Նորագյուղում կկառուցվի նոր թաղամաս՝ բարձրահարկ 155 շենքերով
Կառավարության այսօրվա նիստում ընդունվել է «Երևանի քաղաքապետին լիազորություն վերապահելու մասին» որոշում: ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը նշեց, որ Կառավարության որոշմամբ՝ Երևանի քաղաքապետը լիազորվել է պետության անունից պայմանագիր կնքել «ԴԻԹԻ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» և «ԴԻԹԻ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» ընկերությունների հետ։
Խոսքը Նորագյուղ թաղամասի վերակառուցման մասին է, որն ընդգրկում է Իսակովի և Մոնթե Մելքոնյան պողոտաների հանգույցից մինչև Հրազդանի կիրճ ընկած տարածքը (ներառյալ՝ Պասկևիչի բլուրը)։ Պայմանագրով կսահմանվեն պետության և կառուցապատողի իրավունքներն ու պարտականությունները սեփականության օտարման գործընթացում։
Ծրագրի մանրամասները ներկայացրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և նշել, որ խոսքը 83.9 հա տարածքի մասին է: «Այս ծրագրով մենք էական քաղաքաշինական խնդիր ենք լուծում Երևան քաղաքում: Այս 83.9 հեկտարի վրա ունենում ենք էական ծավալի կանաչապատ տարածքներ, մոտավորապես 2-2.5 մլն քմ. կառուցապատում, շուրջ 155 շենք 65 հազար բնակչի համար: Եվ այս հատվածը կարելի է ասել, որ էականորեն բեռնաթափելու է մեր Փոքր կենտրոնը»,- ասել է Տիգրան Ավինյանը:
Երևանի քաղաքապետի ներկայացմամբ՝ ծրագրի իրականացումը կլուծի նաև Նորագյուղ թաղամասի խնդիրը. «Դեռևս 2023 թվականին Նորագյուղ թաղամասում մի հանդիպման ժամանակ բնակիչների հետ՝ եղավ առաջարկ, որ իրականացվի ներդրումային ծրագիր, որը թույլ կտա լուծել թաղամասի ենթակառուցվածքային բոլոր խնդիրները՝ կոյուղուց սկսած, ճանապարհների նեղ լինելու հանգամանքով ավարտած»:
Ըստ Տիգրան Ավինյանի՝ Նորագյուղ թաղամասի փոխարեն նոր տեսակի թաղամաս է լինելու՝ բարձրահարկ շենքերով: «Այն հնարավորություն է տալու փոխհատուցել բնակիչներին՝ իրենց բնակավայրերի շուկայական արժեքին գումարած նաև 30% չափաբաժնով: Այս հատվածում մենք ստանալու ենք մի նոր գեղեցիկ թաղամաս, որի արդյունքում նաև Երևան քաղաքը կարողանալու է մի քանի կարևոր խնդիր լուծել։ Խնդիրներից մեկը Դալմայի այգիների անտառապատման ծրագիրն է, մոտավորապես 250 հեկտար անտառային տարածքներ, ենթադրում ենք, որ այս ծրագրով, գեներացված ֆինանսներով կարողանալու ենք իրականացնել։ Երևանյան լճի մաքրման աշխատանքները և ամբողջական ենթակառուցվածքների նորոգման աշխատանքները նույնպես ենթադրում ենք, որ այս ծրագրով կարողանալու ենք իրականացնել: Եվ, իհարկե, ամենակարևոր հարցը, դա Փոքր կենտրոնի բեռնաթափումն է»,-ասել է Երևանի քաղաքապետը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել