2026 թ. մայիսի 4-ի փոխարեն աշխատանքային օր կլինի ապրիլի 18-ը` շաբաթ օրը
Կառավարությունն այսօր ընդունել է «Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ 2026 թ. մայիսի 4-ի աշխատանքային օրը տեղափոխել ապրիլի 18-ը` շաբաթ օրը:
Հիմնավորման համաձայն՝ ակտիվորեն ներգրավված լինելով Եվրոպական քաղաքական համայնքում (ԵՔՀ) և կարևոր դեր խաղալով տարածաշրջանային անվտանգության և համագործակցության հարցերում՝ Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովը: Հաշվի առնելով միջոցառման կարևորությունն ու Հայաստանի համար աննախադեպ մասնակցության մակարդակը (նախատեսվում է մոտ 50 բարձրաստիճան պատվիրակության` երկրի կամ կառույցի ղեկավարի մակարդակով)՝ Երևան քաղաքի տրանսպորտի երթևեկությունն արդյունավետ կազմակերպելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել մայիսի 4-ի աշխատանքային օրը տեղափոխել:
Անդրադառնալով որոշմանը՝ վարչապետը նշել է, որ այն նախ հնարավորություն կտա մեր քաղաքացիներին լրացուցիչ անհարմարություններից զերծ պահելու և միջոցառումը պատշաճ մակարդակով կազմակերպելու:
«Ուզում եմ առիթից օգտվել ևս մեկ անգամ՝ Եվրոպական քաղաքական համայնքի մեր գործընկերներին շնորհակալություն հայտնել գագաթնաժողովը Երևանում անցկացնելու որոշման համար: Գիտեք, որ այդ որոշումը համաձայնության կոնսենսուսով է կայացվում: Իհարկե, սա շատ կարևոր հանգրվան է մեր պետության կայացման և միջազգային հեղինակության ամրապնդման տեսակետից: Կարևոր է նաև, որ մենք միջոցառումը հյուրընկալենք կազմակերպչական ամենաբարձր մակարդակով: Համոզված եմ, որ այդպես էլ կլինի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Մեկ այլ որոշմամբ էլ կապահովվի Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման և անցկացման հետ կապված ծառայությունների ձեռքբերումը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել