HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կկատարելագործվեն հանրային գնումների ոլորտում շահերի բախման և հակակոռուպցիոն կառուցակարգերը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Գործադիրի հավանությանն է արժանացել «Գնումների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը: Օրինագծի ընդունման արդյունքում կկատարելագործվեն հանրային գնումների ոլորտում շահերի բախման և հակակոռուպցիոն կառուցակարգերը: Օրինագծերով՝ առաջարկվում է սահմանել «շահերի բախում» և «փոխկապակցված մասնակից» հասկացությունները: Կառավարությանը նախատեսվում է վերապահել պետության կողմից ստեղծված հիմնադրամների գործադիր մարմնի ղեկավարներին ազդեցության 2-րդ և 3-րդ մակարդակներում ներառելու և (կամ) մակարդակները բարձրացնելու իրավասություն: Առաջարկվում է ազդեցության 3 մակարդակ.

• 1-ին մակարդակում ներառվող պաշտոնատար անձանց հետ շահերի բախում ունեցող կազմակերպությունները չեն կարող մասնակցել գնման գործընթացներին: Այս մակարդակում պարտադիր ներառվում են Հանրապետության նախագահը, Ազգային Ժողովի նախագահը, Վարչապետը, Փոխվարչապետերը, ՖՆ նախարարը և վերջինիս այն տեղակալը, որը համակարգում է գնումների քաղաքականության մշակման աշխատանքները.

• 2-րդ մակարդակում ներառվող պաշտոնատար անձանց հետ շահերի բախում ունեցող կազմակերպությունները չեն կարող մասնակցել տվյալ պատվիրատուի և վերջինիս կառավարմանը հանձնված առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների կողմից կազմակերպվող գնման գործընթացներին: Այս մակարդակում պարտադիր ներառվում են վարչական և քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք (բացառությամբ Ազգային ժողովի պատգամավորների և համայնքի ավագանու անդամների), գլխավոր դատախազը և նրա տեղակալները, քննչական մարմինների ղեկավարներն ու նրանց տեղակալները, գլխավոր քարտուղարները.

• 3-րդ մակարդակում ներառվող պաշտոնատար անձանց հետ շահերի բախում ունեցող կազմակերպությունները չեն կարող մասնակցել տվյալ պատվիրատուի կողմից կազմակերպվող գնման գործընթացներին: Ազդեցության այս մակարդակում պարտադիր ներառվում են անկախ պետական մարմինների և ինքնավար մարմինների անդամները, այդ թվում՝ Կենտրոնական բանկի նախագահը և նրա տեղակալները, Մարդու իրավունքների պաշտպանը:

Նախագծով առաջարկվում է սահմանափակել նշված անձանց հետ փոխկապակցված ընկերությունների՝ գնման գործընթացներին մասնակցելու հնարավորությունը, սահմանելով, որ մասնակիցը հայտով կներկայացնի հայտարարություն պաշտոնյաների հետ փոխկապակցվածության բացակայության մասին:

Ինչպես նշել է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Կառավարությանը վերապահվում է գնման գործընթացների վրա պաշտոնյաների ազդեցության մակարդակի բարձրացման դեպքերը սահմանելու իրավասություն՝ վերջիններիս՝ գնումների գործընթացի վրա փաստացի կամ հնարավոր ազդեցություններից ելնելով, և պետությունների կողմից ստեղծված հիմնադրամների, գործադիր մարմնի ղեկավարներին ազդեցության երկրորդ կամ երրորդ մակարդակներում ներառելու և մակարդակները բարձրացնելու իրավասություն: Կարգավորումներն ուժի մեջ կմտնեն 2027 թվականի հունվարի 1-ից:

Թեմայի շուրջ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, ներկայացվել են մի շարք հարցադրումներ, դիտարկումներ և առաջարկություններ:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորել է ընդունված որոշումը և ընդգծել օրինագծերի վերաբերյալ Կառավարության նիստում բարձրացված հարցերը Ազգային ժողովում մանրամասն քննարկելու անհրաժեշտությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter