HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Փոխնախագահ Վենսի ու ֆրանսիացի սպայի միջեւ իբր միջադեպ է եղել Երեւանում. կեղծ լուր, որի թիրախում Մակրոնն է

X (նախկին Twitter) սոցիալական ցանցում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին թիրախավորող կեղծ գրառում է հայտնվել, որը կապված է Հայաստանի հետ:

+Stornsen+ անունով օգտատերը փետրվարի 10-ին գրել է, թե իբր ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան կատարած այցի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել: «Մակրոնը ներգրավվա՞ծ է»,- խորհրդավոր ձեւով շարունակել է օգտատերը, ապա նշել, թե իբր փետրվարի 9-ին Վենսը Երեւանում զորքերի ստուգայց է կատարել (չի մանրամասնվում, թե ինչ զորքերի մասին է խոսքը), որի ժամանակ իբր երիտասարդ հայ նորակոչիկներին մարզող ֆրանսիացի հրահանգիչը հրաժարվել է սեղմել ԱՄՆ փոխնախագահի ձեռքը:

Հատկանշական է, որ ամսի 9-10-ը Երեւանում գտնվող Ջեյ Դի Վենսը, թե՛ պաշտոնական, թե՛ ոչ պաշտոնական լրահոսի համաձայն, զորքերի (թե՛ հայկական, թե՛ այլ) ստուգայց չի կատարել, ու հասկանալի չէ, թե ինչու պիտի այցելեր, օրինակ, հայ զինծառայողներին: Ըստ X սոցցանցի օգտատիրոջ՝ ֆրանսիացի զինվորականը սոցիալական հարթակներում ինքն իրեն «հակաթրամփական» է անվանում:

Գրառման հեղինակն ավելի հեռուն է գնացել՝ մեջբերելով ինչ-որ անհայտ ամերիկացի պաշտոնյայի, որն իբր ներկա է եղել միջադեպին ու հետո ասել է (պարզ չէ, թե ում եւ երբ է ասել). «Արդյոք նա գործել է Մակրոնի հրամանով: Մենք պահանջում ենք օրինակելի պատժամիջոցներ այդ անամոթ սպայի նկատմամբ: Մի՞թե մակրոնիզմը հիմա ոչ այլ ինչ է, քան հակաամերիկականություն: Հստակ պատժամիջոցների բացակայությունը զգալիորեն կվատթարացնի հետագա հարաբերությունները առանց այն էլ լարված ֆոնին, երբ Մակրոնը նույնիսկ հարկ չի համարել ժամանել Միլան՝ [Օլիմպիական խաղերի] բացման արարողության ժամանակ ողջունելու փոխնախագահ Վենսին: Իհարկե, մենք սա այսպես չենք թողնի»:

Այն, որ աշխարհաքաղաքական հարցերի շուրջ վերջին շրջանում որոշակի լարվածություն կա ԵՄ առաջնորդների ու Թրամփի վարչակազմի միջեւ, գաղտնիք չէ: Նույն Մակրոնն, օրինակ, ի թիվս եվրոպացի այլ առաջնորդների, հրաժարվել է մասնակցել Թրամփի նախաձեռնած Խաղաղության խորհրդի ստեղծմանը: Թրամփն էլ հրապարակել էր Մակրոնի նամակն իրեն, որում Ֆրանսիայի նախագահը զարմանք էր հայտնել, թե ինչ է անում ԱՄՆ ղեկավարը Գրենլանդիայի վերաբերյալ:

Սակայն +Stornsen+ օգտատիրոջ գրառումը «երեւանյան միջադեպի» վերաբերյալ չի ներկայացնում որեւէ ապացույց՝ բացի ինչ-որ անհայտ ամերիկացու՝ Մակրոնին ուղղված քննադատական խոսքեր վերագրելուց:

Ավելին՝ գրառման մեջ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի նկարի հետ ներկայացվել է մի ֆրանսիացի սպայի լուսանկար, որում իբր այդ «անամոթ» զինվորականն է: Լուսանկարի հետադարձ որոնումը ցույց է տալիս, որ սա գեներալ-մայոր Պոլ Սանզեն (Paul Sanzey) է, որը Լիբանանում տեղակայված ՄԱԿ-ի UNIFIL ուժերի շտաբի պետն է եւ ոչ թե ինչ-որ հրահանգիչ (ի դեպ, Հայաստանը եւս 2014-ից փոքր ներկայություն ունի UNIFIL-ում):

Չնայած ապացույցների բացակայությանն ու ֆրանսիացի գեներալի նկարն անհայտ հրահանգիչ սպայի համար կիրառելուն՝ կեղծ գրառման արձագանքները քիչ չեն:  

Իսկ ընդհանրապես, +Stornsen+ օգտատիրոջ գրառումների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նա շարունակաբար թիրախավորում է Էմանուել եւ Բրիջիթ Մակրոններին՝ նրանց հասցեին ներկայացնելով կոշտ քննադատություններ, որոնք վերագրվում են ֆրանսիացի ու այլազգի տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների: Վերջիններիս վերագրվող արտահայտությունները, սակայն, որեւէ կերպ չեն հիմնավորվում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter