HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Ախուրյան համայնքի ավագանու անկախացած անդամներն ու փլուզված խմբակցությունները

2021թ.-ի դեկտեմբերին Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավարումը ստանձնած իշխանությունը, որ երկու՝ «Ախուրյան» և «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքների միավորման արդյունքում էր ձևավորվել, 2023թ.-ի հուլիսի 19-ին իր տեղը զիջեց ՔՊ կուսակցությանը: 2023թ.-ի հուլիսի 12-ին համայնքի նախկին ղեկավար, դաշնակցական Արծրուն Իգիթյանը հրաժարական տվեց՝ լիազորությունների վաղաժամ դադարեցումը պատճառաբանելով առողջական խնդիրներով: Թեպետ այդ նույն «խնդիրները» չխանգարեցին պարոն Իգիթյանին պահպանել ավագանու անդամի մանդատը և հաջորդող տարիներին ներկա գտնվել ավագանու բոլոր նիստերին: 

Իսկ ահա նախկին համայնքապետի առաջին տեղակալ, «Հաղթանակ» դաշինքի և նույնանուն խմբակցության ղեկավար Կարեն Արշակյանի նկատմամբ, իշխանության փոխատեղումից և պաշտոնը թողնելուց 3 ամիս անց, գործող ավագանին բավական խիստ գտնվեց՝ զրկելով վերջինիս ավագանու անդամի լիազորություններից: 

Ախուրյանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Սուրեն Աբրահամյանի փոխանցմամբ, իրենք վարվել են ըստ օրենքի. «Տեսեք, եթե ավագանու անդամը մեկ նստաշրջանի ընթացքում անհարգելի պատճառներով բացակայել է ավագանու նիստերի կամ քվեարկությունների ավելի քան կեսից կամ հանձնաժողովի նիստերի կեսից, ՏԻՄ օրենքի 70-րդ հոդվածի, 2-րդ կետի համաձայն՝ ավագանու անդամների մեծամասնության քվեարկությամբ տվյալ անձի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են»: 

Կարեն Արշակյանը «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ բացարձակ համաձայն չէ ավագանու՝ իր նկատմամբ կայացրած որոշման հետ և այն վիճարկում է դատական կարգով: «Ես պարզապես ավագանու շատ «անհարմար» անդամ էի, քանի որ շատ էի քննադատում ու լիքը բաների հետ համաձայն չէի,-ասում է Կարեն Արշակյանը,-ամեն ինչ սկսվեց նրանից, որ նոր ղեկավարը որոշեց, թե չպիտի նստի նախկինի աշխատասենյակում, վերցրեց ավագանուն հատկացված տարածքը՝ դարձրեց իրեն աշխատասենյակ՝ ընդունարանով, հանգստի սենյակով: Էդ ընթացքում, որ վերանորոգման աշխատանքներ էին ընթանում, ավագանու նիստերը դարձան արտագնա՝ մի օր՝ Ազատան, մի օր՝ Մարմաշեն, մի օր՝ Մայիսյան: Էդ թափառաշրջիկ նիստերին գալիս նստում էին ՔՊ իրենց պատգամավորներն ու արդեն աշխատանքային մթնոլորտն էն չէր կոնկրետ ինձ համար: Ես կամ չէի մասնակցում կամ թողնում դուրս էի գալիս»:

Ավագանու նախկին անդամը դիմել է առաջին ատյանի դատարան՝ լիազորությունները վերականգնելու պահանջով, սակայն հայցը չի բավարարվել: Վերաքննիչ դատարանը ևս անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի վճիռը: Կարեն Արշակյանի փոխանցմամբ, թեպետ շատ մեծ հույսեր չունի, բայց պետք է դիմի նաև Վճռաբեկ դատարան: 

Շիրակի մարզպետի աշխատակազմի պաշտոնական կայքէջում Ախուրյան խոշորացված համայնքի ավագանու անդամների կազմում տեղի ունեցած փոփոխություններն արտացոլված չեն: Ախուրյան համայնքի ղեկավարի թարմացված տվյալների ներքո նշված է, որ ՔՊ խմբակցությունը բաղկացած  է 13 անդամից, Ախուրյան խմբակցությունը՝ 8, Հաղթանակ կուսակցությունը՝ 6 անդամից: Այնինչ, գրեթե մեկ տարուց ավելի է, Ախուրյան խոշորացված համայնքի ավագանու խմբակցություններից գոնե երկուսը փլուզված են՝ ընդամենը մեկ կամ երկու անդամի ներկայությամբ ապահովելով ընդդիմադիրի կեցվածքը:  

Ախուրյան համայնքի ավագանու 27 անդամից 12-ը ներկայում համարվում են անկախ: «Հաղթանակ» խմբակցությունը ներկայացնում է միայն Համլետ Գևորգյանը, կուսակցությունը լքել են 5 անդամ, «Ախուրյան» խմբակցությունը ներկայացնում են Արծրուն Իգիթյանը և Արամայիս Մքոյանը, 6 անդամ լքել են կուսակցությունը: Փոփոխություններ են եղել նաև ՔՊ 13 հոգանոց խմբակցությունում՝ անցած տարվա հոկտեմբերին խմբակցության ղեկավարի պաշտոնն ու խմբակցությունն է լքել Մարտիկ Մաթոսյանը: 

Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարն ասում է, որ խմբակցություններից դուրս եկող ավագանու անդամներից դիմումներ են ստանում, որտեղ պատճառները սովորաբար չեն նշվում: Մարտիկ Մաթոսյանի դեպքում գրավոր դիմում չեն ստացել՝ հաշվի են առել նրա բանավոր հայտարարությունը: Ներկայում Ախուրյան համայնքի ավագանու ՔՊ խմբակցությունը ղեկավարում է համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը:

«Հետք»-ի հետ հեռախոսազրույցում Մարտիկ Մաթոսյանը հաստատեց, որ լքել է խմբակցությունը և հանդես է գալիս, որպես ավագանու անկախ անդամ: Դա, որպես փաստ, արձանագրված է նաև համայնքապետարանի պաշտոնական կայքում: Նշեց նաև, որ խմբակցությունից դուրս գալու գրավոր դիմում չի ներկայացրել, իսկ թե ինչի հիման վրա են տեղի ունեցել փոփոխությունները՝ խոստացավ ավելի մանրամասն ներկայացնել առաջիկայում: 

Ի դեպ, ավագանու այս անդամը բավական ակտիվ քննադատում էր համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի աշխատանքը։ Մեր ունեցած տեղեկություններով Մարտիկ Մաթոսյանի և Զավեն Մանուկյանի տարաձայնությունները հիմնականում վերաբերում են գնումների ընթացակարգին, բյուջեի ծախսային հատվածին և մեկ անգամ չէ, որ ավագանու անդամները նիստերի  ժամանակ ներկա են գտնվել թիմակիցների վեճին:

Ի տարբերություն Գյումրու, որտեղ ավագանու նիստերն ընթանում են բավական բուռն, տեղի են ունենում քննարկումներ, նախագծեր են մերժվում կամ հանվում օրակարգից, Ախուրյան համայնքում, գրեթե մեկ տարի է, ավագանու նիստերին ներկայացված բոլոր նախագծերն անցնում են միաձայն: Կարեն Արշակյանն, ով 2017-21թթ-ին եղել է Մարմաշեն խոշորացված համայնքի ղեկավար և աշխատել բավական բարդ պայմաններում, համարում է, որ առանց ուժեղ ընդդիմության չկա լավ կառավարում: 

Նրանք, ովքեր պնդում էին, որ համայնքներում կուսակցականացված ընտրությունները սխալ են, մատնացույց են անում առկա վիճակը, երբ մեկ անձով պայմանավորված՝ կարող են փլուզվել ընտրություններից առաջ ձևավորված դաշինքները: Իսկ անկախացած անդամները, որոնք պահում են մանդատը, հնարավորություն չեն տալիս տվյալ կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված հաջորդ համարներին իրենց տեղը զբաղեցնելու:

«Ախուրյանի ավագանու 27 անդամից հիմա ընդամենը 3-ն են համարվում ընդդիմադիր՝ իմ կարծիքով ձևական, 12-ն անկախ են, մյուս 12-ն էլ իշխող կուսակցության ներկայացուցիչ են: Լինել ավագանու անկախ անդամ, դեռ չի նշանակում, թե դու ընդդիմադիր ես: Դա ավելի շատ նշանակում է, որ պատրաստ ես ցանկացած մեկի կողմը թեքվել ըստ հարմարության, որը բազմիցս է ապացուցվել»,- նկատում է Կարեն Արշակյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter