HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Վանաձորի քաղաքապետի թեկնածուն ԿԸՀ-ից պահանջում է վերանայել ԸԸՀ նախագահի նախագահության հարցը

Օգոստոսի 26-ին Վանաձորի քաղաքապետի թեկնածու Տարոն Ապրեսյանը հայտարարություն էր տարածել, որ դիմել է ԿԸՀ' թիվ 30 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Պապանյանի նախագահության հարցը վերանայելու և այդ ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ, քանի որ վերջինս գործող քաղաքապետ, առաջադրված քաղաքապետի թեկնածու Սամվել Դարբինյանի բարեկամն է' քրոջ ամուսինը: Ի պատասխան թեկնածուի հայտարարության' գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Սամվել Դարբինյանի նախընտրական շտաբը կոչ է արել քաղաքապետի ու ավագանու բոլոր թեկնածուներին «զերծ մնալ քարոզչական սադրանքներից և վերադառնալ քաղաքական ազնիվ պայքարի կանոններին»:

«Այսինքն, ըստ պարոն Դարբինյանի շտաբի հայտարարության, օրենքի սահմաններում իրականացվող նախընտրական գործողություններն ու քարոզչությունը համարվում են սադրանք և քաղաքական անազնիվ պայքար»,-նկատում է քաղաքապետի թեկնածու Տարոն Ապրեսյանը:
Քաղաքապետ Դարբինյանի փեսան' ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Պապանյանն էլ հանձնաժողովի նիստում է անդրադարձել թեկնածուի հայտարարությանը' ասելով. «Ի՞նչ կապ ունի սա ընտրության հետ: Քրոջ ամուսինը հանձնաժողովի անդամ է դարձել 2011թ., երբ քաղաքային ընտրությունների մասին խոսք ընդհանրապես չկար: Չկար' քաղաքապետ Դարբինյանը էլի իր թեկնածությունը առաջադրելու է, թե ոչ: Եվ մի քիչ տարօրինակ է, որ մարդիկ իրենց քարոզչությունը անելու փոխարեն ինչի հետևից են ընկել»:

Հանձնաժողովի նախագահի պարզաբանումը թեկնածու Տարոն Ապրեսյանը «անտրամաբանական ու անհեթեթ» է համարում: Ըստ թեկնածուի' Պապանյանը գիտեր կամ կարող էր իմանալ գործող քաղաքապետի'թեկնածություն առաջադրելու մտադրությունը, հատկապես որ քաղաքապետն էլ տարբեր առիթներով նշել է, որ անպայման առաջադրվելու է, քանի որ «դեռ կիսատ գործեր ունի քաղաքի համար»: «Կարելի է եզրակացնել, որ այս գործընթացը նախապես ծրագրավորված, կազմակերպված գործողությունների շղթա է, որով ցանկացել են վճռել առաջիկա ընտրություններում իրենց համար ցանկալի ելքը»,-նշված է թեկնածուի երկրորդ հայտարարության մեջ:

Չնայած ընտրապայքարում քաղաքապետի մյուս թեկնածուներն իր մրցակիցներն են, բայց քանի որ նպատակը բոլոր թեկնածուների համար հավասար մրցակցային պայմաններ ստեղծելն է, և բացի այդ, այս ընտրությամբ վճռվելու է Վանաձորի առաջիկա չորս տարիների ճակատագիրը, ուստի, արդար, ազնիվ, թափանցիկ և օրինական ընտրություններ անցկացնելու նպատակով թեկնածու Տարոն Ապրեսյանը կոչ է անում մյուս թեկնածուներին միանալ իր հայտարարությանը' խնդիրն արդարացի և օրենքի սահմաններում լուծելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter