HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ախթալայի նախկին եւ գործող քաղաքապետերի ընտրապայքարի առանցքում փոխադարձ մեղադրանքներն են

Սեպտեմբերի 9-ին Ախթալայում կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքապետի պաշտոնի համար առաջադրվել է 2 հանրապետական թեկնածու: Գործող քաղաքապետ Հայկազ Խաչիկյանին առաջադրել է Հանրապետական կուսակցության գործադիր մարմինը: Իսկ Ախթալայի նախկին քաղաքապետ Սուրեն Թամազյանն  ինքնաառաջադրմամբ է դարձել թեկնածու: Վերջինս դժգոհեց Հանրապետական կուսակցությունից իր թեկնածությունը չպաշտպանելու համար. «Ես 20 տարվա կուսակցական եմ, ինքն էլ (նկատի ունի Հայկազ Խաչիկյանին-հեղ.) հենց որոշեց, որ քաղաքապետ պետք է դառնա, ընդունվեց այդ կուսակցություն»,- ասաց նա:    

Ախթալայի հրապարակում մեր հարցումները ցույց տվեցին, որ համայնքի   բնակիչները գոհ են գործող քաղաքապետի աշխատանքից. «Վերջին 4 տարիներին Ախթալան անճանաչելիորեն փոխվել է: Հայկազի կատարած աշխատանքները շատ են:  Մինչև Հայկազի քաղաքապետ ընտրվելը մեր քաղաքի աղբարկղերի կողքով անցնել չէր լինում, հիմա լրիվ մաքուր է: Ես կուզենամ Հայկազ Խաչիկյանն ընտրվի քաղաքապետ»,- ասաց բուժքույր Անուշ Ավետյանը: Ախթալացիներ Սուսաննա Գալստյանը, Անուշ Բեգջանյանը, 85-ամյա կենսաթոշակառուներ Սավա Դավիդովը,   Հմայակ Օհանյանը, Վահան Խասիկյանը և Մարտիրոս Թամազյանը նույնպես գոհ էին Խաչիկյանի աշխատանքից:

Խաչիկյանի թեկնածությանը դեմ են Ախթալայի այն բնակիչները, ովքեր կապ ունեն Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի սեփականատեր Սերոբ Տեր-Պողոսյանի հետ: «Հիմա Սերոբի թիմը իրենց խանգարում է, իրար հետ լարվածություն ունեն: Այն ժամանակ իրենք Սերոբին օգտագործեցին իմ դեմ: Հիմա ինձ հետ սերոբականները սովորական են»,- ասում է Սուրեն Թամազյանը: Փաստենք, որ լեռնահարստացման կոմբինատի (ԼՀԿ) անվտանգության ծառության պետ Արսեն Չիթչյանի (մականունը` Բոդոլ) ղեկավարությամբ Սերոբ Տեր-Պողոսյանի համախոհները հիմա աշխատում են Ս. Թամազյանի օգտին: 

Հայկազ Խաչիկյանը չհերքեց, որ 2008թ. քաղաքապետ է ընտրվել նաև Սերոբ Տեր-Պողոսյանի աջակցությամբ, սակայն Տեր-Պողոսյանի  հետ նրանց «ջուրը  մի առվով չի հոսել»: Քաղաքապետ ընտրվելուց մեկ ամիս անց Տեր-Պողոսյանը նորընտիր քաղաքապետից պահանջել է իր անունով սեփականաշնորհել Ախթալայի զբոսայգու տարածքը, ֆուտբոլի դաշտը, լողավազանը և քաղաքի վարչական տարածքում գտնվող  հեռուստաաշտարակի շենքը: Խաչիկյանը մերժել է. «Դրանք  պետք է վերանորոգվեն և ծառայեն Ախթալայի բնակչությանը»,- պատասխանել է նա:   

Վերջինս ասաց, որ Ս. Տեր-Պողոսյանի մանկապղծության արարքները նկատել է  2009-2010 թթ., երբ «Նևա-Ռուս» ընկերությունը գնել է «Մեթըլ Փրինս»-ի բաժնետոմսերի 80 տոկոսը և դրա համար 40 մլն դրամ է փոխանցել Տեր-Պողոսյանին: «Նկատեցի, որ Սերոբը մի տեսակ հակվածություն ունի դեպի տղաները»,- ասաց   քաղաքապետը: Տեր-Պողոսյանն էլ քաղաքապետի վարքագծում է իր նկատմամբ անվստահություն նկատել. «Այդ ժամանակ էլ նա ինձ ասաց. եթե կռիվ եք ուզում, մենք կկռվենք: Այդ պահից էլ մեր ու Սերոբի կռիվը սկսվեց»,-ասաց Հայկազ Խաչիկյանը:   Այդ կռիվը Տեր-Պողոսյանի ձերբակալվելուց հետո Հայկազ Խաչիկյանի դեմ շարունակում է Բոդոլը, ով Ախթալայի ենթաշրջանի հեղինակություններին իր ազդեցության շրջանակում պահելու համար օգտագործում է կոմբինատի սեփականատիրոջ փողերը: Ինքը` Արսեն Չիթչյանը, 90,000 դոլար արժողությամբ BMV X 5 մակնիշի ավտոմենքենա է վարում: 

Հայկազ Խաչիկյանը «Հետքին» ներկայացրեց իր պաշտոնավարման 4 տարիներին Ախթալայում կատարված աշխատանքները: Նա ասաց, որ մինչ իր քաղաքապետ ընտրվելը Ախթալայի համայնքի բյուջեի սեփական եկամուտների հավաքագրումը կազմել է 6,3 մլն դրամ: Նորընտիր քաղաքապետը սեփական եկամուտների   հավաքագրման տարեկան 1մլն դրամ աճ է արձանագրել: 2012թ. համայնքի բյուջեի  սեփական եկամուտների հավաքագրումը կազմել է 13 մլն դրամ: Համայնքի 2012թ. բյուջեի եկամուտների մուտքերը կազմել են 42 մլն դրամ: Հայկազ Խաչիկյանը   հայտնեց, որ իր պաշտոնավարման 4 տարիներին «Մեթըլ Փրինս»-ից կանոնավոր կերպով տարեկան գանձվել  է 1,5 մլն դրամ բնապահպանական վճար: Նախկինում քաղաքում կար ընդամենը երկու լուսատու, իր պաշտոնավարման ընթացքում տեղադրվել է 70 լուսատու քաղաքի Բարիտ, Սվինեց, Սարահարթ և Առափնյա թաղամասերում: Քաղաքում տեղադրվել է 45 աղբարկղ, ցանցապատվել է գերեզմանոցը,  գազիֆիկացվել է Բարիտ թաղամասը, վերանորոգվել են Ախթալայի 2 մանկապարտեզները, քաղաք գնացող ճանապարհի 2 կամուրջները: Երեխաների համար խաղահրապարակ է կառուցվել, վերջին 2 տարիներին վերանորոգվել են քաղաքի 11 շենքերի տանիքները, օգոստոսի վերջեին կսկսվի ևս 2 շենքի տանիքների վերանորոգումը: «Իմ պաշտոնավարման 4 տարիներին ես 420 մլն դրամի կապիտալ  շինարարություն եմ իրականացրել, որը 10 անգամ ավելի է, քան  համայնքի տարեկան  բյուջեն»,- ասաց Հայկազ Խաչիկյանը: 

Սուրեն Թամազյան Հայկազ Խաչիկյան

Վերջինս հայտնեց, որ քաղաքապետի թեկնածու Սուրեն Թամազյանը համայնքի բյուջեին պարտք է մոտ 1,5 մլն դրամ: Շուկայականից թանկ գնով ավտոմեքենա գնելու համար 2010թ. Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը վճռել է, որ Սուրեն Թամազյանը որպես վնասի փոխհատուցում պետք է համայնքի բյուջեին 1մլն 185 հազար դրամ վճարի: Նախկին քաղաքապետը դեռևս բյուջեին չի վճարել դատարանի վճռով սահմանված վնասի փոխհատուցումը: Սուրեն Թամազյանը և նրա ընտանիքի անդամները համայնքի բյուջեի նկատմամբ նաև 300 հազար դրամի հարկային պարտավորություն ունեն: Պարտքերի առնչությամբ «Հետքը» խնդրեց քաղաքապետի թեկնածուի մեկնաբանությունը. «Ես սխալվել առել եմ էդ մեքենան, դու էլ մեքենան կծախեիր, փողը նպատակային կօգտագործեիր: Ինչու՞ ես մինչև օրս քշում էդ մեքենան, բարոյական տղա»,- Խաչիկյանին հարցն ուղղելով՝ պատասխանեց Ս. Թամազյանը: Իր ընտանիքի անդամների հարկային պարտավորությունների կապակցությամբ էլ Թամազյանն ասաց. «Հնարավոր է՝ ունենանք: Փող կունենանք, կտանք»: 

Վերջինս էլ Հայկազ Խաչիկյանին մեղադրեց, թե վերանորոգված շենքերի հին թիթեղները տեղափոխել է իրենց ընտանիքին պատկանող ջերմոց: Դրա հետ կապված՝ Հայկազ Խաչիկյանը մեկնաբանեց. «Նախ՝ մենք ջերմոց չունենք, երկրորդ՝ կարելի է հանձնաժողովով ստուգել, թե մեր տարածքում թիթեղ կա՞, թե՞ ոչ»: Հակազ Խաչիկյանը ներկայացրեց Սուրեն Թամազյանի պաշտոնավարման տարիներին տեղի ունեցած այլ օրինախախտումներ. «570 քմ տարածք է 575 դոլարով սեփականացրել Ախթալայի հրապարակին հարող շենքում, 74,000 դրամով 83քմ տարածք է սեփականացրել քաղաքի Աբովյան 19 շենքի առաջին բացվածքում, նույն շենքի 210 քմ բացվածքն էլ 132,000 դրամով է սեփականացրել: 

Մեկնաբանություններ (4)

Սրտացավ ախթալեցի
Ի գիտություն Սուրեն Թամազյանին.... Զեր վերը նշած բարոյական տղան` Հայկ Խաչիկյանը, այս 4 տարիների ընթացքում 420 մլն դրամի կապիտալ շինարարություն է իրականացրել, որը 10 անգամ ավելի է, քան համայնքի տարեկան բյուջեն, դրա համար էլ մեքենան ծախելու կարիք ամենևին չի ունեցել: Իսկ եթե դուք այդքան սրտացավ եք մեր համայնքի համար, ինչը խիստ կասկածում եմ,ապա կարող եք վերը նշված` մոտ 1,5 մլն դրամ Զեր անձնական պարտքը վճարեք համայնքի բյուջե նպատակային օգտագործելու համար:
Մանե
ես սրտացավ խաչիկըանների սրտակերն ես ինչ թվերի մասին ա խոսում, փաստորեն քաղաքապետի գործը մեռելների գործից օգուտ գործ ա, էդ ախթալայում 420մլն դրամի ինչ ա արվել հետաքրքիր ա, կարող ա մետրո եք կառուցել թաղամասից թաղամաս գնալու համար, ամոթ ա ամոթ գոնե էդ թվերը մի գրեք,թողեք ես խեղճ ժողովուրդը միամիտ ապրի,իսկ ինչ վերաբերվում ա եդ նախկին քաղաքապետի պարտքին, էդ էլ դրանք սարքեցին որ ինչ գնով ըլնի քաղաքապետ դառնան,դրանց հերթական շանտաժներն ա, ով չի դրանց ճանաչում, թող հլա իրանք իրանց թալանածը, մի ամբողջ հանրապետության բյուջե են թալանել, որի թվերի մասին դեռ էսօր, թերթերը գրում են , տան, նոր խոսեն եդ կոպեկների մասին, նենց որ հարգելի սրտացավ ախթալեցի, ես քեզ խոստանում եմ, որ շատ շուտով թերթերը կգրեն նաև եդ 420մլն թալանի մասին,բոլորս էլ լավ գիտենք, որ թալանելու ընդունակ մարդիկ, չեն կարող փոխել իրենց սովորությունները ...
Ադամ
ժողովուրդ ջան, ես ձեր գրածներից ոնց հասկանում եմ, գործող քաղաքապետի բախտն ավելի ա բերել, սրա օրոք խոսքը բավականին լուրջ թվերի մասին է, բայց ինչի ա ձեր քաղաքապետի հայացքը սենց զարմացած ու զայրացած, խալխը ձեր համայնքի իրարանցումից ա զարմանում, դե ինքն էլ երևի իրա բախտից հա? էս ով ես ով:-)
Akhtaleci
Menq xosum enq gorcox qaxaqapeti`Hayki katarac lurj u tesaneli ashatanqneri masin, ete duq kuyr eq u cheq uzum nkatel qaxaqum katarvox popoxutyunnery da zer anzi xndirna. Isk en talany vory katarela naxkin qaxaqpet Tamazyany et parzvela 2009tvakani finansneri naxararutyun stugumneri jamanak. Karoxeq entexic parzel ete cheq havatum.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter