
Պոչատ աղվեսի հեքիաթը արդարադատության համակարգում դեռ արդիական է, կամ Մխեյանն արձակուրդ է գնացել
«Դեռ 2011թ. սկզբում արդարադատության համակարգի աշխատանքը նման էր պոչատ աղվեսի մասին հեքիաթին, որտեղ աղվեսը հերթով դիմում է հեքիաթի տարբեր հերոսներին` խնդրելով անել այս կամ այն գործը, որպեսզի արդյունքում նա հետ ստանա իր պոչը»: Այսպիսի հայտարարություն էր արել ասուլիսներից մեկի ժամանակ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
Նախարարության դեռեւս անցյալ տարվա գործունեության հիմնական ուղղություններից մեկը եղել է «բյուրոկրատական քաշքշուկի նվազեցման ուղղությամբ կատարված աշխատանքը»: Այժմ՝ գրեթե մեկ տարի անց, եկել է ճիշտ ժամանակը՝ տեսնելու՝ արդյոք այդ քաշքշուկը նվազե՞լ է ինչ-որ չափով, ինչպես հավաստիացնում էր նախարարը:
Այս պահին էլ պարբերաբար լինում են բողոքներ արդարադատության համակարգում բյուրոկրատական քաշքշուկի ավելացման մասին:
Բերենք մեկ օրինակ նմանատիպ դեպքերից:
Տվյալ դեպքը սփյուռքահայ գործարար Սարո Հարթունյանի կողմից իր՝ 31.10.2011թ. մահացած հորը պատկանած «Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս» ՍՊԸ-ի 100% բաժնեմասերը կտակի հիման վրա ժառանգելուն է վերաբերում:
Նախ հարկ է նշել, որ այդ ընկերության գործունեության հետ կապված 2011թ. հունիսին հարուցված քրեական գործով ՊԵԿ-ի քննիչ Ռաֆայել Մկրտչյանի կողմից կիրառված արգելանքների և ընկերության աշխատակիցներին հերթով հարցաքննության հրավիրելու և կոլեկտիվում անվստահության մթնոլորտ ստեղծելու հետևանքով ընկերության գործունեությունը խաթարվեց, տասնյակ աշխատակիցներ ազատվեցին աշխատանքից: Ի վերջո, հարկային մարմինը զրկվեց մի քանի տասնյակ միլիոնի հասնող դրամաշրջանառություն ունեցող հարկ վճարողից:
Այսպիսով, ձեռնարկատիրական գործունեությունը ձախողվեց:
Սակայն ընկերությունը վարկային պարտավորություններ ունի, որի մարման համար գոնե հնարավորություն պետք է տրվի, որպեսզի ընկերությունն օտարի այլևս ոչ անհրաժեշտ արժեքավոր գույքը և իր սեփականությունը հանդիսացող տարածքները վարձակալությամբ տա՝ այդ գումարներով հոգալու ընթացիկ պարտավորությունները: Դրա համար անհրաժեշտ էր կիրառված արգելանքները վերացնել և ժառանգական գույք հանդիսացող ընկերության բաժնեմասերը ձևակերպել Սարո Հարթունյանի անվամբ, որպեսզի վերջինս, որպես ընկերության միակ մասնակից, համապատասխան որոշումներ կայացնի:
Արգելանքների վերացման հարցում դատարանները համապատասխան դրական որոշումներ կայացրեցին, և այդ հարցը լուծում ստացավ:
Ընկերության բաժնեմասերի ժառանգության ձևակերպման հարցն արդեն 3 ամիս է՝ անհարկի ձգձգվում է:
2012թ. ապրիլին Սարո Հարթունյանի ներկայացուցիչը /եղբայրը/ դիմեց ժառանգության բացման վայրի նոտարական գրասենյակ, որտեղ ինչպես կտակն է ժամանակին կազմվել և վավերացվել, այնպես էլ ժառանգության ընդունման վերաբերյալ դիմում է տրվել: Նոտարը պահանջեց անհրաժեշտ փաստաթղթերը, կարճ ժամկետում դրանք ամբողջությամբ ներկայացվեցին:
Այնուհետև նոտարը պատճառաբանեց, որ Նոտարիատի և քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների գործունեության օրինականության վերահսկողության բաժնի պետ Դանիել Մխեյանի հետ խորհրդակցել է, և վերջինս կարծիք է հայտնել, որ ժառանգությունը ենթակա չէ ձևակերպման:
Պատճառաբանություններն առայսօր հայտնի չեն:
Նոտարը, ըստ էության կաշկանդված լինելով Մխեյանի այդ կարծիքով, խնդրեց, որ փաստաթղթերը մեկ այլ նոտարի ներկայացվի:
Այստեղ հարկ ենք համարում հիշեցնել, որ «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածը սահմանում է. «Նոտարի իրականացրած նոտարական կամ այլ գործողությունների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է արդարադատության նախարարությունը՝ նախարարի սահմանած կարգով»:
Նույն օրենքի 4-րդ հոդվածն էլ սահմանում է. «Նոտարը նոտարական գործողություն կատարելիս կամ նոտարական այլ գործունեություն իրականացնելիս անկախ է և ենթարկվում է միայն օրենքին»:
Գալով նույն գործին՝ նշենք, որ հերթական նոտարը ուսումնասիրեց ու զննեց բոլոր փաստաթղթերը, հայտնեց, որ գործարքն օրինական է, լրացուցիչ փաստաթղթեր պահանջեց և մեկ ամիս անց, առանց պատճառաբանության, փաստաթղթերը վերադարձրեց: Դրանից հետո երկու այլ նոտարների ներկայացվեցին փաստաթղթերը, և նրանից յուրաքանչյուրը, ուսումնասիրելով փաստաթղթերը, հայտնեց, որ կարող է ժառանգության վկայագիր տալ, սակայն երբ նրանց տեղեկացվեց առաջին նոտարի կողմից գործարք չկատարելու պատճառը, հրաժարվեցին և վերադարձրին փաստաթղթերը:
Հիշեցնենք, որ ամերիկաբնակ Սարո Հարթունյանին հնարավոր չէր բացատրել, թե ինչ իրավական հիմքով չեն իրականացվում նոտարական գործողությունները, և նա պահանջեց պաշտոնական մերժում, որպեսզի պարզ լինի, թե որն է խնդիրը:
Փաստաթղթերը դիմումի հետ միասին 26.07.2012թ. ներկայացվեցին առաջին նոտարին: Նա էլ, դժկամությամբ ընդունելով փաստաթղթերը և դրանք մի կողմ դնելով, «իրեն ապահովագրելու» համար նույն օրը ինչ-որ դիմում է գրել «վերադասին»` պարոն Մխեյանին:
10 օր, և լուր չկար: Սարո Հարթունյանի փաստաբանը զանգահարում է պարոն Մխեյանին և վերջինիցս տեղեկանում, որ դեռևս հարցը չի ուսումնասիրել, սակայն նոտարի կողմից ակնկալվող գրավոր պատասխան չի կարող տրամադրել, քանի որ դա կհամարվի միջամտություն նոտարի գործերին, սակայն մի քանի օրից նոտարին իր կարծիքը բանավոր կհայտնի:
Դրանից ավելի քան տասը օր անց նոտարը հայտնում է, որ պարոն Մխեյանը արձակուրդ է գնացել: «Սպասեք, նա սեպտեմբերի 3-ից հետո կվերադառնա, իսկ մինչ այդ ինքը ոչինչ չի կարող անել»,-եղել է պատասխանը:
Հարց է ծագում. Մխեյանն ի՞նչ կապ ունի նոտարի կողմից Սարո Հարթունյանի ժառանգության ձևակերպման հետ:
Ստացվում է, որ նոտարական գործունեության ոլորտում բյուրոկրատական քաշքշուկը չի վերացել: Սարո Հարթունյանի փաստաբանը առաջիկա օրերին պատրաստվում է հայցադիմում ներկայացնել վարչական դատարան և ակնկալում է, որ դատարանն այդ գործով նաև մասնավոր որոշում կայացնի:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել