Կառավարությունը նախատեսում է կարգավորել ՀՀ-ից մեկնող բեռնատարների հերթերը սահմանին
Սահմանային անցակետերում ՀՀ-ից մեկնող բեռնատարների հերթերի պատշաճ կառավարման նպատակով Կառավարությունն առաջարկում է փոփոխություն ու լրացում կատարել «Մաքսային կարգավորման մասին» օրենքում եւ հարակից օրենքի նախագծում: Կառավարության առաջարկը փետրվարի 10-ին գումարված ԱԺ հերթական նիստում ներկայացրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Համլետ Սահակյանը: Հայտնում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։
«Վերոնշյալ խնդիրը կարգավորելու նպատակով գործադիրն առաջարկում է պետական սահմանի ավտոմոբիլային անցման կետերից ոչ ավելի, քան 20 կմ հեռավորության վրա նախատեսել վճարովի կայանատեղիների կազմակերպման գործունեություն, որի շրջանակում կգործի հերթերի կառավարման ավտոմատ էլեկտրոնային համակարգ՝ բեռնատար տրանսպորտային միջոցների շարժի հաշվառման, հերթագրման, անցման կետ մուտք գործելու թույլտվության տրամադրմանն ուղղված անհրաժեշտ տեղեկատվության փոխանակման նպատակով:
Կառավարության կողմից կսահմանվեն հերթերի կառավարման համակարգին միանալու կարգը, կուտակային կայանատեղիների կազմակերպման գործունեություն իրականացնողներին ներկայացվող պահանջները, ՀՀ-ից մեկնող բեռնատար տրանսպորտային միջոցների կուտակային կայանատեղիներում հերթագրման ծառայության վճարի առավելագույն չափը, հերթերի կառավարման համակարգին միանալու նպատակով ներկայացվող դիմումի բովանդակությունը եւ այլն:
Զեկուցողի խոսքով հերթերի կառավարման պատշաճ համակարգ ներդնելու նպատակով ուսումնասիրվել է մի շարք երկրների փորձը: Ինչպես նաեւ հարցում է իրականացվել բեռնափոխադրմամբ զբաղվող տնտեսավարողների շրջանում: «Հարցմանը պատասխանել են շուրջ 45 բեռմափոխադրմամբ զբաղվող սուբյեկտներ: Հարցվածների շուրջ 87 տոկոսը պատասխանել է, որ հաճախ են հանդիպում հերթերի ցամաքային անցման կետերում, իսկ շուրջ 62 տոկոսը նշել է՝ հերթի սկզբից մինչեւ մաքսային կետ մուտք գործելու տեւողությունը միջինում կազմում է 3 ժամ»,- ասել է Համլետ Սահակյանը:
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Կարեն Համբարձումյանը»,- նշվում է հաղորդագրությունում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել