Բաղիշ Վանյան. Շեն աշխարհ էր, աշխատողն էլ ապրեր, չաշխատողն էլ
-Շեն աշխարհ էր, շեն աշխարհ,-կարոտով սովետական տարիներն է հիշում Լոռու մարզի Շամուտ գյուղի բնակիչ Բաղիշ Վանյանը։
Նրա կարծիքով՝ սովետի առավելություններից մեկն այն էր, որ աշխատողն էլ էր ապրում, չաշխատողն էլ։ Երկուսն էլ, հավանաբար, այդ շենության հաշվին։
«Ես դաշտի աշխատող էի, հունձ անեի, խոտ հավաքեի, բրիգադիրի հետ խոսեի, ասեի՝ կեսը ինձ, կեսը՝ քեզ։ Էլել ա, ոնց ասեմ չի ելել տհե բան, որ էլել ա։ Բայց դե հըմի ի՜նչ բրիգադիր, քու սեփականությունն ա, ինչ արիր, դու ես դրա խազեինը»։
Հարցին, թե ինչու փլուզվեց Խորհրդային միությունը, Վանյանն առանց երկար մտածելու է պատասխանում։ «Դա քաշած ծրագիր էր, դա պտի տենց ըլներ։ Ո՞ւմ օրոք ա երկիրը փլվել, Գորբաչովի, չէ՞, դե մի բան հասունանում ա, գալիս ա իրա գագթնակետին ա հասնում, դրա համար կամ՝ փլվում ա, կամ կառուցվում ա։ Գորբաչովը ինքն էր մեղավոր, որ էդ աստիճանի հասավ։ Էլ հնարավոր չէր, դա պըտի փլուզվեր։ Հետո արտասահմանը ահագին մատը մեջը կոխեց, միջամտեց, որ ասենք, Սովետն էլ մնացած երկրների պես երկիր դառնար, դրա համար էլավ»։
Բայց մի քիչ մտածելուց հետո ուղղում է ինքն իրեն. «Վատնելով-վատնելով չես կարա պետություն պահես, եթե մի բանի վրա չլցրիր, դա պիտի մի օր մարվի»։
Մասնավոր սեփականությունը Բաղիշ Վանյանին դուր է գալիս։ Ափսոսում է, որ սովետական տարիներին չեն հասկացել դրա արդյունավետությունը։ «Մալենկովը [ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախագահ, 1953-1955] գոնե տասը ոչխար, երկու կով թույլ էր տալիս, որ մարդիկ պահեն, բայց հետո դա էլ վերացրեցին»։
Հիմա նա աշխատելու եւ հարստանալու անսահման հնարավորություն է տեսնում, բայց դրա համար պետք է, որ մարդիկ մնան գյուղում։ Վանյանն անկախության տարիներին երկու անգամ համայնքապետ է ընտրվել, աշխատել է, բայց հարկերը հավաքել չկարողանալու պատճառով երրորդ անգամ չի առաջադրվել։
«Ինձ ասին՝ ժողովրդին դատի տուր, փողերը հավաքի, երկար աշխատի։ Ես էլ ասի՝ չէ, ախպեր, ես Շամուտ ծնվել եմ, Շամուտ էլ մեռնիլ տեմ։ Իմ դագաղը իմ գեղացիք պըտի վեր ունին, տանին հողին հանձնին։ Պուճուր գեղ ա, մինը մորքուրիս տղեն ա, մինը հորքուրիս տղեն ա, մինը, մինը…»։
Բաղիշի զավակները վաղուց հեռացել են գյուղից, գնացել քաղաքներ։ Ինքն էլ ձմեռները նրանց մոտ է անցկացնում, իսկ ամառներն ու հատկապես աշնանը հավաքում է տնամերձ հողամասում թափված վայրի տանձն ու օղի պատրաստում։ «Ասում են՝ գործ չկա, բա սա գործ չի՞»։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել