Երևանում կանցկացվի բնության գրկում և կոթողների հարակից տարածքներում կուտակված աղբի մաքրման ակցիա
Սեպտեմբերի 15-ին Երևանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ նախատեսվում է անցկացնել բնության գրկում և պատմամշակութային վայրերի ու կոթողների հարակից տարածքներում կուտակված աղբի մաքրման մեկօրյա ակցիա: Այս ակցիան այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ քննարկել է ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը:
Ակցիան առաջարկել է անցկացնել «Մենք կարող ենք» նախաձեռնությունը: Դեսպանը նշել է, որ նախաձեռնության հեղինակները երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ են: «Երիտասարդ կենսաբաններ» ասոցիացիայի նախագահ Արսեն Գասպարյանը, ով ուղեկցում էր դեսպանին, քաղաքապետին է ներկայացրել ակցիայի մանրամասները:
Կամավորական այս ակցիան արդեն բավականին տարածվել է աշխարհում և քաղաքապետարանի հետ համատեղ հաջողությամբ կիրականացվի նաև Երևանում: Ակցիային մասնակցելու պատրաստակամություն են հայտնել ավելի քան 40 հասարակական կազմակերպություն, մի շարք միջազգային կառույցներ և դիվանագիտական ներկայացուցչություններ:
Քաղաքապետը վստահեցրել է, որ նախատեսված տարածքների մաքրման աշխատաքներում կներգրավվեն նաև Երևանի սան. մաքրման ձեռնարկություններն ու քաղաքապետարանի ենթակայության այլ կառույցները: Քաղաքապետարանն ակցիայի մասնակիցներին կտրամադրի անհրաժեշտ բոլոր պարագաները: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել