Կոռուպցիան համակարգում տեղ չունի. ՊԵԿ նախագահի ուղերձը ստորաբաժանումներին
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը, կոռուպցիայի դեմ պայքարի գործողությունների համակարգման նպատակով, հանդիպել է հարկային և մաքսային ստորաբաժանումների ղեկավար անձնակազմի հետ: ՊԵԿ նախագահն ընդգծել է կոռուպցիոն երևույթների դեմ իր անզիջում դիրքորոշումը և դրա դեմ պայքարը շարունակելու անհրաժեշտությունը՝ շեշտելով, որ կոռուպցիոն որևէ դրսևորում չի մնալու անարձագանք: «Կոռուպցիան և ստվերը չարիք են, և մենք այդ չարիքի դեմ անխնա պայքար ենք մղում», - ընդգծել է Հակոբյանը: Այս մասին հայտնում է ՊԵԿ լրատվական ծառայությունը։
Կոմիտեի նախագահը վերջին շրջանում ՊԵԿ-ում տեղի ունեցող գործընթացները համեմատել է օրգանիզմում ջերմության միջոցով կազդուրման հետ: Նրա խոսքով՝ ջերմությունը համակարգի առողջացման նշան է և այդ առողջացումն ունի խորքային պատճառներ: Պատճառներից մեկը համակարգի զգալի ձեռքբերումներն են: Նա առանձնացրել է հարկ վճարողների հետ համատեղ պետբյուջեի մուտքերի ապահովումը և ստուգումների քանակի նվազումը՝ նշելով, որ դա վկայում է վարչարարության արդյունավետության էական փոփոխության մասին։ «Պարզ է, որ նման իրավիճակում հայտնվում են մարդիկ, ովքեր փորձում են ցեխ շպրտել մեր հաջողությունների և ձեռքբերումների վրա»,– ընդգծել է Կոմիտեի ղեկավարը՝ հավելելով, որ 2025 թվականի արդյունքներով ՊԵԿ-ը բարեփոխումների ցուցանիշով առաջատար կառույցներից է։
Էդուարդ Հակոբյանը խոսել է մաքսանենգության և ստվերի խոշոր բացահայտումների մասին, որոնք, նրա խոսքով, ևս անհանգստացրել են նեղ անձնական շահերով առաջնորդվող տարբեր շրջանակների. «Բարեփոխումների անշեղ ընթացքը որևէ մեկը չի կարող կանգնեցնել, թե համակարգի ներսում և թե դրսում», - վստահեցրել է նա՝ ընդգծելով, որ համակարգում իրավիճակն ամբողջությամբ կառավարելի է:
Կոմիտեի նախագահն իր աջակցությունն է հայտնել ստորաբաժանումներին՝ հորդորելով շարունակել մարդակենտրոն և արդար մոտեցումներով բարեփոխումների անշեղ ընթացքը: Հակոբյանն ընդգծել է, որ ՊԵԿ-ում կոռուպցիոն երևույթների բացահայտումների գերակշիռ մասն իրականացվել է համակարգի ներքին վերահսկողական մեխանիզմների կիրառման շնորհիվ, որը ևս վկայում է համակարգի առողջացման գործընթացի մասին: Հակոբյանը կարևորել է, որ յուրաքանչյուրն անհրաժեշտ կամք և վճռականություն դրսևորի կոռուպցիայի դեմ պայքարում և բարձրաձայնի նմանատիպ դեպքերի մասին: «Ցանկացած աշխատակցի կոռուպցիոն դրսևորում իր անմիջական ղեկավարների հարցն ու պատասխանատվությունն է»,-նշել է Հակոբյանը՝ շնորհակալություն հայտնելով խնդիրների բացահայտմանը հետամուտ եղած, դրանց մասին բարձրաձայնած աշխատակիցներին:
Էդուարդ Հակոբյանը վերահաստատել է մի շարք սկզբունքներ, որոնք պետք է ընկած լինեն ՊԵԿ-ում ձևավորվող արժեհամակարգի հիմքում: Նրա խոսքով՝ չի հանդուրժվելու միջակությունը և հին կարծրատիպերի դրսևորումները, իսկ մարդակենտրոնությունն ու մարդկային արժեքները լինելու են առաջնային: Հակոբյանն ընդգծել է, որ Հայրենիքի զարգացմանը նվիրումը պետք է նկատվի յուրաքանչյուր գործողության մեջ, իսկ կոռուպցիոն և անօրինական ցանկացած երևույթ կստանա կոշտ արձագանք:
ՊԵԿ նախագահը հայտարարել է առաջիկայում սպասվող կադրային էական փոփոխությունների մասին՝ նշելով, որ համակարգը մինչև վերջ կանգնած է նշված սկզբունքները պահպանող աշխատակիցների կողքին. «Սակայն, ցավոք սրտի, աստիճանաբար, մեզ պետք է լքեն դրանց համար շանս ունեցած, բայց չդրսևորած աշխատակիցները»,-զգուշացրել է Հակոբյանը:
ՊԵԿ նախագահը կարևորել է արդար և թափանցիկ հարկային և մաքսային միջավայրի ձևավորումը, հարկ վճարողների կամավոր կարգապահության խթանումը և քաղաքացիներին ու բիզնեսին՝ հանուն Հայաստանի առաջանցիկ զարգացման ծառայելը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել