Մոսկվայում կարծում են, որ Հայաստանի համար ռուսական ատոմային նախագծերին այլընտրանք չկա
Հայաստանում ատոմային էլեկտրակայանի նոր էներգաբլոկի կառուցման համար ռուսական առաջարկներին իրական այլընտրանք չկա: Ռուսական «Известия»-ին նման հայտարարություն է արել ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։
«Մենք հայկական կողմին ենք փոխանցել մանրակրկիտ մշակված առաջարկությունների փաթեթ։ «Ռոսատոմ»-ը պատրաստ է հնարավորինս սեղմ ժամկետներում ձեռնամուխ լինել նախագծի իրականացմանը, իհարկե, հաշվի առնելով հայ բարեկամների ցանկությունները։ Հուսալի, արդեն իսկ ապացուցված տեխնոլոգիաների առկայության, ինչպես նաև ֆինանսական պարամետրերի գրավչության տեսանկյունից իրական այլընտրանքներ, ներառյալ՝ շինարարությունը, հետագա շահագործումը, մասնագետների պատրաստման և վերապատրաստման անհրաժեշտությունը, ուղղակի չկան»,- ընդգծել է ռուսաստանցի դիվանագետը։
Գալուզինի խոսքով՝ Մոսկվան մտադիր է այսուհետ ևս հանդես գալ որպես Հայաստանի էներգետիկ անվտանգության երաշխավոր:
«Մեր կողմից մտադիր ենք այսուհետ ևս պատասխանատվությամբ վերաբերել Հայաստանի էներգետիկ անվտանգության երաշխավորի մեր դերին, մեր ներդրումն ունենալ այդ հանրապետության ատոմային ոլորտի զարգացման գործում: Ինչպես ցույց է տալիս եվրոպական որոշ երկրների փորձը, այդ թվում՝ այնպիսի խոշոր երկրի, ինչպիսին Գերմանիան է, միջուկային էներգետիկայից հրաժարվելը կարող է թանկ նստել ազգային տնտեսության համար»,- հավելել է նա։
ՌԴ ԱԳ փոխնախարարը ուշադրություն է դարձրել նաև այն հանգամանքի վրա, որ Ռուսաստանն ու Հայաստանը խաղաղ ատոմի ոլորտում փոխգործակցության հարուստ փորձ ունեն։ «Մեր ատոմային մասնագետները նույն՝ խորհրդային «դպրոցից» են և լավ են հասկանում միմյանց։ Այժմ մեր մասնագետները համալիր աշխատանքներ են իրականացնում, որպեսզի կայանը կարողանա կայուն և արդյունավետ աշխատել մինչև 2036 թվականը։ Վստահ ենք, որ Երևանի ակտիվ աջակցությամբ բոլոր միջոցառումները ժամանակին կավարտվեն»,- շարունակել է նա։
Գալուզինը անդրադարձել է նաև TRIPP նախագծում Ռուսաստանի հնարավոր մասնակցության հարցին՝ նշելով, որ ռուսական կողմը պատրաստ է Երևանի հետ քննարկել հնարավոր մասնակցության մանրամասները։
«Ինչ վերաբերում է «Թրամփի ուղի» նախագծին, մենք վերապահել ենք մեր դիրքորոշումը։ Հայ-ամերիկյան նախաձեռնության մանրամասները դեռ պետք է ուսումնասիրվեն։ Պատրաստ ենք խորհրդակցել Երեւանում մեր գործընկերների հետ՝ քննարկելու ինչպես պարամետրերը, այնպես էլ այս կամ այն կերպ ռուսական հնարավոր մասնակցությունը»,- ասել է Միխայիլ Գալուզինը։
Նա նաև հիշեցրել է, որ Հայաստանի երկաթուղային ցանցը մինչև 2038 թվականը գտնվում է ռուսական կառավարման ներքո։ «Պետք է հաշվի առնել նաև ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության գործոնը։ Այս պայմաններում ակնհայտ է, որ առանց Ռուսաստանի գործընկերները չեն կարող»,- եզրափակել է նա։
Հիշեցնենք, որ երեկ՝ հունվարի 9-ին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ստորագրել են «Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև համագործակցության մասին» համաձայնագրի բանակցությունների ավարտի վերաբերյալ համատեղ հայտարարությունը։
Լուսանկարը՝ Максим Блинов/РИА Новости
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել