Հայկական թատրոնի վերածնունդը Սպահանում. Մոլիերի վերադարձը 140 տարի անց
Նազենիկ Սարոյան
«Խանում, խանում», - հետևիցս բացականչում է անվտանգության աշխատակիցը Նոր Ջուղայի Արարատ ակումբի դարպասների մոտ։ Բարևում եմ հայերեն ու հավանություն ստանում ներս մտնելու. թույլտվություն, որ հազվադեպ է տրվում օտարազգիներին։ Ներսից՝ ակումբի դահլիճից, պարսկերեն և հայերեն ձայներ են լսվում. ներկայացման փորձ է։ Դերասանները փորձը քննարկում են պարսկերեն, մինչդեռ ներկայացումը հայերեն է։ Կենտրոնում Հաբիբ Նարիմանին է՝ միակ պարսիկը, որին թույլատրված է ել ու մուտ անել Իրանի Սպահան քաղաքի հայերի հավաքատեղի՝ վայր, որ չի ենթարկվում երկրի իսլամական խիստ օրենքներին։
Սպահանում Մոլիերի «Ակամա բժիշկ» պիեսի առաջին բեմադրումից՝ 1886 թ.-ից 140 տարի անց, այն վերադառնում է բեմ՝ պարսիկ բեմադրիչ Նարիմանիի նախաձեռնությամբ։
Նարիմանին Լևոն Շանթի անվան թատերախմբի գեղարվեստական ղեկավարն է։ Խումբն ինչ-որ ժամանակ ղեկավար չուներ։ Նոր Ջուղան դատարկվում էր հայերից, կադրեր չկային, բայց դերասանները թատրոնը կենդանի պահելու ցանկություն ունեին։ Համայնքը գումար չուներ Հայաստանից մասնագետ հրավիրելու համար։ Թեհրանից հայ գեղարվեստական ղեկավար բերելու ջանքերը նույնպես ապարդյուն էին։ Որոշվեց հրավիրել Հաբիբ Նարիմանիին։
Դերասանները համայնքի ղեկավարությանը համոզեցին դիտարկել Հաբիբիի թեկնածությունը։ Թատերախմբի անդամները ճանաչում էին նրան։ Տարիներ առաջ ջուղահայեր Զարենուշի, Ժորժի և Հայդուկի հետ նա «Մակբեթ» էր բեմադրել և այն ներկայացրել Երևանում անցկացված Շեքսպիրի համաշխարհային փառատոնին, ինչպես նաև՝ իր տեղական նախագծերում ներգրավել նրանց։
Փառատոնի շրջանակում Հաբիբն այցելել էր Հայաստան։ Նրա խոսքով՝ Երևանը պոեզիա է, կրքոտ երաժշտություն։ Որպես Տարկովսկիի և Փարաջանովի ֆիլմերի մեծ երկրպագու՝ Հայաստանում իրեն կարծես այս ռեժիսորների աշխարհում է զգացել։ Արարատի տեսարանով ոլորանները գլխապտույտ առաջացնող գեղեցկություն են թվացել։ Եվ մի օր Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի առաջ ինքն իրեն խոստացել է, որ այս քաղաքում ներկայացում է բեմադրելու։
«Արարատ» ակումբի առաջարկն ընդունեց՝ միանալու համայնքի առաքելությանը՝ կենդանի պահել Սպահանի հայկական թատրոնը և դերասանների նոր սերունդ պատրաստել։
Փորձն ավարտվում է։ Նարիմանին շրջվում է դեպի ինձ ու ասում, որ ժամանակակից իրանական թատրոնը ձևավորվել է հայերի ազդեցությամբ, նույնիսկ կինոարտադրության առաջին քայլերն Իրանում արել են հայերը։
Նրա խոսքով՝ Իրանի թատրոնը հայերի շնորհիվ վերափոխվել է թե՛ դերասանական խաղի, թե՛ սցենարի, թե՛ բեմադրման և անգամ դահլիճի ձևի տեսանկյունից։
Ասում է՝ հայերի շնորհիվ են կանայք բեմ բարձրացել, այն էլ՝ մի ժամանակաշրջանում, երբ անգամ որպես հանդիսատես կանանց մուտքը թատրոն արգելված էր։ 20-րդ դարի սկզբին բեմ է բարձրացել թավրիզահայ Վարթո Տերեանը։
«Հայերն են իրանցի դրամատուրգներին ներկայացրել այնպիսի համաշխարհային հեղինակների, ինչպիսիք են Շեքսպիրը, Մոլիերը, Բեն Ջոնսոնը, Չեխովը։ Որպես կայծ են ծառայել նաև մաեստրո [Վահրամ] Փափազյանի բեմադրությունները, մինչ այդ իրանական թատրոնը թազիդեհի (կրոնական ներկայացումներ) և փողոցային այլ բեմադրությունների շուրջ էր։
Մենք հայերին ենք պարտք իրանական ժամանակակից թատրոնի սկզբնավորման համար», - նշում է Նարիմանին։ Ուստի հիմա ցանկանում է օգնել համայնքին, որ հայկական թատրոնը շարունակի ապրել։ Նրա նպատակը փոխարինելը չէ, այլ անցյալի և ներկայի միջև կենդանի կապը վերականգնելը։
Թեև Նոր Ջուղայի խաղացանկը միշտ բազմաժանր է եղել, սակայն հիմնականում՝ դրամաներ։ Այս անգամ «Արարատ»-ը ցանկացել է կատակերգություն ներկայացնել։
«Սա խրթին ու բազմաշերտ ժանր է, դերասանների մեծ մասն առաջին անգամ է բեմ բարձրանում։ Ընտրեցի ներկայացման այնպիսի կմախք, շարժման ու տեսարանների այնպիսի հստակ կառուցվածք՝ հագեցած ժեստերով և ռիթմով, ֆանտաստիկայի տարրերով, որի շուրջ կձևավորվեր ողջ աշխատանքը և կօգներ նորեկներին ապահով զգալ բեմում, հեշտությամբ գտնել իրենց տեղը»,- ասում է բեմադրիչը։
Մոլիերի «Ակամա բժիշկ» պիեսի ընտրությունը Նարիմանիի կողմից նաև կիրառական նշանակություն ուներ։ «Մոլիերը Շեքսպիրի պես հնարավոր է ադապտացնել ցանկացած մշակույթի: Նրանց գրած կերպարներն ու կոնֆլիկտները կարելի է պատկերել տեղական աշխարհընկալմանը համապատասխան՝ առանց իմաստային կորստի», - բացատրում է նա։
Այս ընտրությունը նաև խորհրդանշական է. պիեսը Սպահանում 19-րդ դարում բեմադրված առաջին եվրոպական դրամաներից է եւ հիշեցնում է թատերախմբի փառահեղ անցյալը։
Նարիմանիի նպատակը, իր խոսքով, զուտ ներկայացում բեմադրելը չէ, այլ վստահությունը վերականգնելը թե՛ սկսնակ դերասանների, թե՛ համայնքի մեջ, որը երկար տարիներ ապրել է զգուշության և նահանջի զգացումով։ Կատակերգությունը, ինչպես նա է ասում, կարող է թեթևություն հաղորդել հայ համայնքի առօրյային և կարգապահություն սովորեցնել դերասաններին։
Նոր Ջուղայում ներկայացում բեմադրելն այնքան էլ հեշտ չէ օտարազգի բեմադրիչի համար։ «Արարատ»-ը հայկական տարածք է՝ իր լեզվով, գրված և չգրված կանոններով։ Փորձերի ընթացքում խոսքն անընդհատ փոխվում է մի լեզվից մյուսը։ Նա դիտողություններն ու հուշումները տալիս է մեկ լեզվով, իսկ բեմական տեքստը հնչում է մեկ այլ լեզվով։ Ձայնի հնչերանգի՝ նույնիսկ փոքր բարձր կամ ցածր փոփոխությունը կարող է ամբողջությամբ փոխել ասվածի իմաստը։ Նա ասում է՝ բեմական հայերենն էլ ունի իր շերտերը։ Երևանում իր լսած լեզուն ավելի սուր է՝ աշխարհագրական դիրքով ու ռելիեֆով պայմանավորված, հավանաբար նաև ռուսերենի արտասանական ազդեցությամբ։ Պարսկահայերի լեզուն, իր հերթին, կրում է պարսկերենի հնչյունային ազդեցությունը՝ խոսքն ավելի մեղեդային դարձնելով։
«Յուրաքանչյուր փորձ ըմբռնման դաս է՝ միմյանց, պիեսի, և թե ինչպես են կարող երկու մշակույթ հանդիպել մեկ բեմի վրա», - անկեղծանում է նա՝ նշելով, որ Երևանում անցկացրած ամիսները, հայ մտավորականների հետ շփումը օգտակար են եղել ավելի լայն հայկական համատեքստը հասկանալու տեսանկյունից, որն էլ կիրառում է այսօր։
Ռեժիսորը հույս ունի, որ այս ներկայացումը նաև կծառայի Իրանում հայ-իրանական երբևէ նահանջած մշակութային երկխոսության նորոգմանը։
Տասնամյակներ շարունակ հայկական թատրոնը հիմնականում գործել է փակ դռների հետևում։ Բայց միշտ չէ այդպես եղել․ 140 տարի առաջ այս նույն պիեսը բեմադրվել էր նաև պարսկերեն։ Նարիմանին գիտի՝ հայ համայնքի պարփակումը երեկ չէ սկսել։ Ղաջարների օրոք հայերը, ինչպես մյուս փոքրամասնությունները, առանձնացվում էին․ անգամ առաջին սահմանադրությամբ նրանք ստացան փոքրամասնության պաշտոնական կարգավիճակ։ Հետագայում՝ Փահլավիների շրջանում, այդ սահմանը կարծես սկսեց լղոզվել, բայց իսլամական հեղափոխությունը նորից քաշեց գիծը, այս անգամ՝ ավելի հաստ։ Արդյունքում համայնքը փակվեց իր մեջ․ հայկական ներկայացումները դարձան միայն հայ հանդիսատեսի համար։
«Իրանցիները միշտ էլ հայերին ընկալել են որպես ստեղծագործ և ունակ մարդկանց, յուրային մարդկանց, խնդրում եմ նկատի՛ր, որ նրանց մասին խոսելիս ասում եմ՝ հայախոս իրանցիներ, ոչ թե միգրանտներ»,- ասում է Նարիմանին։
Հայ համայնքը պարփակվեց նաև ինքնապաշտպանության և ինքնության պահպանման նպատակով։ Դա հանգեցրեց շրջապատող միջավայրից արվեստի մեկուսացման։
Հաբիբ Նարիմանիի նպատակը հիմա այդ պատմական սահմաններին մեղմորեն հակադրվելն է՝ նորից բացելու այն տարածքը, որտեղ հայկական թատրոնը կարող է լինել Իրանի մշակութային կյանքի մի մասը՝ առանց իրեն կորցնելու։ Նա նպատակ ունի այս ներկայացումը խաղալ Սպահանի հանրային թատրոնների բեմերում։ Ասում է՝ գրեթե բոլոր թույլտվությունները պատրաստ են, լիահույս է, որ պիեսը լավ ընդունելության կարժանանա ոչ միայն հայ հանդիսատեսի կողմից։
Իրանի այսօրվա իրականությունում թատրոնը կենդանի պահելը վաղուց միայն արվեստի հարց չէ։ Մշտական արտագաղթի հետեւանքով տուժում է դերասանական անձնակազմը, նվազում է հանդիսատեսը, տնտեսական վիճակն օր օրի վատանում է՝ սիրտ ու միջոց չթողնելով մշակույթի համար։ Իսրայելի կողմից Իրանի վրա 2025թ. հարձակումն էր սկսվել։ «Դերասաններից ոմանք ստիպված եղան հեռանալ՝ ապահովություն փնտրելով Հայաստանում,– հիշում է Նարիմանին, - Մնացածներով որոշեցինք չդադարեցնել փորձերը։ Այդ անորոշությամբ լցված օրերի համար բեմական աշխատանքը դարձավ փախուստ՝ վախով, ռմբակոծություններով և օդային տագնապներով լի առօրյայից։ Երկինքը հսկող հակաօդային հրետանու ձայների տակ մենք շարունակում էինք բեմական փորձերը»։
Կատակերգությունը տարօրինակ կարող էր թվալ տագնապալից գիշերների համար, սակայն նաև անհրաժեշտություն էր։
Հայկական համայնքն արդեն դիտել է ներկայացումը, լիաթոք ծիծաղել։ Երբ վարագույրը բարձրանա նաև պարսիկ հանդիսատեսի առջև (ներկայացումը կլինի պարսկերեն), այն պարզապես կատակերգություն չի լինի, այլ նշան, որ տարիներ անց հայկական թատերական արվեստը վերադառնում է իրանական բեմ՝ ապացուցելով, որ արվեստը կարող է հատել քաղաքականության դրած սահմանները։
Լուսանկարները՝ Նազենիկ Սարոյանի, ներկայացման լուսանկարները տրամադրել է Հաբիբ Նարիմանին
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել