HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սիրվարդ Բաբալարյան. «Զարմացա, որ Աստծո անունը տալիս են»

«Բրեժնեւի ժամանակ էնքան ձանձրալի էր, որ լճացում ասում էին՝ լճացում, լճացում, միշտ ասում էի՝ տեսնես, որ Բրեժնեւը չլինի, հետո ինչ ա լինելու»,-հիշում է Սիրվարդ Բաբալարյանը։ 

Նա ապրում է Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում։ Երկար տարիներ եղել է դպրոցի գրադարանավարը։ Այժմ թոշակառու է։ Դժգոհ չէ, որ կյանքը կիսվել է երկու ժամանակաշրջանների եւ երկու հասարակարգերի միջեւ։ 

Խորհրդային տարիներին գրադարանավարի աշխատանքը, կարելի է ասել, գաղափարական էր։ Պետք է նշեին սովետական բոլոր տոները, չմոռանային հատկապես մեծ առաջնորդի ծննդյան օրը. «Համո Սահյանը Վլադիմիր Իլյիչ Լենինին նվիրված մի բանաստեղծություն ունի՝ «Աշխարհում ապրել նրա պես, նրա պես լինել հասարակ»։ Շատ էի սիրում էդ բանաստեղծությունը, բայց հետո հասկացա, որ երեւի պարտադրված է գրել»։

Հարցին՝ «Եկեղեցի գնո՞ւմ էիք», բացասական պատասխան է տալիս, ասում՝ գործող եկեղեցիներ չկային, մի մասը վերածել էին պահեստների, մյուս մասն էլ ավերված էին։ «Մեր դպրոցի տնօրենը երիտասարդ կին էր, մի շատ լավ առաջնորդի կին, 2004 թվականին առաջին անգամ իր հետ գնացինք մեր գյուղի Հռիփսիմե եկեղեցին մաքրելու։ Դա իր մտահղացումն էր։ Ինքը խաչակնքեց։ Ճիշտն ասած, մտքումս ասում էի՝ ո՞նց ա ինքը սենց բան անում։ Թեեւ փոքր ժամանակ տատիկս սովորեցրել էր «Հար մեր»-ը ու մեխանիկորեն էդպես անգիր գիտեի»։

Երկրորդ անգամ այսպես զարմացել է, երբ արդեն Գորբաչովի օրոք հեռուստացույցով լսել է ԽՍՀՄ այցելած ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի խոսքը. «Ճաշկերույթի ժամանակ ինքը ամբիոնի մոտ որ խոսում էր, ասաց՝ Աստված պահապան բոլորիդ, խաղաղություն աշխարհին, այ էդ ժամանակ էլ զարմացա, որ Աստծո անունը տալիս են»։

Բայց Սիրվարդ Բաբալարյանի համար զարմանալին միայն դա չէր, այլ որ ԱՄՆ- նախագահը խոսում էր խաղաղության մասին։ «Ամերիկային միշտ մտքով հեռակա ատում էինք, մեզ թվում էր, թե աշխարհի բոլոր դժբախտությունները գալիս են Ամերիկայից։ Էդ ելույթը որ լսեցի, ասում եմ՝ մեր Սովետական Միությունը չի՞, որ ամենաշատը ուզում ա խաղաղություն լինի, որ ուզում ա մարդիկ երջանիկ ապրեն, այ էդ ժամանակ էլ մտածեցի, որ գուցե մեր պետությունը կեղծ պետություն ա»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter