ԵԽ հանձնակատարը Հայաստանին կոչ է անում շարունակել մարդու իրավունքների ոլորտում բարեփոխումները
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթին փետրվարի 3-5-ը այցելել էր Հայաստան։ Այցի շրջանակներում նա հանդիպումներ է ունեցել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի, Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի, Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի, ինչպես նաև՝ դատական և օրենսդիր մարմինների, ՄԱԿ-ի, ԵՄ-ի ու քաղհասարակության ներկայացուցիչների հետ։
Հանձնակատարի գրասենյակի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Օ’Ֆլահերթին կենտրոնացած էր երեք հիմնական ուղղությունների վրա՝ խտրականության դեմ պայքար, կանանց նկատմամբ բռնության կանխարգելում եւ Հայաստանում գտնվող արցախահայերի իրավունքներ։
Եվրոպացի պաշտոնյան ընդգծել է, որ Հայաստանը զգալի առաջընթաց է գրանցել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, մասնավորապես՝ խտրականության դեմ պայքարի, գենդերային բռնության կանխարգելման օրենսդրական փոփոխությունների, ինչպես նաև արցախահայերի ինտեգրման ուղղությամբ։ Որպես ձեռքբերում նա նշել է կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի նոր գործիքների ներդնումը, այդ թվում՝ ոստիկանության և դատարանների պաշտպանական մեխանիզմները, տուժածներին աջակցող ծառայությունների ստեղծումն ու արցախահայերին Հայաստանի քաղաքացիություն տրամադրելու գործընթացի տեմպերի արագացումը։
Միևնույն ժամանակ, եվրոպացի պաշտոնյան ընդգծել է, որ Հայաստանը դեռևս չունի խտրականության դեմ պայքարի համապարփակ օրենսդրական համակարգ։ Նա Հայաստանի իշխանություններին կոչ է արել, քաղհասարակության հետ գործակցությամբ, հնարավորինս արագ ընդունել միջազգային չափանիշներին համապատասխանող հավասարության մասին օրենսդրական կարգավորում, որը, ի թիվս այլ հարցերի, կապահովի նաև տուժածների արդյունավետ պաշտպանության մեխանիզմները։
Օ’Ֆլահերթիի կարծիքով՝ Հայաստանում կանանց նկատմամբ բռնությունը դեռ լուրջ խնդիր է։ Նրա խոսքով՝ հասարակության մեջ պահպանվող հայրիշխանական մոտեցումներն ու գենդերային կարծրատիպերը խոչընդոտում են առաջընթացին, իսկ որոշ դեպքերում իրավապահ համակարգում առաջնահերթություն է տրվում ոչ թե տուժողների իրավունքների պաշտպանությանը, այլ՝ ընտանիքի «հաշտեցմանը»։
Հանձնակատարը կոչ է արել ապահովել օրենքների լիարժեք կիրառումը, ավելացնել ապաստարանների ֆինանսավորումը և, հատկապես ոստիկանության աշխատակիցների համար, անցկացնել գենդերային զգայունության թեմաներով վերապատրաստումներ։
Անդրադառնալով Հայաստանում գտնվող արցախահայերի հարցին՝ հանձնակատարը բարձր է գնահատել նրանց նկատմամբ ցուցաբերված համերաշխությունն ու աջակցությունը։ Նա նշել է, որ արտակարգ օգնությունից դեպի երկարաժամկետ ինտեգրման անցման փուլում կարևոր են տնտեսական ինտեգրումը, բնակարանային խնդիրների լուծումը, փաստաթղթերի վերականգնումը և սոցիալական ներառումը։ Հանձնակատարը խորհուրդ է տվել քաղաքացիական հասարակության և միջազգային գործընկերների մասնակցությամբ ընդունել համապարփակ ինտեգրման ռազմավարություն։
Եվրոպացի պաշտոնյան նաև ողջունել է Հայաստանի իշխանությունների պատրաստակամությունը՝ վավերացնելու Ստամբուլի կոնվենցիան և կոչ արել դա անել առաջնահերթ կարգով՝ միաժամանակ հակազդելով դրա շուրջ տարածվող ապատեղեկատվությանը։
Լուսանկարը՝ MagnusMSG/Wikimedia Commons
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել