Սիրիացի քրդերի իշխանության փլուզման դասերը Հայաստանի համար
Ալեք Ենիգոմշյան
Հյուսիսարևելյան Սիրիայում քրդական ինքնավարության արագ ապամոնտաժումը Հայաստանի համար հեռավոր դրվագ չէ, այլ ռազմավարական առումով մոտ և զգուշացնող օրինակ։ Այն, ինչ տեղի ունեցավ մի քանի օրերի ընթացքում՝ ավելի քան մեկ տասնամյակ գոյություն ունեցած քաղաքական և ռազմական իրականության հանկարծակի ավարտը, սեղմ ու խտացված դաս է այն մասին, թե ինչպես է իշխանությունն աշխատում հետհեգեմոնիկ միջազգային համակարգում, որտեղ արդեն չկա համաշխարհային մեկ հեգեմոն ուժ, իսկ տարածաշրջանային ուժերն իրենց դրսեւորում են ավելի ինքնավստահ ու մարտական: Դա դաս է այն մասին, թե ինչպես են վերաբերվում փոքր, խոցելի դերակատարներին, երբ տարածաշրջանային և համաշխարհային շահերը վերադասավորվում են։
Ի՞նչ տեղի ունեցավ Հյուսիսարևելյան Սիրիայում
Ավելի քան տասը տարի քրդերի առաջնորդած Սիրիայի ժողովրդավարական ուժերը (SDF) վերահսկում էին Հյուսիսարևելյան Սիրիայի լայն տարածքներ։ Այդ ինքնավարությունը ձեւավորվեց բացառիկ պայմաններում՝ պետական փլուզում, քաղաքացիական պատերազմ և «Իսլամական պետության» վերելք։ Միացյալ Նահանգները զինեց, պատրաստեց և քաղաքականորեն պաշտպանեց քրդերին ոչ թե քրդական ինքնիշխանության հանդեպ հանձնառությունից ելնելով, այլ որովհետեւ նրանք ամենաարդյունավետ տեղական գործիքն էին ԻՊ-ի դեմ պայքարում։ Քրդական ինքնավարությունը, այդպիսով, իրական էր, կայուն և նրա վերացումը՝ թանկ հաճույք, բայց միեւնույն ժամանակ նրա գոյությունը պայմանական էր։
Դրա հանկարծակի փլուզումը պայմանավորված չէր մեկ ռազմական պարտությամբ, այլ՝ որոշումների համընկմամբ։ Թուրքիան, որը վաղուց դեմ էր իր սահմանների մոտ ցանկացած քրդական քվազիպետության, վճռականորեն գործեց այն պահին, երբ պարզ դարձավ, որ Վաշինգտոնը չի գնալու էսկալացիայի։ Դամասկոսը, օգտվելով տարածաշրջանային լուռ համաձայնությունից, վերականգնեց վերահսկողությունը։ Իսկ Միացյալ Նահանգները, թեեւ պահպանելով ռազմական ներկայությունը, ընտրեց չպարտադրել այն քաղաքական արդյունքը, որի ձեւավորման մեջ նախկինում էական դեր էր ունեցել:
Սա ոչ դավադրություն էր, ոչ էլ՝ պատահական դավաճանություն։ Սառը ռեալ-պոլիտիկում դա արտացոլում էր ԱՄՆ քաղաքականության մի փոփոխություն, որը տարիներ շարունակ հասունանում էր։ Վաշինգտոնը դեռեւս հզոր է, բայց ավելի ընտրողական։ Այն պահպանում է լծակները բարձրակարգ առաջնահերթությունների համար, զոհաբերում երկրորդական գործիքները և այլեւս չի պարտադրում արդյունքներ ամենուր։ Քրդերը տակտիկական առումով անփոխարինելի էին, բայց ռազմավարական առումով՝ ոչ. նրանք դարձան փոփոխվող ծախս-օգուտ չոր հաշվարկների զոհ։
Նշանակությունը Հայաստանի համար
Այն, ինչ տեղի է ունենում՝ հեգեմոնիկ կարգապահության թուլացման պայմաններում շահերի համակարգված, բայց թույլ կոորդինացված համընկնում է: Գլոբալ ուժերի համար ոչ առաջնային նշանակության աշխարհագրություններում, տարածաշրջանային ուժերը գործում են առաջինը, իսկ գլոբալ տերությունները որոշում են, թե որ կորուստներն են ընդունելի։ Այսպես են գործում հետհեգեմոնիկ համակարգերը։
Հայաստանի համար դրա համապատասխանությունն անմիջական է։ Հարավային Կովկասն այսօր հենց այնպիսի թատերաբեմ է, որտեղ այս դինամիկաները դրսեւորվում են առավելագույն անհամաչափությամբ։
Նման համակարգերում մեծ տերությունները չեն պաշտպանում իրենց գործընկերներին, եթե առանցքային շահ վտանգված չէ։ Նորմերն ու երաշխիքները պայմանական են և կարող են հետ կանչվել։ Կորուստները կառավարվում են, այլ ոչ թե կանխվում։ 2020 թվականից ի վեր Հարավային Կովկասը գնալով ավելի հստակ է համապատասխանել այս տրամաբանությանը։
Տարածաշրջանային մակարդակում վճռորոշ ուժը Թուրքիա–Ադրբեջան առանցքն է, որը փաստացի գործում է որպես միասնական ռազմավարական համալիր։ Այն ռևիզիոնիստական է, հարձակողական և ժամանակային առավելություն ունեցող՝ հետապնդելով միջանցքային տրամաբանություն, ռազմական ինտեգրում և աշխարհաքաղաքական շարունակականություն։ Այս առումով Թուրքիայի դերը Կովկասում հիշեցնում է նրա դերը Հյուսիսային Սիրիայում։
Ռուսաստանը, մինչդեռ, այլեւս շրջանը վերահսկող պաշտպան չէ, այլ՝ նվազող կարողություններով արբիտր։ Այն ընտրողաբար չի դավաճանել Հայաստանին, այլ վերադասավորել է իր առաջնահերթությունները սահմանափակումների պայմաններում։ Չունենալով էսկալացիայի ռեսուրս և խուսափելով Թուրքիային ուղղակիորեն հակադրվելուց՝ բացի կենսական շահերի դեպքերից, Մոսկվան հանդուրժում է անբարենպաստ արդյունքները՝ ավելի ցածր գնով մնացորդային ազդեցություն պահպանելու համար, ինչպես դա արեց Սիրիայում։
Իրանը մնում է ներկա, բայց զգուշավոր։ Այն հավասարակշռող է, ոչ՝ երաշխավոր։ Թեեւ սկզբունքորեն դեմ է թուրքական միջանցքային նախագծերին, խուսափում է դիմակայությունից, քանի դեռ չեն խախտվում իր կարմիր գծերը՝ տարածքային ամբողջականությունը կամ հաղորդակցային ուղիները։
Ինչ վերաբերում է Արեւմուտքին, ապա Սիրիայի հետ զուգահեռն այստեղ ամենաուղիղն է։ ԱՄՆ-ն և ԵՄ-ն ներգրավված են հռետորաբանորեն, ֆինանսավորում են բարեփոխումները և առաջ են մղում «կապակցվածությունը», սակայն խուսափում են հարկադրական կիրառությունից։ Ինչպես Վաշինգտոնը չկռվեց քրդական ինքնավարության համար, երբ դրա օգտակարությունը նվազեց, այնպես էլ չի կռվի Հայաստանի կոշտ անվտանգության շահերի համար Թուրքիա–Ադրբեջան առանցքի դեմ։ Սա թշնամանք չէ, այլ հիերարխիկ անտարբերություն։
Այս կառուցվածքի ներսում Հայաստանի դիրքն, իհարկե, շատ աննպաստ է, բայց՝ պարզ։ Հայաստանն այսօր հիշեցնում է Սիրիայի քրդերին ԻՊ-ի պարտությունից հետո՝ նորմատիվորեն գրավիչ, խոսույթում ռազմավարական տեսանկյունից օգտակար, ռազմականորեն մեկուսացված և կառուցվածքային առումով փոխարինելի՝ որպես որոշում կայացնող դերակատար։ Հայաստանն առանցքային շահ չէ ոչ մի մեծ տերության համար՝ ոչ ԱՄՆ-ի, ոչ ԵՄ-ի, ոչ Ռուսաստանի, ոչ անգամ Իրանի։ Սա չի նշանակում, որ Հայաստանն անկարեւոր է. դա նշանակում է, որ այն ուրիշների համար պատերազմի արժանի չէ։
Արդյունքում Հայաստանը մղվում է «կառավարվող ինտեգրման» ուղղությամբ՝ Անկարայի և Բաքվի հետ հարաբերությունների կարգավորում, կապակցվածություն, հաղորդակցությունների ապաշրջափակում, սահմանափակումների ներքո խաղաղության պայմանագրեր։ Սրանք չեզոք գործընթացներ չեն։ Դրանք այն մեխանիզմներն են, որոնց միջոցով ավելի ուժեղ տարածաշրջանային դերակատարները ձեւակերպում են ձեռքբերումները, իսկ մեծ տերությունները լեգիտիմացնում են այն արդյունքները, որոնք չեն կանխել։
Դասեր Հայաստանի համար
Սյունիքն այս համատեքստում զբաղեցնում է նույն կառուցվածքային դիրքը, ինչ ժամանակին Հյուսիսարևելյան Սիրիան։ Այն ռազմավարական առումով կենտրոնական է, մշտապես քննարկվող և ռազմականորեն խոցելի։ Բայց վճռորոշ կերպով այն նաեւ այն կետն է, որի միջոցով հենց Հայաստանը ենթակա է դառնալու դիվանագիտականորեն աբստրակցված։ Արտաքին դերակատարների մեծ մասը նախընտրում է կայունություն, տարանցում և կանխատեսելիություն՝ առավելագույն հայկական ինքնիշխանության փոխարեն, ինչպես Սիրիայում քրդական ինքնավարությունն էր հակասում տարածաշրջանային նախապատվություններին։
TRIPP-ի նման նախաձեռնությունները պետք է հասկանալ այս տրամաբանության մեջ՝ որպես գործիքներ, որոնց միջոցով հետհեգեմոնիկ կարգը փորձում է կանոնակարգել այն արդյունքները, որոնք չի ցանկանում կամ չի կարող պարտադրել կամ շրջել։
Հետեւությունը շատ խիստ է։ Հայաստանը չի կարող հենվել երաշխիքների վրա, սպասել միջամտության, սառեցնել ստատուս քվոն կամ դաշնակցային մրցակցությամբ հաղթահարել տարածաշրջանային ուժերին։ Այս ենթադրությունների վրա կառուցված ցանկացած ռազմավարություն կձախողվի։ Այն, ինչ Հայաստանը կարող է տարածաշրջանային առանցքի նկրտումների նկատմամբ անել, ավելի նեղ է, բայց ոչ աննշան․ բարձրացնել հարկադրանքի տեղական գինը, բարդացնել ժամանակացույցերը, մտցնել անորոշություն և այդպիսով կանխել պարտադրված արդյունքների արագ ամրագրումն ու «մաքուր» լեգիտիմացումը։
Սա չի նշանակում քաոս կամ կարգի մերժում։ Սա նշանակում է իր գործողությունները կանխատեսելու հնարավորությունից զրկել ախոյան տարածաշրջանային առանցքին, ով ապավինում է արագությանը, կատարված փաստին և արտաքին լուռ համաձայնությանը։ Հայաստանը պետք է խուսափի «կարգի խոչընդոտ» պիտակավորվելուց, միաժամանակ հրաժարվելով դառնալ ուրիշների կողմից սահմանված «կարգի» պասիվ օբյեկտ։
Հայաստանը պետք է կարողանա իրեն ներկայացնել որպես կայունության համար անփոխարինելի, տարանցման մեջ՝ անշրջանցելի և շրջանցման դեպքում՝ թանկ արժեցող։ Դա' է նրա մարտահրավերը: Այն պետք է օգտագործի մրցակցությունները՝ առանց պատրանքների միջեւ ընտրություն կատարելու: Հետհեգեմոնիկ աշխարհում պատրանքները հաճախ թշնամուց արագ են սպանում:
Հայաստանը պետք է հավասարակշռի․
– Իրանն ընդդեմ Թուրքիայի,
– Ռուսաստանն ընդդեմ Թուրքիայի,
– Արեւմուտքնը ընդդեմ այլ (Հարավ-Հյուսիս) հաղորդուղիներ բացառող միջանցքային տրամաբանության,
—բայց առանց պաշտպանության ակնկալիքի։
Երբ մեծ տերությունները դադարում են պարտադրել արդյունքներ, տարածաշրջանային ուժերն են որոշում։ Իսկ երբ տարածաշրջանային ուժերն են որոշում, փոքր դերակատարները դիմանում են միայն ռազմավարական իրատեսության շնորհիվ: Սիրիայի քրդերը պարտվեցին ոչ թե որովհետեւ սխալ էին, այլ որովհետեւ նրանց պաշտպանությունը պայմանական էր։ Հայաստանն այսօր կանգնած է նույն կառուցվածքային պայմանների առաջ։ Ինքնիշխանությունը դատապարտված չէ, բայց այն լինելու է նեղ, բանակցված և դժվարությամբ ձեռք բերված:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել