«Խաղաղության խորհրդի» առաջին նիստը կարող է կայանալ փետրվարի 19-ին
Սպիտակ տունը նախատեսում է փետրվարի 19-ին անցկացնել Դոնալդ Թրամփի նախաձեռնած «Խաղաղության խորհրդի» առաջին հանդիպումը։ Այդ մասին հայտնում է Axios-ը՝ հղում անելով դիվանագետներին և ամերիկացի պաշտոնյաներին։
Պարբերականը նշում է, որ հանդիպման անցկացման ծրագրերը դեռ վաղ փուլում են և կարող են փոփոխվել։ Ենթադրվում է, որ նիստը կանցկացվի Վաշինգտոնում՝ ԱՄՆ Խաղաղության ինստիտուտում, որը դեկտեմբերին պաշտոնապես վերանվանվել է Դոնալդ Թրամփի անվան խաղաղության ինստիտուտ։
Դոնալդ Թրամփի վարչակազմը նախատեսում է այս հանդիպումն օգտագործել Գազայում հրադադարի համաձայնագրի երկրորդ փուլի իրականացմանը նպաստելու և այդ շրջանի վերականգնման համար միջոցներ հավաքելու նպատակով։
Թրամփի խաղաղության ծրագրի շրջանակում «Խաղաղության խորհուրդը» սկզբում ստեղծվել էր հենց Գազայի հատվածի ապագա կարգավիճակի վերաբերյալ որոշումներ ընդունելու համար, սակայն հետագայում պարզվեց, որ ԱՄՆ նախագահը նախատեսում է նոր մարմինն օգտագործել աշխարհի տարբեր տարածաշրջաններում հակամարտությունների կարգավորման համար։
«Խաղաղության խորհրդի» կանոնադրության համաձայն՝ Թրամփը կլինի դրա անփոփոխ նախագահը։ Նա կարող է հրաժարական տալ միայն սեփական դիմումի հիման վրա։ Մյուս երկրների առաջնորդները կարող են կազմակերպությանն անդամակցել միայն ԱՄՆ նախագահի հրավերով։
Եվրոպայի առաջատար երկրների մեծ մասը հրաժարվել է միանալ «Խաղաղության խորհրդին»։ Թրամփի հրավերը ընդունել են Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Իսրայելը, Հունգարիան, Ինդոնեզիան, Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Կատարը, Բելառուսը, Ղազախստանը և մի շարք այլ պետություններ։
Լուսանկարը՝ Chip Somodevilla/Getty Images
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել