Ֆրանսիայում մինչև 15 տարեկաններին կարգելվի օգտվել սոցիալական ցանցերից
Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային ժողովի պատգամավորները հավանություն են տվել օրենսդրական այն նախագծին, որով մինչև 15 տարեկաններին կարգելվի օգտվել սոցիալական ցանցերից։ Այդ մասին հայտնում է BFM TV-ն։ Օրենսդրական փաթեթի մյուս մասով դպրոցներում կարգելվի բջջային հեռախոսների կիրառումը։
Հաջորդ փուլով օրենսդրական նախագծերը կներկայացվեն Ֆրանսիայի Սենատի քննարկմանը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ աջակցում է այս սահմանափակումների կիրառմանը։ «Որովհետև մեր երեխաների ուղեղները չեն վաճառվում։ Նրանց էմոցիաները չեն վաճառվում ո՛չ ամերիկյան հարթակներին, և ոչ էլ չինական ցանցերին։ Որովհետև նրանց երազանքները չեն կարող թելադրվել ալգորիթմների կողմից»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահը։
Interdire les réseaux sociaux aux moins de 15 ans : c’est ce que préconisent les scientifiques, c’est ce que demandent massivement les Français.
— Emmanuel Macron (@EmmanuelMacron) January 26, 2026
Après un travail fructueux avec le Gouvernement, l’Assemblée nationale vient de dire oui.
C’est une étape majeure.…
X-ի իր միկրոբլոգում Մակրոնը գրել է, որ «սեպտեմբերի 1-ից մեր երեխաներն ու դեռահասները, վերջապես, պաշտպանված կլինեն։ Ես հոգ կտանեմ այդ մասին»։ Մակրոնը նաև հավելել է, որ Կառավարությանը հանձնարարել է արագացված ընթացակարգով իրականացնել օրենսդրական գործընթացը։
Այն բանից հետո, երբ կընդունվի օրենսդրական այս նախագիծն ու ուժի մեջ կմտնի, Ֆրանսիան կդառնա աշխարհում երկրորդ երկիրը, որտեղ մինչև 15 տարեկաններին կարգելվի սոցիալական ցանցերից օգտվելը։ Աշխարհում առաջինը նման արգելք սահմանել էր Ավստրալիան։ Ընդ որում, ֆրանսիական կողմը չի էլ հերքում, որ մտահղացումը վերցվել է Ավստրալիայից։
Հետաքրքրական է, որ օրենսդրական այս փոփոխություններին աջակցել են ֆրանսիական ընդդիմության ներկայացուցիչները ևս, այդ թվում՝ աջերն ու կենտրոնամետ քաղաքական ուժերը, ներառյալ՝ Մարին Լը Պենի «Ազգային միավորում»-ը։
Լուսանկարը՝ Getty Images-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել