HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բագրատ Սրբազանի պաշտպանը միջնորդեց որպես վկա հարցաքննել ՔԿ նախագահին և գլխավոր դատախազին

«Սրբազան պայքար» շարժման գործով մեղադրյալ Բագրատ Սրբազանի պաշտպան Հովհաննես Խուդոյանն այսօր դատարանին միջնորդեց որպես վկա հրավիրել և հարցաքննել գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին, ինչպես նաև՝ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանին և Հովհաննես Ավետիսյանին։

Ըստ պաշտպանի՝ ՔԿ նախագահն ու գլխավոր դատախազն արել են հայտարարություններ, որոնք քրեական վարույթում առկա չեն։

Ազգային ժողովում Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հայտարարել էր, որ «Սրբազան պայքար» շարժման գործով մեղադրյալների ձեռքով գրված ապացույցներ կան, որտեղ արարքի որակում է տրվել՝ ահաբեկչություն, պլանավորված ահաբեկչություն, Բագրատ Սրբազանն էլ հերքել էր այդ տեղեկությունը և նշել՝ եթե նման արտահայտություն որևէ տեղ արձանագրվել է, պատրաստ է առանց քննության, առանց որևէ ապացույցի ծանրագույն պատիժ կրել։

Հիշեցնենք՝ այս գործով մեղադրյալները 18-ն են։

Ըստ մեղադրանքի՝ նախնական համաձայնությամբ խմբի կազմում նրանք ձեռք են բերել ահաբեկչություն կատարելու և իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ և գործիքներ, ինչպես նաև՝ դիտավորությամբ ստեղծել են այլ պայմաններ՝ այդ կերպ կատարելով իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն։

Հովհաննես Խուդոյանը միջնորդեց նաև ԱԱԾ-ից ձեռք բերել հուլիսի 4-ի արձանագրության մեջ նշված այն օպերատիվ գործողությունների տվյալները, որոնք այդ արձանագրության համար հիմք են հանդիացել, քանի որ այն դրվել է բոլոր դատական ակտերի հիմքում՝ խուզարկությունների, գաղտնի քննչական գործողությունների։

Այնուհետև պաշտպանը միջնորդեց հետազոտել տեղի ունեցած խոսակցությունների վերաբերյալ մի շարք արձանագրություններ։

Մեղադրյալ Տիգրան Գալստյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանն էլ միջնորդեց հարցաքննել իր պաշտպանյալին և նրա եղբորը, քանի որ դա հերքման համար կարևոր նշանակություն ունի։

Մելիքյանը միջնորդեց նաև հարցաքննել օպերատիվ-հետախուզական միջոցառման արձանագրությունը կազմած անձին։ Ըստ պաշտպանի՝ այդ արձանագրությունում նշված է Տիգրան Գալստյանի անունը, և ինքն ուզում է այդ փաստաթուղթը կազմած անձից ճշտել՝ ինչպե՞ս է նա ներառել Տիգրան Գալստյանին որպես այդ զրույցի մասնակից։

Իգոր Սարգսյանի պաշտպան Թադևոս Սարգսյանն էլ նշեց՝ քրեական վարույթի նյութերի ուսումնասիրության արդյունքում ի հայտ են եկել հիմանական դատալսումների համար էական նշանակություն ունեցող մի շարք հանագամանքեր, որոնք չեն կարող դուրս մնալ հիմնական դատալսումների քննարկման առարկայից։

Այդ հանգամանքներից մեկն այն է, որ, օրինակ, Իգոր Սարգսյանին վերաբերող գաղտնալսման մեջ վերջինս նշում է՝ պետք է խուսափեն բռնի որևէ գործողությունից։ Իգոր Սարգսյանն ասում է, որ ո՛չ զինյալ պայքարի են գնում, ո՛չ էլ՝ հակաօրինական բան անում։

Վահագն Չախալյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը դատարանը չքննարկեց

Այս դատական նիստին մեղադրյալ Վահագն Չախալյանի պաշտպան Վրեժ Խաչիկյանը դատարանին միջնորդեց իր պաշտպանյալի խափանման միջոց կալանքը փոխել և նշանակել ազատության հետ չկապված խափանման միջոց կամ խափանման միջոցների համակցություն։ Պաշտպանը նշեց՝ պատրաստ են 2 մլն 100 հազար դրամի չափով գրավ վճարել, այդքանի ունակություն ունեն։

«Այլ մեղադրյալների խափանման միջոցները փոխվել են, ենթադրաբար խմբի կազմում Վահագն Չախալյանի դերակատարումը հաշվի առնելով՝ պաշտպանական կողմը վստահ է, որ նրան կալանքին տակ պահելու անհրաժեշտություն չկա։ Ամբողջ մեղադրական եզրակացության մեջ միակ կապը տրվում է միայն Մովսես Շարբաթյանի հետ ունեցած զրույցից ելնելով, Չախալյանին վերագրվող այլ բան չկա»,- նշեց նա։

Մինչ միջնորդությունը քննության առարկա դարձնելը, դատավորը հայտնեց, որ նոր հանգամանք ի հայտ չի եկել։ Խափանման միջոցի ժամկետի ավարտին դեռ 29 օր կա, այն մարտի 4-ին է լրանում։ Դատավոր Կարեն Ֆարխոյանը հայտնեց, որ հաջորդ դատական նիստերին դատարանն անդրադառնալու է բոլոր մեղադրյալների խափանման միջոցներին։

«Ո՞րն է այստեղ նոր հանգամանքը։ Եթե նոր հանագամանք առկա չէ, ի՞նչը քննության առարկա դարձնեմ»,- ասաց դատավորը։

Պաշտպանը հայտնեց, որ Չախալյանի ընտանիքը շատ վատ վիճակում է։ Դատավորը նշեց, որ երբ միջնորդությանը կցեն այդ հիմքերը, հարցը կքննի։

Այլ պաշտպաններ էլ տեսակետ հայտնեցին, որ Չախալյանի վերաբերյալ միջնորդությունն ամբողջությամբ հիմնավոր է, լրացուցիչ ապացույցներ ներկայացնելու անհրաժեշտություն չկա, և ակնհայտ է, որ իրավաչափության պայմանները փոխվել են, 16 մեղադրյալներն ազատության մեջ են, միայն Բագրատ Սրբազանն ու Վահագն Չախալյանն են կալանավորված։

Դատավորը պնդեց իր տեսակետը՝ միջնորդությունը կքննարկի միայն նոր հանգամանքներ ներկայացնելու դեպքում։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց փետրվարի 12-ին՝ ժամը 15.00-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter