HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայաստանը հավաքականը կմրցի Բելառուսի հետ. վերջինս վիճակագրական չնչին առավելություն ունի

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այսօր հայտնել է, որ իր եւ Բելառուսի ֆեդերացիայի պայմանավորվածության համաձայն՝ Հայաստանի ու Բելառուսի ազգային հավաքականներն ընկերական հանդիպում կանցկացնեն: Խաղը կկայանա մարտի 29-ին՝ ժամը 18:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

Մինչ այդ՝ փետրվարի 12-ին, մեր հավաքականը կիմանա իր մրցակիցներին Ազգերի լիգայի 2026-2027 թթ. խաղարկությունում:

Այս պահին ՖԻՖԱ-ի վարկանիշային դասակարգման աղյուսակում Հայաստանը զբաղեցնում է 105-րդ հորիզոնականը, իսկ Բելառուսը՝ 98-րդ: 

Հայաստանի ու Բելառուսի ազգային հավաքականներն առաջին անգամ հանդիպել են աշխարհի 2002 թ. առաջնության ընտրական փուլում: 2000 թ. հոկտեմբերի 11-ին Մինսկում տանտերերը հաղթել են 2-1 հաշվով: Մեր թիմից աչքի է ընկել Ֆելիքս Խոջոյանը: 2001-ի հունիսի 2-ին Երեւանում կայացած պատասխան խաղում գրանցվել է 0-0:

Առաջին ընկերական խաղը կայացել է 2008-ի փետրվարի 4-ին Մալթայի մրցաշարի շրջանակներում: Արարատ Առաքելյանի ու Արա Հակոբյանի գոլերի շնորհիվ մերոնք հաղթեցին 2-1, չնայած պարտվում էին 0-1 հաշվով: Հերթական ընկերական խաղը 2010 թ. մարտի 3-ին տեղի ունեցավ թուրքական Անթալիայում: Բելառուսը հաղթեց 3-1: Մերոնցից աչքի ընկավ Լեւոն Պաչաջյանը: Մի ընկերական խաղ էլ կայացավ 2012-ի օգոստոսի 15-ին Երեւանում: 2-1 հաշվով հաղթեցին բելառուսները: Մեր թիմի գոլը ինքնագոլ էր մրցակցի պաշտպան Դմիտրի Վերխովցովի կողմից: 2016-ի մարտի 25-ին Երեւանում կայացած ընկերական մրցավեճում էլ գրանցվեց 0-0: Թիմերի միջեւ ընդհանուր առմամբ 7-րդ եւ ընկերական 5-րդ հանդիպումը տեղի ունեցավ Երեւանում 2017-ի նոյեմբերի 9-ին: Մեր ընտրանին հաղթեց 4-1: Աչքի ընկան Արաս Օզբիլիզը, Հենրիխ Մխիթարյանը, Ռումյան Հովսեփյանն ու Էրիկ Վարդանյանը: 

Այսպիսով՝ մինչ այս ազգային հավաքականների մակարդակով Հայաստանն ու Բելառուսն անցկացրել են 7 հանդիպում, որոնցից 2-ում հաղթել են մերոնք, 2-ում գրանցվել է ոչ-ոքի, իսկ 3-ում առավելության են հասել բելառուսները: Խփած ու բաց թողած գոլերի առումով հավասարություն է՝ 9-9: 

Լուսանկարը՝ ՀՖՖ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter