Ստեփանավան, Գորիս և Եղեգնաձոր համայնքները կմիավորվեն նախկին շրջանների վարչատարածքներով
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը 2026թ. հունվարի 16-ից համայնքների միավորման նոր նախագիծ է շրջանառում։ Նախագծի համաձայն՝ Ստեփանավան, Գորիս և Եղեգնաձոր համայնքները կմիավորվեն նախկին շրջանների վարչատարածքներով:
««Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով միավորվելու են Լոռու մարզի Ստեփանավան, Գյուլագարակ և Լոռի Բերդ համայնքները՝ վերջիններիս կազմում ընդգրկված 20 գյուղերով, Սյունիքի մարզի Գորիս, Տաթև և Տեղ համայնքները՝ վերջիններիս կազմում ընդգրկված 28 գյուղերով, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Արենի և Եղեգիս համայնքները՝ վերջիններիս կազմում ընդգրկված 32 գյուղերով։
2016թ․-ից վարչատարածքային բարեփոխումների ծրագրի շրջանակներում համայնքների միավորումն իրականացվել է հիմնականում երկու մոդելով՝ «փնջային» և «շրջանային»։ ՏԿԵ նախարարությունն այս նախագծին կցված հիմնավորման մեջ նշել է, որ բնակչության մեծամասնությունը հակված է համայնքների միավորման «շրջանային» մոդելին և 2021թ․-ին համայնքների գերակշռող մասը միավորել են այդ տրամաբանությամբ:
Հաջորդ պատճառն, ըստ ՏԿԵՆ-ի, վարչապետի կամքն է։ Նախարարությունը հայտնում է, որ 2023թ․ դեկտեմբերի 8-ին Հայաստանի վարչապետը նախարարությունում խորհրդակցություն է անցկացրել և համայնքների խոշորացման գործընթացի վերաբերյալ հետևյալը հանձնարարել. «Վարչատարածքային բարեփոխումների տիրույթում ևս մեկ անգամ անդրադառնալ համայնքների միավորման շրջանային մոդելից շեղումներին։ Ըստ այդմ՝ քննարկել համայնքների միավորման հետագա գործընթացը շրջանային մոդելով իրականացնելու հնարավորությունը, եթե սկզբունքային խոչընդոտներ առկա չեն՝ ելնելով մի շարք գործոններից (օրինակ՝ բնակչության թվաքանակ և այլն)»:
«Այն համայնքները, որոնք շրջանային մոդելով չեն խոշորացվել, զարգացման ընդհանուր գործընթացներում առաջընթաց չեն արձանագրում»,– վարչապետի խոսքերն, իբրև նախագծի հիմնավորում, փոխանցում է նախարարությունը։
ՏԿԵՆ–ը նախագծին կցված հիմնավորման մեջ նշում է, որ միավորված համայնքներում իրականացվել են վերլուծություններ, որոնք փաստում են համայնքները «շրջանային» մոդելով միավորելու առավելությունները «փնջային» մոդելի համեմատությամբ:
Մասնավորապես, շրջաններով միավորված համայնքներում կառավարման արդյունավետությունը բարձրացել է. խոշոր համայնքներն ունեն ավելի մեծ ֆինանսական, մարդկային և նյութական ռեսուրսներ, ինչը թույլ է տալիս ավելի արդյունավետ կառավարել ենթակառուցվածքները, իրականացնել ավելի լայնածավալ ծրագրեր: Կառավարման ծախսերի օպտիմալացում է տեղի ունեցել՝ հաշվապահությունը, իրավաբանական ծառայությունները և կադրերի կառավարումը կենտրոնացված են իրականացվում։ Խոշոր համայնքներն ավելի գրավիչ են բարձր որակավորում ունեցող մասնագետների համար, ինչը նպաստել է կառավարման որակի բարձրացմանը և նորարարությունների ներդրմանը:
Ըստ ՏԿԵՆ-ի՝ խթանել է նաև տնտեսական զարգացումը. ներդրումների ներգրավման հնարավորություններն ընդլայնվել են՝ խոշոր համայնքներն ավելի մեծ ներքին շուկա են ներկայացնում և ավելի գրավիչ են ներդրողների համար: Շրջանային մակարդակում հնարավոր է դարձել մշակել և իրականացնել ավելի լայնածավալ զարգացման ծրագրեր: Խոշոր համայնքներն ավելի մեծ հնարավորություններ են ստացել մասնակցելու ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերին, ինչը նպաստել է տնտեսական ակտիվության աճին:
Շրջանային մակարդակում հնարավոր է դարձել ավելի արդյունավետորեն օգտագործել առկա ռեսուրսները և զարգացնել մասնագիտացված տնտեսական ուղղությունները, ամրապնդել է սոցիալական համախմբվածությունը, կրճատել տարածքային անհավասարությունները՝ «շրջանային» մոդելով համայնքների միավորումը կարող է օգնել հավասարեցնել զարգացման մակարդակները տարբեր համայնքներում և այլն:
«Խոշոր համայնքներն ավելի լայն հնարավորություններ կարող են ստեղծել բնակիչների համար կրթության, առողջապահության, մշակույթի և սոցիալական ծառայությունների հասանելիության առումով՝ անկախ բնակության վայրից»,– հայտնում է նախարարությունը:
Այս առավելությունները, որոնք նշել է ՏԿԵՆ–ը հիմնավորման մեջ, խիստ վիճելի են և փաստական հենք չունեն։ Համայնքները խոշորացնելու ողջ ընթացքում՝ 2016թ․ փետրվարից մինչ օրս, ոչ մի չեզոք մասնագիտական վերլուծություն ու գնահատում չի արվել միավորման մոդելների առավելությունների, ձեռքբերումների կամ բացասական կողմերի վերաբերյալ։ Նախարարության կայքում տեղադրվածները բարեփոխման ծրագրի գնահատումներ չեն, անգամ խորքային վերլուծություններ չեն, այլ ինֆորմացիոն բնույթի նյութեր։ Դրանցում բնակիչներն իրենց գոհունակությունն են հայտնում համայնքում կատարված այս կամ այն աշխատանքի վերաբերյալ։
Հիշեցնենք, որ համայնքների միավորման ծրագրի իրականացման ողջ ընթացքում 908 համայնք է միավորվել, որի արդյունքում ձևավորվել է 64 համայնք: Այս նախագծի հաստատումից հետո համայնքների թիվը կնվազի ևս 6-ով, կունենանք 58 համայնք, սակայն սա էլ դեռ վերջը չէ։ Փնջային մոդելով միավորված համայնքների թիվը մեծ է Կոտայքի մարզում, սակայն դրանք շրջանային մոդելով միավորելու նախագիծ դեռևս չկա։ Օրինակ՝ նախկին Աբովյանի շրջանը ներկայումս 6 համայնքով է կառավարվում, որտեղ նույնիսկ 3 գյուղով միավորում կա՝ Ջրվեժ և Բյուրեղավան համայնքները։
Մասնագիտական շրջանակում հայտնի է, որ 2021թ․-ին համայնքների միավորման «շրջանային» մոդելին անցումը քաղաքական նպատակահարմարությամբ է պայմանավորված եղել և ոչ թե մասնագիտական հիմնավորումներով։ Եվ այն հանգամանքը, որ շրջանառվող նախագիծը միայն այս համայնքներն է միավորելու և ոչ թե «փնջային» մոդելով միավորված բոլոր համայնքները շրջաններով միավորելը, ևս մեկ անգամ հավաստում է, որ քաղաքական տեսանկյունից դրանք միավորելը դեռևս նպատակահարմար չեն համարում։
Լուսանկարը՝ Գորիսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել