Կառավարությունը չի գտնում հողամասի դիրքը բնության մեջ
«Մարտունու պանրագործարան» ԲԲԸ-ի տնօրեն Թաթուլ Բաղդասարյանը ապրիլի 28-ին «Հետքի» միջոցով բաց նամակով դիմել էր վարչապետ Տիգրան Սարգսյանին: Գործարանի սեփականատերը դժգոհում է, որ մի շարք պետական ատյաններ փաստաթղթեր են կեղծել եւ արդյունքում ընկերությանը փաստացի զրկել իր սեփականությունն օգտագործելու եւ տնօրինելու իրավունքից:
Հիշեցնենք, որ այս գործում ակտիվ դերակատարում ունի գեներալ Հայկազ Բաղմանյանը: Նրա որդին` Պավել Բաղմանյանը, ընկերությանը պատկանող հողատարածքի վրա կառուցել է գազալցակայան` խոստանալով, որ այն կաշխատեցնեն պանրագործարանի սեփականատիրոջ հետ համատեղ, սակայն հետագայում զղջացել է եւ որոշել ինքնուրույն տնօրինել շահույթը, թեեւ գազալցակայանի թույլտվության բոլոր փաստաթղթերը վերցրել է Թաթուլ Բաղդասարյանը:
Պավել Բաղմանյանը 2009 թ. դիմել էր դատարան` ընկերությանը պարտադրելով իր հետ կնքել 99 տարի ժամկետով վարձակալության պայմանագիր, ինչից հետո էլ սկսվեց դատական գործընթացների անվերջանալի շարանը: Պետական մարմինները գեներալի որդու օգտին կայացրած` իրար հակասող որոշումներով ու դատարանի վճիռներով ԲԲԸ-ի սեփականատիրոջը զրկում են սեփականությունից:
Կառավարությունն արձագանքել է Թաթուլ Բաղդասարյանի բաց նամակին: ՀՀ վարչապետի հանձնարարությամբ իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Մարտունու պանրագործարան» ԲԲԸ-ի եւ ՀՀ պետական ունեցվածքի հաշվառման եւ ապապետականացման վարչության միջեւ 10.06.1997 թ. կնքված 617-2 սեփականաշնորհման պայմանագրով, Մարտունու եւ Յաղնիի պանրագործարանների գույքը վաճառվել է Թ. Բաղդասարյանին, իսկ հողատարածքները` համապատասխանաբար 4 եւ 2 հա, թողնվել են որպես պետական սեփականություն:
Հետագայում «Մարտունու պանրագործարան» ԲԲԸ-ի կողմից 2003 թ. մարտի 30-ին կատարվել է գույքի պետական գրանցում, տրվել է անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայական, որում Մարտունու պանրագործարանի հողամասի չափը նշված է 6,0 հա, այն դեպքում, երբ սեփականաշնորհված Յաղնիի պանրագործարանի 2 հա հողատարածքը գտնվում է Մարտունի քաղաքից 20 կմ հեռավորության վրա, եւ այդ տարածքը որեւէ կերպ չէր կարող վերաբերել Մարտունի քաղաքի Աբովյան 1 հասցեում գրանցված Մարտունու պանրագործարանին:
Նշված 6,0 հա հողամասի իրավունքի տեսակը գրանցվել է որպես վարձակալություն, իսկ 04.10.2005 թ. N199-Ն ՀՀ օրենքի ընդունումից հետո (23-րդ հոդվածի համաձայն) 3,7 հա-ը վերաձեւակերպվել է որպես սեփականություն:
Սակայն, ՀՀ անշարժ գույքի կադաստրի Մարտունու տարածքային ստորաբաժանումը պետական գրանցման հիմք հանդիսացող թիվ 3-1 գրանցամատյանում սեփականության իրավունքով տրամադրված հողատարածքի չափը գրանցել է 2,3 հա (Մարտունու պանրագործարանի փաստացի զբաղեցրած պարսպապատ տարածքը):
Ըստ Կառավարության` հողատարածքների չափերի վերաբերյալ գրանցամատյանի եւ սեփականության վկայականի միջեւ անհամապատասխանություն թույլ տալու համար, պետական գրանցման գործառույթներ իրականացրած անձինք` Մարտունու ստորաբաժանման ղեկավար Սամվել Ստեփանյանը եւ գրանցման բաժնի պետ Ռազմիկ Կարապետյանը, ազատվել են աշխատանքից:
«Նշված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի կողմից կայացվել է վճիռ, որով մերժվել է «Մարտունու պանրագործարան» ԲԲԸ-ի սեփականատեր Թ. Բաղդասարյանի` ՀՀ անշարժ գույքի պետական կադաստրին 6,0 հա հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցելուն պարտավորեցնելու մասին հայցը եւ իրավաչափ է ճանաչվել ՀՀ կառավարության 26.01.2006 թ. N135-Ն որոշումը` պետական սեփականություն հանդիսացող հողամասերը Մարտունի քաղաքային համայնքին անհատույց փոխանցելու մասին:
Վճռով իրավաչափ է ճանաչվել նաեւ Մարտունի համայնքի ավագանու 11.12.2009 թ. N136 որոշումը, որով Մարտունու Աբովյան 1 հասցեում համայնքային սեփականություն հանդիսացող 0,6 հա տարածքի վրա «Պավել եւ ընկերներ» ՍՊԸ-ի կողմից ինքնակամ կառուցված գազալցակայանի շինությունները ճանաչվել են համայնքային սեփականություն եւ մուտքագրվել քաղաքապետարանի հաշվեկշիռ»,-ասված է Կառավարության պատասխանում:
Մինչդեռ Թաթուլ Բաղդասարյանը պնդում է, որ 1997 թ. ընկերությունը սեփականաշնորհել է Մարտունի քաղաքի Աբովյան 1 հասցեում գտնվող 4 հա հողատարածքը` ծանրաբեռնված շինություններով: Այդ տարիների ընթացքում ինքը վճարել է 4 հա-ի համար սահմանված բոլոր հարկերը, իսկ Մարտունու քաղաքապետը բազմիցս իր գրություններով հաստատել է, որ քաղաքապետարանի հաշվեկշռում համայնքին պատկանող արդյունաբերական հող չկա: Թ. Բաղդասարյանի խոսքերով` Կառավարությունը հայտնվել է մոլորության մեջ, քանի որ 2001 թ. ուժի մեջ մտած «Հողային օրենսգրքի» 118-րդ հոդվածով սահմանվում է, որ օրենքով սահմանված կարգով տրամադրված հողամասերի չափերը օրենսգրքի ընդունումից հետո ենթակա չեն վերանայման, իսկ 04.10.2005 թ. ընդունված 199-Ն օրենքի 23-րդ հոդվածի համաձայն` հողամասը ընկերությանը փոխանցվել է որպես սեփականաություն:
«Այդ ինչպե՞ս եղավ, որ սեփական հողամասն ու առկա շինությունները մեկ տարի հետո` 2006 թ., Կառավարությունը փոխանցեց համայնքին: Բա ո՞ւր մնաց Սահմանադրությամբ ամրագրված իմ սեփականության իրավունքը: Կառավարությունը ո՞ր իրավունքով ինձ զրկեց սեփականությունից»,- հարցնում է ԲԲԸ-ի սեփականատեր Թաթուլ Բաղդասարյանը:
Նրա ասելով, այստեղ գործ ունեն ոչ թե կոռուպցիոն ռիսկի, այլ արմատական կոռուպցիայի հետ, քանի որ փաստաթղթեր կեղծած պաշտոնյաները չեն ենթարկվել քրեական պատասխանատվության: Ինչ վերաբերում է կադաստրի Մարտունու ստորաբաժանման երկու աշխատակցի հեռացմանը, ըստ Թ. Բաղդասարյանի` նրանք հեռացվել են բոլորովին այլ պատճառով, ոչ իր գործի հետ կապված:
Նշենք, որ Վճռաբեկ դատարանի կայացրած վճռում նշված է, որ Կառավարության 26.01.2006 թ. թիվ 135-Ն որոշման իրավաչափության հարցն անտեսվել է այն պատճառաբանությամբ, որ այն չի բողոքարկվել: Այժմ Թ. Բաղդասարյանը բողոքարկում եւ պահանջում է Կառավարությունից իր իսկ ընդունած որոշումը մասնակի անվավեր ճանաչել:
Նշենք, որ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը այս տարվա հունվարի 31-ին գրավոր պատասխանել է Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանին` տեղեկացնելով, որ ներկայացված փաստաթղթերով հնարավոր չէ պարզել պանրագործարանին հատկացված 4.0 հա հողամասի դիրքը բնության մեջ, ուստի առաջարկում է բարձրացված հարցը լուծել դատական կարգով: Թ. Բաղդասարյանը համոզված է, որ Կառավարությանը ապատեղեկացնում է կադաստրը:
Թե երբ կավարտվի այս գործով դատական թնջուկը` հայտնի չէ: Հունիսի 15-ին Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (ք. Մարտունի) քննվելու է գեներալի որդու հայցն ընդդեմ պանրագործարանի:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել