատել ենք թիմային փոխվստահության մթնոլորտում և ում հետ միասին հաղթահարել ենք հետճգնաժամային իրավիճակները, հեղինակել և ներդրել ենք համակարգային նշանակության մի շարք նախագծեր.
- Կենսաթոշակների հետվճարի ծրագիրը,
- Սահմանամերձ գյուղերում բնակարանաշինության ծրագիրը,
- Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային աջակցության 2 ծրագրերը, որոնց շնորհիվ տեղահանված շուրջ 5,500 ընտանիք ունեցան իրենց տունը,
- Ժողովրդագրության ռազմավարությունը և դրանից բխող մի շարք ծրագրեր,
- Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագիրը,
- Կենսաթոշակների և նպաստների անկանխիկի սահուն անցման բարեփոխումները,
- Անաշխատունակության և մայրության նպաստների ռեֆորմը, որով թվայնացվեցին բոլոր գործընթացները,
- Կենսաթոշակային ռոֆորմի նախագիծը,
- Սոցիալական պաշտպանության ոլորտի թվային տասնյակ համակարգերի գործարկումը՝ ի շնորհիվ «Նորք» տեխնոլոգիական կենտրոնի պրոֆեսիոնալ թիմի։

Հպարտ եմ այն թիմով, որի հետ աշխատել եմ։ Մասնագիտական, նվիրված և արժանապատիվ մարդիկ, ովքեր ամեն օր փորձել են պետական համակարգում թողնել իրական արժեք:

Պետական ծառայությունը ինձ համար եղել է առաքելություն։ Եվ այս փուլը համարում եմ հերթական անցում դեպի նոր ձևաչափերով օգտակար լինելու հնարավորություն։

Շնորհակալ եմ նախարարության բոլոր գործընկերներիս, օրենսդիր, գործադիր, դատական իշխանության, Կենտրոնական բանկի, ինչպես նաև միջազգային և մասնավոր կառույցների գործընկերներին՝ պետության ուժեղացման գործում արդյունավետ համագործակցության համար, և սիրելի քաղաքացիներին՝ վստահության, աջակցության և համբերության համար»,- գրել է Խաչատրյանը։

Դավիթ Խաչատրյանն այս պաշտոնը զբաղեցնում էր 2020 թվականի դեկտեմբերից։

Լուսանկարում՝ Դավիթ Խաչատրյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter