HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գիտաժողով՝ «Թանգարանը եւ գրավոր հաղորդակցությունը» թեմայով

2012թ. հոկտեմբերի 20-ից 25-ը Երևանում՝ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտում, անցկացվելու է Թանգարանների միջազգային խորհրդի Կրթություն և մշակութային գործունեություն միջազգային կոմիտեի (ՍԵԿԱ) տարեկան 41-րդ գիտաժողովը: «Թանգարան և գրավոր հաղորդակցություն. ավանդույթ և նորարարություն» խորագրով գիտաժողովի նախաձեռնողներն ու կազմակերպիչներն են ԻԿՕՄ-ի Հայաստանի ազգային կոմիտեն և «Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիա» ՀԿ-ն՝ ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Գիտաժողովն իրականացվելու է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը 2012թ-ին գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու միջոցառումների շրջանակում:

Կրթության և մշակութային գործունեության կոմիտեն ԻԿՕՄ-ի կազմի մեջ մտնող ամենահին  և ամենամեծ  միջազգային  կոմիտեներից է, այն ունի շուրջ 1300 անդամ, որոնք աշխարհի տարբեր թանգարանների թանգարանային կրթության, մանկավարժության և մշակութային գործունեության ակնառու մասնագետներ են: Կոմիտեի տարեկան գիտաժողովները վերջիններիս համար մասնագիտական հանդիպման առիթ են, որի ընթացքում թանգարանագիտական ոլորտում առկա տարբեր հարցեր ու խնդիրներ են քննարկվում:

«Թանգարանը և գրավոր հաղորդակցությունը. ավանդույթ և նորարարություն» խորագրով գիտաժողովը 5 օրով կվերածվի մի ինքնատիպ մասնագիտական հարթակի, որտեղ միջազգային մակարդակով կքննարկվեն թանգարաններում ներկայացվող տարաբնույթ տեքստերին առնչվող  խնդիրներ: /Տեքստը, լայն առումով, տեղեկատվության համակողմանի աղբյուրն է, որն այցելուին ներկայացվում է թանգարանային ցուցադրության մեջ ամփոփված նյութական ու հոգևոր արժեքների, բացատրագրերի, պիտակների, իրականացվող կրթական ծրագրերի, գրքի, նորագույն տեխնոլոգիաների, համացանցի, սոցիալական մեդիայի և այլնի միջոցով:/

Գիտաժողովի շրջանակներում հայ մասնագետների համար կանցկացվեն վարպետաց դասեր, որոնք կվարեն աշխարհի հեղինակավոր թանգարանների մասնագետները:

Գիտաժողովի ծրագիրը ներառում է գիտական զեկուցումներ, քննարկումներ, գործնական պարապմունքներ, ինչպես նաև ճանաչողական ուղևորություններ դեպի հայաստանյան թանգարաններ ու պատմամշակութային տեսարժան վայրեր: Գիտաժողովի հիմնական զեկուցողները ճանաչված մասնագետներ են ինչպես աշխարհի հեղինակավոր թանգարաններից (Լուվր, Բրիտանական թանգարան եւ այլն), այնպես էլ Հայաստանից:

Գիտաժողովին մասնակցելու համար Երևան է ժամանելու նաև ԻԿՕՄ-ի նախագահ Հանս Մարտին Հինզը:

Գիտաժողովի համար ստեղծվել է առանձին կայք ՝ ceca12.icom-armenia.org, որի միջոցով տարածվում է տեղեկատվությունն ու իրականացվում մասնակիցների գրանցումը: Արդեն 30 երկրների 50 թանգարաններից գրանցվել է շուրջ 70 պատվիրակ:

Գիտաժողովն անցկացվելու է «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի թանգարան ինստիտուտում, իսկ գործնական պարապմունքներն ու քննարկումներն, ըստ համապատասխան թեմաների, կկազմակերպվեն Հայաստանի մի շարք թանգարաններում:

Գիտաժողովը նաև հեռարձակվելու է Ինտերնետ online ռեժիմով, որը հնարավորություն կընձեռի բոլոր ցանկացողներին հեռակա մասնակցելու թանգարանային մշակույթին նվիրված այս ինքնատիպ միջոցառմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter