HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հայաստանից կառավարվող խումբը 11 երկրի քաղաքացիներից մի քանի հարյուր միլիոն դրամ է հափշտակել

Հայաստանում բացահայտվել է ֆինանսական խարդախություններ անող հանցավոր խումբ, որի անդամները թիրախավորել են մի շարք երկրների քաղաքացիների: Տիրանալով տուժողների բանկային քարտերին տվյալներին՝ խմբի անդամները հանել են քարտերի գումարները, ձևակերպել վարկեր: «Հետքի» աղբյուրի փոխանցմամբ, տուժողները հիմնականում Նիդերլանդների, Իռլանդիայի, Շվեդիայի, Դանիայի, Բելգիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ավստրիայի և Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ են: Նրանց պատճառվել է մոտ 411 մլն դրամի վնաս: Խմբի անդամներից առնվազն մեկը ՀՀ նախկին պաշտոնյա է:

Քննչական կոմիտեն 2026թ. փետրվարի 4-ին հաղորդագրություն էր տարածել խմբի գործունեության մասին, որ հանցավոր կազմակերպության անդամները ստեղծել են բարձր տոկոսով եկամուտ ապահովող ներդրումային կայքեր, հարթակներ, գոյություն չունեցող ընկերությունների կայքեր։ Ապա մարդկանց ուղղորդել են տարբեր չափի գումարներ փոխանցել իրենց կողմից կառավարվող հաշվեհամարներին, ինչից հետո տնօրինել են դրանք։ Արդյունքում, հանցավոր կազմակերպության անդամները յուրացրել են բազմաթիվ արտասահմանցի տուժողների՝ առանձնապես խոշոր չափերով ֆինանսական միջոցները:

Նախաքննությամբ հիմնավորվել է, որ հանցավոր կազմակերպությունը հափշտակել է առնվազն 410 մլն 853 հազար դրամ:

2025թ. դեկտեմբերի 22-ին Քննչական կոմիտեն ևս մեկ նմանատիպ հաղորդագրություն էր տարածել՝ անդրազգային հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի մասին:

Նախաքննական մարմինը հայտնել էր, որ հանցավոր կազմակերպության անդամները ներկայացել են կեղծանուններով՝ իբրեւ իրավաբաններ, միջազգային ընկերությունների, կրիպտոհարթակների ներկայացուցիչներ, ֆինանսական պատասխանատուներ եւ կատարել համակարգչային հափշտակություններ։ Ըստ Քննչական կոմիտեի՝ հանցավոր կազմակերպության ղեկավարը կալանավորվել է, իսկ մասնակցի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը:

Մեր աղբյուրի հաղորդմամբ՝ կալանավորված անձը Արշակ Օրդուխանյանն է: Նրա նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, մեղադրվում է 2024թ. նոյեմբերից մինչև 2025թ. հուլիսի 1-ը այլ անձանց հետ հանցավոր կազմակերպություն ղեկավարելու մեջ: Ըստ մեղադրանքի՝ Ա. Օրդուխանյանը հանցավոր կազմակերպության տասնյակ այլ անդամների, ղեկավարների և կազմակերպության անդամ չհանդիսացող այլ անձանց միջոցով, նրանց հետ համատեղ, նույն ժամանակահատվածում իրականացրել է առանձնապես խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ:

Քրեական գործը քննվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Սամվել Յուզբաշյանի նախագահությամբ: Ա. Օրդուխանյանի պաշտպանները վերաքննիչ բողոք են ներկայացրել՝ պահանջելով նրա նկատմամբ կիրառել տնային կալանք կամ վարչական հսկողություն՝ համակցված բացակայելու արգելքի և գրավի հետ:

Արշակ Օրդուխանյանը եղել է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի խորհրդականը՝ հասարակական հիմունքներով։ Նա այդ պաշտոնում նշանակվել է 2021թ. նոյեմբերի 4-ին։ Ա. Օրդուխանյանն ընդգրկված էր 2021թ. հունիսի 20-ին նշանակված Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում: Օրդուխանյանն ինքնաբացարկի դիմում է գրել և ցուցակից դուրս է եկել 2025թ. ապրիլի 9-ին՝ այդպես էլ պատգամավոր չդառնալով: Նա պետք է փոխարիներ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանին՝ մանդատը վայր դնելուց հետո, քանի որ ցուցակի հաջորդ թեկնածուն էր: Հավանաբար, ինքնաբացարկի դիմումի պատճառը նախաձեռնված քրեական վարույթն է եղել:

Այս երկու հաղորդագրություններում նկարագրված դեպքերն ընդհանրություն ունեն: Խմբերը գործել են նույն սխեմայով և համակարգված: Քննչական կոմիտեի 2026թ. փետրվարի 4-ի հաղորդագրության մեջ նշված մեկ անձը, պարզեցինք, ՀՀ քաղաքացի չէ, նա աֆրիկյան մի երկրից է, սակայն գտնվել է Հայաստանում: Նշված անձը եւս կալանավորված է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter