HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գեւորգ Պետրոսյան. «Ծրագրային դրույթները պետք է լինեն քաղաքային միջավայրը ձեւավորողը, ոչ թե անձինք»

«Քաղաքաշինական խնդիրները համարելով շատ առավել առաջնային, քան բնապահպանականը` մենք Գյումրիում անվերադարձ կորցնում ենք այն քիչ տարածքներն էլ, որ դեռ գոյություն ունեն: Որովհետեւ ոչ մի շինություն, թեկուզեւ ապօրինի կառուցված, այլեւս չի քանդվի ու տեղում ծառեր չեն տնկվի,-ասում է Գյումրու «Օրհուս» կենտրոնի համակարգող Գեւորգ Պետրոսյանը,-կանաչ տարածքները շատ արագ կարելի է վերածել  շենք-շինությունների: Հակառակ պրոցեսն անհնար է: Նախ յուրաքանչյուր շինություն ունի սեփականատեր, ում իրավունքներն ամրագրված են: Սեփականության իրավունքները պահպանելու համար հսկայական մեխանիզմներ կան պետությունում դրված, եւ այդ տարածքները կրկին հասարակությանը վերադարձնելը գրեթե անհնար է»:

11 ամիս հարկավոր եղավ Գյումրիում գործող բնապահպանական կառույցներին, քաղաքացիական հասարակության ակտիվ հատվածին եւ քաղաքում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին կանաչ տարածքի հաշվին Արագած փողոցում եւս մեկ կառույցի վեր խոյացումն արգելելու համար: 2010թ. մայիսի 15-ին Գյումրու Արագած ճեմափողոցում` երկրաշարժի զոհերի հիշատակի հուշարձանի մոտ, կանաչ տարածքում փորվել էր մի մեծ փոս, որը, ըստ քաղաքի գլխավոր ճարտարապետի, արվել էր ժամանակավոր շինություն կառուցելու նպատակով:

Հարցումների արդյունքում պարզվել էր, որ Գյումրու Արագած փողոցի տվյալ հատվածում 99 տարի վարձակալության ժամկետով, 300 քմ մակերեսով տարածք է հատկացվել Գյումրու բնակիչ Արտյոմ Անտիկյանին` կառուցապատման թույլտվությամբ: Սա այն դեպքում, երբ ըստ Գյումրի քաղաքի գլխավոր հատակագծի եւ Գյումրի քաղաքի պատմական կենտրոնի գոտիավորման նախագծի՝ տվյալ հողամասը հանդիսանում է հասարակական օգտագործման կանաչ տարածք, որտեղ արգելված է կապիտալ շինարարությունը:

Գյումրու «Օրհուս» կենտրոնի ահազանգի շնորհիվ նախ հնարավոր եղավ կասեցնել սկսված շինարարությունը, իսկ հետագայում նաեւ ամբողջությամբ արգելել: Ի վերջո, Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի 2011 թ. մարտի 25-ի N 1065-Ա որոշմամբ չեղյալ համարվեց Արագած ճեմափողոցի կենտրոնական մասի կանաչ տարածքում առևտրի եւ սպասարկման օբյեկտի կառուցման նպատակով քաղաքացի Արտյոմ Անտիկյանին կառուցապատման իրավունքով հողամաս տրամադրելու վերաբերյալ կայացված 2009 թվականի փետրվարի 26-ի, N 300-Ա որոշումը:

«Արագած ճեմափողոցի պարագայում ճիշտ է, մենք հասանք նրան, որ կասեցվեց շինարարությունը, քաղաքապետը հետ վերցրեց իր որոշումը, սակայն տերը, որ ձեռքին ուներ 99 տարով վարձակալության պայմանագիր, տվեց դատարան` քաղաքապետարանի որոշումը չեղյալ հայտարարելու պահանջով,-պատմում է Գեւորգ Պետրոսյանը,-եւ վարչական դատարանը, նախագահությամբ Էդիկ Նահապետյանի, կայացրեց որոշում հոգուտ սեփականատիրոջ»:

Բնապահպանն ասում է, որ դատարանը գործը քննելիս հաշվի չի առել, թե ինչպիսի գործընթացներից հետո է քաղաքապետարանը նման որոշում կայացրել: Անդրադարձ չի եղել հասարակական բողոքներին, բազմաթիվ լսումներին: Դատական գործում ոչ մի տող չկա հասարակության կողմից դատախազություն, նախարարություն, կառավարություն արված ահազանգերի մասին:

«Մեր օրենսդրության մեջ եղած բացերն այնքան շատ են, որ, փաստորեն, դատարանները կարող են շատ բաներ շրջանցելով, հաշվի չառնելով որոշում կայացնել: Դա խայտառակ, ոչ մասնագիտական որոշում է: Այդ տրամաբանությամբ դատավոր Նահապետյանը կարող է ցանկացած բանի հակառակն ապացուցել՝ առանց դրանց հիմքերն ունենալու,-նկատում է բնապահպանը: - Այդ գործը, որ նայում ես, էնպես է ստացվում, որ քաղաքապետը հող է հատկացրել, հետո փոշմանել ու իր իսկ որոշումը չեղյալ է համարել: Բոլոր հանգամանքները չէ, որ քննվել է, ամեն ինչ չէ, որ գործում ներառվել է: Դատարանն անգամ չի անդրադարձել քաղաքաշինության նախարարության տված եզրակացությանը: Թե ինչ հիմքերով է դատը կայացրել հօգուտ հայցվորի, մնում է միայն ենթադրել»:

Դատական գործը շահած սեփականատերը պիտի նոր նախագիծ կազմի, կրկին ուղարկի քաղաքապետարան եւ մարզպետարան: Նախագիծը հաստատման համար մարզպետարանը պիտի ուղարկի քաղաքաշինության նախարարոթյուն: Այնտեղ արդեն մեկ անգամ մերժել են այդ նախագիծը` հօգուտ կանաչ տարածքի:

«Բայց եթե ստացվի այնպես, որ նախարարությունը հանկարծ հավանություն տա այդ նախագծին, կստացվի, որ ինքն իրեն հակասում է,-նկատում է Գեւորգ Պետրոսյանը,-այդ դեպքում մենք դատարան կմտնենք ոչ թե ընդդեմ համայնքապետարանի, այլ ընդդեմ նախարարության»:

«Օրհուս» կենտրոնի համակարգող Գեւորգ Պետրոսյանի համոզմամբ մեր երկրում համայնքային նշանակության կանաչ տարածքներն ամենախոցելի հատվածներն են: Տերը հասարակությունն է, տարածքների պահպանման համար կռիվ տվողները շատ քիչ են`հիմնականում բնապահպանները, մյուս կողմից էլ ՀՀ օրենսդրությունը շատ խիստ չէ պահպանման առումով:

«Կարելի է կանաչ տարածքների մինչեւ 30 տոկոսն ունենալ անջրաթափանց տարածքներ, որոնց միջեւ 15 տոկոսն էլ կարող է լինեն շինություններ, սպասարկման օբյեկտներ ու այդ անվան տակ բոլոր կանաչ տարածքները քաղաքի կենտրոնական հատվածում պարզապես ավիրվում է: Էս է ողջ ճշմարտությունը: Խնդիրը համակարգային է, մոտեցումներն այս խնդրին նախ պետք է վերեւներում փոխել»,-նկատում է Գեւորգը:

Եթե մինչեւ երկրաշարժը կանաչ գոտիները Գյումրիում կազմում էին 504 հա, ապա ներկայում մնացել է ընդամենը 200 հա-ը, որից իրականում, ոչ պաշտոնական տվյալներով, կանաչ գոտի է հանդիսանում մոտ 80 հա-ն: Կանաչ գոտիների ընդհանուր օգտագործման մակերեսները զբաղեցված են ավտոկանգառներով, առեւտրի եւ սպասարկման ժամանակավոր տաղավարներով:

«Վիճակը Գյումրիում պայմանավորված է մի շարք գործոններով`երկրաշարժ, անկանոն կառուցապատում, տնակային թաղամասերի առկայություն, գոտիավորման նախագծի բացակայություն,-ասում է Գեւորգ Պետրոսյանը,- ցանկացած հողահատկացում պետք է համապատասխանեցնել երկու կարեւոր փաստաթղթերի` գլխավոր հատակագծի եւ գոտիավորման նախագծերի հետ: Վերջինը մենք չունենք, իսկ գլխավոր հատակագիծ Գյումրին ունի ընդամենը 2005թ-ից»:

Գյումրիում դեռեւս առկա տնակային թաղամասերը հայտարարված են որպես կանաչ տարածքներ: Սակայն քանի դեռ լուծված չէ անօթեւանության խնդիրը, գյումրեցիները կանաչ տարածքների մասին պիտի մոռանան: Կանաչ գոտիներ հայտարարված տարածքների մի մասն էլ ժամանակի ընթացքում կառուցապատվել են:

«Չգիտես ինչու իշխանությունների գիտակցության մեջ նստած է, որ բնապահպանությունը սոցիալական, տնտեսական զարգացմանը մշտապես խոչընդոտող ոլորտ է, ոչ թե օգնող: Տեղական ինքնակառավարման մարմինները կանաչ տարածքները տանում են համակարգային ոչնչացման`չպահպանելով որեւէ ազատ տարածք` մարդու գիտակցության, կենսակերպի մեջ ամեն ինչ պատելով շինություններով,-ասում է «Օհրուս» կենտրոնի ղեկավարը,- կենտրոնական հրապարակի եղեւնիները քաղաքապետը ցանկանում էր հատել միայն նրա համար, որ դիմացի շենքերի ֆասադը չէր երեւում, հետո էլ ինքն այդ ծառատեսակը չի սիրում: Դա մենք կանխեցինք, սակայն տարիներ առաջ Հայհուհու հրապարակում կարողացան հատել 4 եղեւնի`պատճառաբանությամբ, թե խաթարում է հրապարակի տեսքը, որոշումն էլ պարզվեց կայացրել էր ավագանին, թեպետ հետագայում ճշտեցինք, որ որոշում կայացնողների ճնշող մեծամասնությունը դրանից տեղյակ չէր: Եղեւնիների փոխարեն այլ ծառատեսակ էին խոստացել տնկել, սակայն դա էլ մինչեւ օրս չի արվել»:

Գեւորգն ասում է, որ ժամանակին Գյումրիում տվյալ կանաչապատ տարածքը շինհրապարակի վերածելու համար բավական հետաքրքիր գործելակերպ են որդեգրած եղել իշխանությունները: Կառուցապատման նպատակով «աչքի տակ առած» տարածքը վերածել են աղբավայրի: Հետո հայտարարել, թե «ժողովուրդ, մենք ուզում ենք էս վատ տարածքը կառուցապատենք, վերածենք լավ տարածքի», մարդիկ էլ միանգամից համաձայնվել են, միայն թե տարածքը մաքրվի:

«Մյուս տարբերակն էլ էն հիստերիկ մոտեցումն է, թե ներդրումների առումով Գյումրին հրապուրիչ չէ, հիմա ներդրող է հայտնվել, էս տարածքն է ուզում, բան չկա, ժողովուրդ ջան, թող կառուցի, թող իրա ուզածով ու ճաշակով լինի եւ ոչինչ, որ դա կարող է հարված հասցնել կանաչ տարածքներին կամ չհամապատասխանի գոտիավորման նախագծին»,-նկատում է Գեւորգ Պետրոսյանը:

Սկզբունքորեն նմանատիպ խախտումները շարունակական են: Ըստ բնապահպանի, մեղավորը կառավարության վարած քաղաքականությունն է: Տեղական ինքնակառավարման մարմինները 3 կամ 5 տարին մեկ դիմում են կառավարությանը եւ խնդրում թույլատրել օրինականացնել ապօրինի շինությունները.դրանք բնակելի շինություններ են, թե օբյեկտ` չի տարանջատվում: Կառավարությունը թույլատրում է, ու բոլոր խախտումներն օրինականացվում են: Համայնքի ղեկավարը դրանից հետո անցնում է հաջորդ փուլին: Նորից թույլատրվում են տարածքների անօրինական կառուցապատում, կրկին խախտվում է գլխավոր հատակագիծը, կրկին դիմում են կառավարությանն ու այդ ամենը օրինականացնելու թույլտվություն ստանում: Սա արդեն բավական լավ մշակված գործելակերպ է դարձել: Մեկ անգամ գործընթացը բարեհաջող իրականացվել է ու այսպես համակարգված շարունակվում է:

Ծառերի սպանդ՝ հանուն փողոցաշինության 2009թ. օգոստոսյան զանգվածային ծառահատում Ամենափրկիչ եկեղեցու հարեւանությամբ

«Ստվերային հատվածի մասին մենք շատ չենք խոսում, եւ հասարակությունը տեղյակ է միայն դրական կողմերին, թե այ ինչ լավ եղավ, տնակային թաղամասում մի հատ տուն էինք սարքել եւ թույլատրեցին օրինականացնել: Բայց իրականում շահեցին օբյեկտների տերերը: Իմ կարծիքով, պետք է որոշման մեջ նշվի ոչ թե «շինություն» բառը, այլ, ասնեք, կոնկրետ բնակելի տուն: Ասելով բոլոր շինությունները՝ սրանով ազատություն ենք տալիս համայնքի ղեկավարին կատարելու «օրինական» խախտումներ: Հարկավոր է տարանջատել, այլապես պետական քաղաքականությունը նպաստում է, որ տեղերում տեղական ինքնակառավարումը իր ինքնագլխությունները օրինականացնի եւ հիմնականում կանաչ տարածքների հաշվին»,-բացատրում է Գեւորգը:

Բնապահպանը բերում է նույն Արագած ճեմափողոցի օրինակը, երբ գիշերով հաստաբուն ծառեր էին հատվում, հետո փոսեր էին հայտնվում, հետո շինություններ: Այն ժամանակ, ցավոք, հասարակական լայն արձագանք չեղավ այս ամենի հետ կապված: Իրազեկում չկար, մարդիկ զրկվեցին կանաչ տարածքներից ու որեւէ տեղ բողոքելու տրամադրություն էլ չունեին, որովհետեւ կենտրոնական մի հատված պիտի մաքրվեր, այսպես կոչված՝ աղբավայրից:

«Օդային ավազանի աղտոտվածության, օդում փոշու պարունակության քանակով Գյումրին Հրազդան եւ Արարատ քաղաքների հետ նույն եռյակում է ընդգրկված: Եվ նման խնդիր ունեցող քաղաքի ավագանին, առանց երկար-բարակ մտածելու, կարող է կանաչ տարածքների ոչնչացման որոշումներ կայացնել`հօգուտ հերթական մի օբյեկտի,-դժգոհում է Գեւորգ Պետրոսյանը,-առաջիկա ընտրություններում ձեւավորվող համայնքային իշխանությունը, կարծում եմ՝ պետք է կարեւորի այս խնդիրը: Հույս ունենք, որ նոր ավագանին կլինի քաղաքաշինական եւ բնապահպանական հատվածի նկատմամբ հետեւողական քաղաքականություն վարող ավագանի: Ծրագրային դրույթները պիտի լինեն քաղաքային միջավայրը ձեւավորողը, թելադրողը պիտի լինեն ծրագրերը, ոչ թե անձինք»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter