HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Չօգտագործվող հողերի ու դրանց սեփականատերերի վերաբերյալ տվյալները կհավաքագրվեն

Էկոնոմիկայի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Կառավարության որոշման նախագիծ, որով նախատեսվում է հավաքագրել չօգտագործվող հողերի վերաբերյալ տվյալները։ Նախատեսվում է չօգտագործվող հողերի վերաբերյալ տվյալներն արտացոլել ազգային գեոպորտալի քարտեզագրական համակարգում։ Վերջինում տեղեկություններ են լինելու հողօգտագործողի և սեփականատիրոջ, նաեւ՝ հողամասի մասին՝ գտնվելու վայրը, կադաստրային ծածկագիրը, հողատեսքը, մակերեսը, հողամասի նկատմամբ գրանցված իրավունքների տեսակը, հողամասը որպես չօգտագործվող հող դասակարգելու չափանիշը, հողամասի չօգտագործման պատճառները, դիտարկման վերաբերյալ տվյալները (դիտարկման ժամկետը, նկարներ և այլ տվյալներ):

Ըստ «Գյուղատնտեսական նշանակության հողերը որպես չօգտագործվող հողեր դասակարգելու չափանիշները և դրանց հաշվառման կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագծի՝ նշված տվյալների հավաքագրումը հնարավորություն կտա տեղական ինքնակառավարման մարմիններին և Էկոնոմիկայի նախարարությանը ստեղծել և վարել գյուղատնտեսական նշանակության չօգտագործվող հողերի վերաբերյալ թեմատիկ տարածական շերտեր և դրանք ինտեգրել ազգային գեոպորտալին՝ Կառավարության սահմանած ուղեցույցների և ազգային ստանդարտների պահանջներին համապատասխան։

Գյուղատնտեսական նշանակության վարելահողերը, ըստ նախագծի, կհամարվեն չօգտագործվող, եթե տվյալ տարվա ընթացքում ամբողջությամբ չզբաղեցվեն գյուղատնտեսական մշակաբույսերով: Չօգտագործվող հողերին վերաբերող տարածական շերտը ներկայացվում է պոլիգոնային և կետային տեսքով՝ նշելով արտաքին նույնականացուցիչ, մարզի, համայնքի, բնակավայրի անվանում, ոռոգման վերաբերյալ տվյալներ և այլն։

«Նախագծի իրագործումը կնպաստի գյուղատնտեսական նշանակության չօգտագործվող հողերի վերաբերյալ տվյալների կառավարման համակարգված և միատեսակ մոտեցման ձևավորմանը, որն էլ իր հերթին էական դրական ազդեցություն կունենա գյուղատնտեսական նշանակության հողերի, մասնավորապես՝ վարելահողերի արդյունավետ օգտագործմանն ուղղված քաղաքականության իրականացման, ներդրումային գործունեության խթանման, չօգտագործվող հողերը շրջանառության մեջ ներգրավման կամ անարդյունավետ օգտագործման հիմնախնդրի լուծման համար»,- նշված է նախագծում։

Լուսանկարը՝ արխիվային

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter