«Սրբազան պայքար»-ի գործով պաշտպանները միջնորդեցին չհետազոտել հանրային մեղադրողների ներկայացրած ապացույցները
«Սրբազան պայքար»-ի գործով պաշտպանները դատարանին միջնորդեցին չհետազոտել այն ապացույցները, որոնք ներկայացրել են հանրային մեղադրողները։ Պաշտպանների պնդմամբ՝ մեղադրական եզրակացությունից պարզ չի՝ ում ինչ մեղադրանք է առաջադրվել, բոլորինը նույնն է։ Յուրաքանչյուր մեղադրյալի առնչությամբ պետք է հիմնավորել, թե կոնկրետ որ ապացույցի հետազոտումն է հիմք հանդիսանում վերդիկտ կայացնելու համար։
Հիշեցնենք՝ այս գործով մեղադրյալները 18-ն են։
Ըստ մեղադրանքի՝ նախնական համաձայնությամբ խմբի կազմում նրանք ձեռք են բերել ահաբեկչություն կատարելու և իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ և գործիքներ, ինչպես նաև դիտավորությամբ ստեղծել են այլ պայմաններ՝ այդ կերպ կատարելով իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն։
Նախորդ դատական նիստին հանրային մեղադրողներն ամբողջությամբ ներկայացրին դատարանում հետազոտման ենթակա ապացույցների ցանկը։
Մեղադրյալ Բագրատ սրբազանի (Վազգեն Գալստանյան) պաշտպան Հովհաննես Խուդոյանն այս դատական նիստին ասաց՝ երբ հանրային մեղադրողը ներկայացնում էր վկաների ցուցմունքները, յուրաքանչյուր վկայի մասով ասում էր, որ տվյալ հանգամանքը նշանակություն ունի անձանց հավաքագրման գործընթացի հետ առնչություն ունենալու փաստը պարզելու համար։
Պաշտպան Խուդոյանը մեջբերում արեց հանրային մեղադրողների խոսքից՝ նշելով, որ ըստ Արտաշես Հունանյանի ցուցմունքի՝ հիմնավորվում են վերջինիս բազմակի հանդիպումները Վազգեն Գալստանյանի հետ, հանրային միջոցառումների մասնակցության և Գալստանյանի բնակության վայրում գտնվելու փաստերը հաստատելու համար։
«Է հետո՞, ի՞նչ հանգամանք է սա հաստատում, էդ մարդը, ենթադրենք, հանդիպել է, հանրային միջոցառում են պլանավորել, դա ի՞նչ կապ ունի ահաբեկչության հանցակազմի հետ։ Էլի որևէ պնդում չկատարվեց, մեզ համար ակնհայտ է՝ ինչու են այս անձին որպես վկա ներգրավել, որ քննիչը կամ դատախազը միշտ հնարավորություն ունենան ասելու, որ գործում կան վկաներ և նրանց վրա, հնարավոր է, լինի ազդեցություն, հետևաբար, եկեք մարդկանց կալանավորենք»,- նշեց Խուդոյանը։
Ըստ պաշտպանի՝ բացատրություն չտրվեց նաև կատարված խուզարկությունների և դրանցով հայտնաբերված տարբեր առարկաների, մասնավորապես՝ օրինական զենքերի վերաբերյալ։
«Որտե՞ղ է գեթ մեկ ապացույց, որով հաստատվում է, որ էս զենքերը պետք է օգտագործված լինեին։ Նույն տրամաբանությամբ էդ մարդկանց տանը կարող էին լինել դանակներ, կացիններ, քարի կտորներ, արմատուրաների նմուշներ, որ հայտնաբերվել են Բագրատ սրբազանի տանը, ի՞նչ եղանակով դա պետք է օգտագործվեր։ Կա՞ ձայնագրություն, որ էս տան էս առարկան պետք է օգտագործվի։
Եթե մեղադրանքի կողմը, ի վերջո, պատրաստակամ է շատ հստակ, ապացույցի հետազոտում չպահանջող հարցերի պատասխաններ տալ էն փուլում, որը ենթադրում է նման հարցերի բարձրացում և պատասխաններ, պատրաստ ենք լսել իրենց։ Հակառակ դեպքում, արձանագրելու ենք, որ մեղադրանքի կողմը պատրաստ չէ դատական նիստին։
Պարզապես մարդկանց բերել, ամիսներով կալանավորել են և չեն կարողանում ո՛չ դատարանին, ո՛չ պաշտպանության կողմին, ո՛չ հանրությանը նորմալ պատասխաններ ներկայացնել»,- ասաց Հովհաննես Խուդոյանը։
Հանրային մեղադրող Հայկ Հովհաննիսյանը, պատասխանելով պաշտպանին, ասաց, որ այս փուլում այդ հարցին պատասխան չի ակնկալվում։ Մեղադրանքի կողմը ներկայացրել է փաստական հանգամանք և ապացույցներ և մատնանշել է՝ ինչ փաստական հանգամանք է այն հիմնավորում կամ հերքում։ Ուստի, կարծում է, որ պաշտպան Խուդոյանի ձևակերպումները ոչ այլ ինչ են, քան մեղադրանքից պաշտպանվելու՝ օրենքով չարգելված եղանակ, պաշտպանական մարտավարություն։
Պաշտպան Հովհաննես Խուդոյանը նշեց, թե հանրային մեղադրողի խոսքով՝ 319-րդ հոդվածի պահանջն է, որ ներկայացվելիք ապացույցները կապ ունենան վերդիկտ կայացնելու համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների հետ։ Մինչդեռ Քրեական դատավարության օրենսգրքի 319-րդ հոդվածը սահմանում է, որ կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է հիմնավորել, թե իր առաջարկած՝ հետազոտման ենթակա յուրաքանչյուր ապացույց վերդիկտ կայացնելու համար նշանակություն ունեցող ինչ փաստական հանգամանք է հաստատում կամ հերքում։
«Քանի դեռ մեղադրանքի կողմը փորձում է օրենքով չնախատեսված արտոնություն ստանալ և հրաժարվել իր պարտականություններից, իրենց կողմից ներկայացված ապացույցները չեն կարող ընդունվել դատարանի կողմից, հետևաբար դատարանը պետք է մերժի ապացույցները»,- նշեց Խուդոյանը։
Հաջորդ դատական նիստին պաշտպանական կողմը պետք է ապացույցներ ներկայացնի։ Այն նշանակվել է փետրվարի 5-ին՝ ժամը 15:00-ին։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել