HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունը հաստատել է գիտության ոլորտի զարգացման 2026-2030 թթ. ռազմավարական ծրագիրը

Կառավարությունը այսօրվա նիստում հաստատել է գիտության ոլորտի զարգացման 2026-2030 թթ. ռազմավարական ծրագիրը, դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցը, ՀՀ-ում գիտության և տեխնոլոգիաների ոլորտների զարգացման 2026-2030 թթ. գերակա ուղղությունները:

Որոշման ընդունումը միտված է մինչև 2030 թ. արդյունավետ կառավարվող և միջազգային մակարդակով մրցունակ գիտական համակարգի ձևավորմանը, որը կգործի Եվրոպական հետազոտական տարածքի (ԵՀՏ) պահանջներին համահունչ՝ հիմնված բարձր որակավորում ունեցող գիտական կադրերի, զարգացած և օպտիմալ հետազոտական ենթակառուցվածքների և հետազոտությունների միջազգային գերազանցության վրա:

Ինչպես նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, գիտության ոլորտի զարգացումը Կառավարության 2021-2026 թթ. ծրագրի առաջնահերթություն էր և հենց այդ աշխատանքների շնորհիվ գիտության ոլորտի ֆինանսավորումը 2018-ի նկատմամբ աճել է շուրջ 180%-ով: «Հնարավոր եղավ ոչ միայն կասեցնել ոլորտի նախընթաց տարիների վայրէջքը, այլ՝ գիտության ոլորտում ներդնել զարգացման օրակարգ»,-ասել է նախարարը։

Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ գիտնականների բազային վարձատրության 105-ից մինչև 300% աճ բազմազան դրամաշնորհային ծրագրերը երիտասարդների համար գիտությամբ զբաղվելը դարձրել են գրավիչ: «Սկսած 2022 թվականից մենք արձանագրում ենք գիտնականների թվի աճ, ավելի քան 600 նոր գիտնականներ են մուտք գործել ոլորտ, որոնց շարքում մեծ մասը երիտասարդներ են, ներգրավվում են հեղինակավոր գիտնականներ արտերկրից, այս պահին ունենք համագործակցություն ավելի քան 30 երկրների 160 գիտնականների հետ՝ թիրախային ծրագրերի միջոցով: Էական կապիտալ ներդրումներով հնարավոր է դարձել Հայաստանում միջազգայնորեն մրցունակ գիտական հետազոտության իրականացումը»,-ասել է նախարարը:

ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ գիտության միջազգային մրցունակության աճի մասին է վկայում նաև այն, որ 2025 թ. տարեվերջի դրությամբ ԵՄ «Հորիզոն Եվրոպա» ծրագրին ՀՀ-ի կողմից ներկայացվել է ընդհանուր 183 հայտ, նախորդ տարվա համեմատ 39 հայտով ավելի, ֆինանսավորման ևս ութ պայմանագիր է կնքվել՝ ընդհանուր պայմանագրերի թիվը հասցնելով 25-ի, շուրջ 8.3 միլիոն եվրո ընդհանուր բյուջեով, որը գերազանցում է նախորդ չորս տարիների բյուջեն 9.6%-ով, իսկ նախորդ փուլի այս ծրագրի բյուջեից կրկնակի ավելի է։

Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ պատմական առավելագույն ցուցանիշներ են գրանցվել նաև հայաստանյան գիտնականների կողմից միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում ընդգրկված ազդեցության գործակից ունեցող պարբերականներում հրապարակումների թվի մասով և այս պահին արդեն առկա է շուրջ 1700 հոդված: «Ռազմավարությունը, հիմք ընդունելով այս ծրագրերի շրջանակներում ստացված արդյունքներն ու ուղղությունները, նպատակ ունի շարունակել պետական նախաձեռնողական քաղաքականությունը գիտական գերազանցության և միջազգային հեղինակության բարձրացման ուղղությամբ, իրականացնել գիտության տնտեսականացմանն ուղղված ծրագրեր, որոնք համակարգը կզինեն գիտությունից արտադրություն ճանապարհն անցնելու կարողություններով, ենթակառուցվածքներով, մտավոր սեփականության պաշտպանության համակարգով և ֆինանսական գործիքներով, բարձրացնել գիտության ոլորտի սոցիալական ազդեցությունը՝ գիտական ձեռքբերումների ավելի լայն լուսաբանմամբ և հանրային ներգրավման միջոցառումների իրականացմամբ, ինչպես նաև հաշվետվողականության ավելի բարձր մակարդակի գործիքակազմի ներդրմամբ»,-ասել է նախարարը։

Ծրագիրը բաղկացած է 94 տարբեր գործողություններից, որոնցից մի քանիսին Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է: Մասնավորապես՝ նախատեսում է առնվազն 400 արտերկրի առաջատար հետազոտողներ, հետազոտական խմբեր կհիմնվեն ՀՀ-ում՝ դրանով իսկ նպաստելով գիտության հետազոտությունների որակի բարձրացմանն ու միջազգայնացմանը: Հայաստանի առնվազն 1000 գիտաշխատողներ կվերապատրաստվեն արտերկրի առաջատար կենտրոններում: Կներդրվի 150 արտերկրի երիտասարդ հետազոտողների ՀՀ տեղափոխման ծրագիր, ինչպես նաև հինգ գլոբալ առաջատար հետազոտողների ՀՀ տեղափոխման ծրագիր: Կիրականացվեն ուսուցիչների վերապատրաստում գիտական կազմակերպություններում, ինչը, ըստ նախարարի, շատ կարևոր է շղթան շարունակելու և տրամաբանական արդյունքի հասնելու համար: Կկառուցվի գիտությունից արտադրություն անցման երեք նախատիպավորման ենթակառուցվածքներ Ակադեմիական քաղաքում: «Այս շարքը կարող եմ երկար շարունակել: Գիտության ռազմավարական ծրագրի թերևս ամենակարևոր հանձնառությունն է մինչև 2030 թ. գիտության ոլորտի ֆինանսավորումը հասցնել շուրջ ՀՆԱ-ի 1%-ի շրջանակում, որի շուրջ 0.75%-ը նախատեսում ենք իրականացնել պետության կողմից, 0.25%-ը՝ մասնավորի կողմից՝ խրախուսելով նաև մասնավոր ներդրումները գիտական հետազոտություններում և մշակումներում»,-ասել է Ժաննա Անդրեասյանը։

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ 2025 թվականին 2018-ի համեմատությամբ գիտության ֆինանսավորման 180 տոկոս աճ է արձանագրվել: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ 2025-ին պետբյուջեից շուրջ 40,2 մլրդ դրամ է հատկացվել, իսկ 2018-ին՝ շուրջ 14 մլրդ, որտեղ ներառվում է նաև ռազմարդյունաբերության բյուջեն:

Վարչապետը ներկայացրել է, թե բյուջեի ֆինանսավորման փոփոխության և ատեստավորման համակարգի ներդրման արդյունքում ինչ փոփոխություններ են տեղի ունեցել գիտնականների վարձատրության համակարգում: Մասնավորապես՝ 2021 թվականին լաբորանտ-ճարտարագետը ստացել է 67,300 դրամ, 2026-ին՝ 138,300 դրամ նվազագույն աշխատավարձ, աճը՝ 105 տոկոս, ավագ լաբորանտ ճարտարագետը 2021-ին՝ 76,000 դրամ, 2026-ին՝ 179,000 դրամ, աճը՝ ավելի քան 135 տոկոս, ավագ գիտաշխատողը 2021-ին՝ 99,000 դրամ, 2026-ին՝ 343,000 դրամ, աճը՝ 246 տոկոս, առաջատար գիտաշխատողը 2021-ին՝ 114,300 դրամ, 2026-ին՝ 443,800 դրամ, աճը՝ 288 տոկոս, գլխավոր գիտաշխատողը 2021-ին՝ 138,100 դրամ, 2026-ին՝ 552,900 դրամ, աճը՝ 300 տոկոս, գիտական խմբի ղեկավարը 2021-ին՝ 129,000 դրամ, 2026-ին՝ 410 հազար դրամ, աճը՝ 217 տոկոս, գիտական ստորաբաժանման ղեկավարը 2021-ին՝ 141,00 դրամ, 2026-ին՝ 477,000 դրամ, աճը՝ 238 %:

Նիկոլ Փաշինյանը նշել է նաև, որ 2021-2026 թվականներին 142 գիտական սարքավորումների համար տրամադրվել է շուրջ 13 մլրդ դրամ: Դրանց թվում է նաև ԵՊՀ-ի սուպերհամակարգիչը, որի ձեռքբերման և տեղադրման ծախսերը կազմել են 3,7 մլրդ դրամ: Վերջինիս վերաբերյալ վարչապետն ասել է՝ սկզբնական շրջանում կարծիքներ կային, որ այն չի օգտագործվելու, մինչդեռ այսօր առկա է նոր սուպերհամակարգչի կարիք: «Երբ մենք այն ժամանակ քննարկում էինք, իհարկե, հոռետեսություն կար, 10 միլիոն դոլար ծախսել մի սուպերհամակարգչի վրա, բայց, ըստ էության, այդ գործարքը, Կառավարության այդ ներդրումը բացեց ճանապարհը հետագա ընթացքի համար։ Եվ այսօր, սուպերհամակարգիչը ԵՊՀ-ի և ընդհանրապես՝ բարձրագույն կրթության համակարգի համար նաև ուսումնական գործիք է»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը տեղեկացրել է, որ այս պահին էլ գնման ընթացակարգում է 49 գիտական սարք՝ 5.4 միլիարդ դրամի ծավալներով։

Սակայն, ըստ Նիկոլ Փաշինյանի, այս ծավալի ներդրումներին, մասնավորապես՝ գիտնականները չեն անդրադառնում. «Տարբեր ոլորտներում հսկայական փոփոխություններ են լինում, բայց լռություն կա, և այդ լռությունը մի քիչ հարցեր է առաջացնում: Բայց դրանք խոհափիլիսոփայական ոլորտի հարցեր են, որովհետև այս ներդրումները մեր պետության և երկրի զարգացման համար են»:

Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ձեռքբերումների, արդյունքների հանրայնացումը, իրազեկումը շարունակում է մնալ նախարարության ամենակարևոր խնդիրներից մեկը. «Դա է նաև պատճառը, որ ռազմավարական ծրագրում այն որպես առանձին ուղղություն առանձնացրել ենք, և այդ հանրային հաշվետվողականության, մոնիտորինգի, ներկայացման հարցերը շատ կարևորում ենք: Ինչ վերաբերում է գիտական համայնքի կողմից արվող աշխատանքների կարևորմանը, ապա պետք է հավաստիացնեմ, որ առնվազն մեր դիտարկումներով ու տպավորություններով տրամադրություն ու մթնոլորտ է փոխված ոլորտում»:
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, անդրադառնալով ռազմավարական ծրագրին, ընդգծել է, որ այս փաստաթուղթը շատ կարևոր ուղերձ է մի կողմից գիտական հանրույթի, մյուս կողմից՝ տնտեսության և տնտեսավարողների համար. «Կարծում եմ՝ այս փաստաթուղթը շատ տեսանելի և շոշափելի է դարձնում տնտեսության և գիտության միջև փոխկապակցվածությունը և ստեղծում է շատ պարարտ հող գիտության համար՝ սպասարկելու տնտեսության շահերը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter