Հայաստանի կոռուպցիայի ընկալման համաթիվը նախորդ տարվա համեմատ նվազել է մեկ միավորով
Թրանսփարենսի Ինթերնեշնլը հրապարակել է Կոռուպցիայի ընկալման համաթվի (ԿԸՀ) 2025 թվականի արդյունքները, որոնց համաձայն՝ կոռուպցիան ամբողջ աշխարհում խորանում է։ Նույնիսկ կայացած ժողովրդավարական երկրներում արձանագրվում է կոռուպցիայի աճ՝ առաջնորդության անկման պայմաններում։ Ամենամյա պարբերությամբ հրապարակվող այս համաթիվը ցույց է տալիս, որ վերջին տասնամյակում ԿԸՀ համաթվի 80-ից բարձր միավոր ստացած երկրների թիվը նվազել է՝ 12-ից հասնելով ընդամենը 5-ի։
ԿԸՀ 2025թ. Հայաստանի արդյունքները
Հայաստանի ԿԸՀ 2025թ. արժեքը նախորդ տարվա համեմատ նվազել է մեկ միավորով՝ իջնելով 46 միավոր՝ 0-ից (բացարձակապես կոռումպացված) 100 (բացարձակապես մաքուր) սանդղակի վրա։ 2025թ. 182 երկիր ներառող ԿԸՀ դասակարգման աղյուսակում Հայաստանը Քուվեյթի, Մոնտենեգրոյի (Չեռնոգորիա), Նամիբիայի և Սենեգալի հետ կիսում է 65-69-րդ տեղերը (2024 թ.-ին Հայաստանը կիսում էր 63-64-րդ տեղերը 180 երկրների շարքում):
Հայաստանի ԿԸՀ 2025թ․ համաթիվը (46) հավասար է այն հաշվարկելու համար օգտագործված 6 աղբյուրների համաթվերի միջին թվաբանականին։ Այդ աղբյուրներն են` Բերթելսմանի հիմնադրամի 2026 թ. տրանսֆորմացիոն համաթիվը (51 միավոր, նույնը ինչ 2024թ․-ին), Ֆրիդոմ Հաուսի Անցումային փուլում գտնվող պետություններ 2024թ. զեկույցի Կոռուպցիա ենթահամաթիվը (44 միավոր, նույնը ինչ 2024թ․-ին), Գլոբալ Ինսայթի Երկրի ռիսկայնության 2024թ. վարկանիշը (46 միավոր, նույնը ինչ 2024թ․-ին ), Փոլիթիքլ Ռիսքս Սերվիսիզ Ինթերնեշնլի Երկրի ռիսկայնության 2025թ. ուղեցույցը (33 միավոր, նույնը ինչ 2024թ․-ին), Ժողովրդավարության բազմազանության ծրագրի 2025 թ․-ի հրապարակումը (50 միավոր, նույնը ինչ 2024թ․-ին) և Համաշխարհային տնտեսական ֆորումի Ընկերությունների գործադիր տնօրենների կարծիքի ամենամյա հարցման 2025թ. հրապարակումը (53 միավոր, 2024թ․-ին՝ 56):
Գծապատկեր 1-ում ներկայացված են Հայաստանի ԿԸՀ արժեքները 2015-2025թթ. ընկած ժամանակահատվածում:
Գծապատկեր 2-ում ներկայացված են Եվրոպայի Խորհրդի անդամ պետությունների, ներառյալ Հայաստանի, 2025 ԿԸՀ արժեքները։ Ինչպես երևում է Գծապատկերից, Հայաստանն իր 2025թ․ ԿԸՀ համաթվի արժեքով ԵԽ այն 42 երկրների մեջ, որոնց ԿԸՀ-ն 2025 թվականին հաշվարկվել է, Մոնտենեգրոյի հետ կիսում է 30-31-րդ տեղերը, ընդ որում ԵՄ անդամ 27 երկրներից միայն երեք երկրների (Ռումինիա, Բուլղարիա և Հունգարիա) ԿԸՀ համաթվի արժեքներն են Հայաստանի ԿԸՀ համաթվի արժեքից ցածր։ Սա բավականին համեստ ցուցանիշ է, որը նաև ցույց է տալիս, որ հակակոռուպցիոն բարեփոխումները դեռևս չեն տալիս գործարարների և փորձագետների ակնկալած արդյունքները, որոնց ընկալումները չափում է ԿԸՀ-ն։
Թրանսփարենսի Ինթերնեշնլի տարածաշրջանային բաժանմամբ՝ Հայաստանը, ներառված է Արևելյան Եվրոպա - Կենտրոնական Ասիա տարածաշրջանի մեջ, որի դասակարգման աղյուսակը՝ հաշվարկված համաթվերով ներկայացված է Գծապատկեր 3-ում։
Ինչպես երևում է գծապատկերից, Հայաստանը, 53-55-րդ տեղերում գտնվող Վրաստանից (50) հետո, երկրորդ տեղում է տարածաշրջանի երկրների շրջանում։ Ինչպես և նախորդ չորս տարիներին, Հայաստանի ԿԸՀ արժեքը 2025 թվականին (46) ավելի բարձր է ԿԸՀ համաշխարհային միջին արժեքից (այն 43-ից նվազել է՝ դառնալով 42, որը վերջին տասնամյակի ամենացածր ցուցանիշն է)։ Այն նաև գերազանցում է հարևան երկրների (բացի Վրաստանից) և ԵԱՏՄ մյուս երկրների (Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան և Ղրղզստան) 2025թ․ ԿԸՀ արժեքները։ Իր հարևաններից Թուրքիան (31) կիսում է 124-129-րդ տեղերը, Իրանը (23)` 153-156-րդ տեղերը, իսկ Ադրբեջանը (30)՝ 130-134-րդ տեղերը։ ԵԱՏՄ երկրներից Ղազախստանը (38) զբաղեցնում է 96-98-րդ տեղերը, Բելառուսը (31)՝ 124-129-րդ տեղերը, Ղրղզստանը (26)՝ 142-147-րդ տեղերը և Ռուսաստանը (22)՝ 157-160-րդ տեղերը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել