Քննիչի կայացրած որոշման արժանահավատությունը ոչ մեկը չի ստուգել
Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Նարեգ Հարթունյանի գործով հերթական դատական նիստը: Հարցաքննության էին ներկայացել գործով իբրեւ վկա մասնակցող անձինք:
Առաջինը վկայություն տվեց Գագիկ Հարությունյանը, ով աշխատում է մթերային խանութում, եւ 2010 թվականի ընթացքում Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս ՍՊԸ-ից ձեռք է բերել ալյուր, մակարոնեղեն մանրածախ խանութում դրանք վաճառելու նպատակով: Վկան հայտնեց, որ ինքը չի ճանաչում ամբաստանյալներին:
Նա դժվարացավ ասել, թե կոնկրետ որքան գումարի ապրանք է նա ձեռք բերել, սակայն ասաց, որ մոտ 15.000-25.000 դրամի: Հարցին, թե արդյոք գնված ապրանքի դիմաց ստացել է հաշիվ-ապրանքագիր, ասաց՝ ոչ:
-Իսկ ինչու չեք վերցրել,- հարցրեց դատախազ Բագրատ Պետրոսյանը:
-Չեն տվել,- եղավ պատասխանը:
Պաշտպանական կողմի հարցին, թե ինչպես է եղել, որ ինքը հաշիվ-ապրանքագիր չի վերցրել, վկան ասաց, որ պարզապես նայել է իր տետրում, որտեղ գրառումներ է արել այդ մասին, եւ չի տեսել նման գրառում:
-Կա՞, արդյոք, այդ տետրը,- hնչեց հարցը:
Վկան ասաց՝ չգիտի, թե այդ տետրը կա, թե ոչ:
Արդյոք ինքը ենթարկվե՞լ է վարչական տույժի առանց հաշիվ-ապրանքագրի ապրանք գնելու համար, վկան ասաց՝ ոչ:
Տպավորություն ստեղծվեց, որ եթե անգամ վկան չի ստում, ուրեմն նախաքննական մարմնի նպատակն եղել է ոչ թե իսկապես հարկերից խուսափելու դեմ ուղղված քայլեր ձեռնարկելը, այլ կոնկրետ Հարթունյանին նման մեղադրանք առաջադրելը:
Հարցին, թե հաճախ է առանց հաշիվ-ապրանքագրերի աշխատում այլ ընկերությունների հետ, վկան ասաց. «Պատահում է մեկ-մեկ»:
Ցուցմունք տվեց նաեւ մեկ այլ մանրածախ խանութի հաշվապահ՝ Ագնեսա Մկրտչյանը: Նա ասաց, որ «Ցար» ապրանքանիշի ապրանք ստացել եւ վաճառել է խանութում: Վկան հայտնեց նաեւ, որ ընկերությունից բերել են հաշիվ-ապրանքագիր, ստացել է ապրանք եւ դրել վաճառքի:
Դատախազ Բագրատ Պետրոսյանը հակասություն գտավ Ա. Մկրտչյանի՝ նախաքննական մարմնին եւ դատարանում տված ցուցմունքների միջեւ՝ նշելով, թե քննիչին տված ցուցմունքում նա ասել է, որ 2010 թ. սեպտեմբերին ընկերությունից իրեն հաշիվ-ապրանքագիր չեն տվել: Ա. Մկրտչյանն ասաց, սակայն, որ հնարավոր է՝ 1-2 անգամ տեխնիկական պատճառներով առաքիչներն իրեն հաշիվ-ապրանքագիր չեն տվել, բայց անգամ դա հաստատ ասել չի կարող, քանի որ ամիսը մոտ 200 հաշիվ-ապրանքագիր է ստանում, եւ հնարավոր է՝ մեկի մասին էլ չհիշի:
Ցուցմունք տալու համար դատարան էր ներկայացել նաեւ ՊԵԿ գլխավոր օպեր-լիազորներից Գուրգեն Դավթյանը, ով ՊԵԿ 2 այլ ներկայացուցիչների հետ միասին կազմել էր վերստուգման ակտը ընկերության դեմ (ինչի իրավաչափ լինելն, ի դեպ, այս պահին քննվում է վարչական դատարանում): Հիշեցնենք, որ վերստուգման ակտով ընկերությանն առաջադրվել է 111 մլն դրամի հարկային պարտավորություն:
Վկայի խոսքերով՝ վերստուգումն իրականացվել է քննիչ Ռ. Մկրտչյանի որոշման հիման վրա, եւ հիմք են ընդունվել վերջինիս կողմից կայացրած որոշմանն առնչվող նյութերը:
Պաշտպանական կողմի փաստաբան Գեւորգ Չաքմիշյանի հարցին, թե արդյոք ինքը փորձել է ստուգել քննիչի տրամադրած տեղեկությունների ճշտությունն ու արժանահավատությունը, ՊԵԿ ներկայացուցիչն ասաց, որ իր պարտականությունների մեջ չի մտնում դրանք ստուգելը, այլ դրանց հիման վրա որոշում կայացնելը: Ստացվում է, որ վերստուգում իրականացնող մարմինը, և ընդհանրապես՝ ոչ մեկը չի ստուգել քննիչի տրամադրած նյութերի ու տեղեկությունների արժանահավատությունը, որոնք հիմք են հանդիսացել վերստուգման ակտ կազմելու համար, իսկ հետագայում՝ քրեական մեղադրանք ներկայացնելու:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 10-ին, ժամը 11.00-ին:
Մարիամ Մուղդուսյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել