HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել են «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները

Տեղեկատվական անվտանգությունը պատշաճ ապահովելու, քաղաքացիներին հասնող բացասական տեղեկատվությունը նվազեցնելու, ինչպես նաեւ տեսալսողական մեդիայի ոլորտում առկա իրավական կարգավորումները կամ բացերը լրացնելու եւ հավասար մրցակցային պայմաններ ապահովելու նպատակով Կառավարությունն առաջարկում է սահմանել նոր կարգավորումներ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում: Այս մասին ասել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:

«Մասնավորապես, երբ խոսում ենք տեսալսողական մեդիա հաղորդումների եւ տարատեսակ ծրագրերի մասին, մենք պետք է ընդգծենք, որ հանրային մուլտիպլեքսում առկա են մի քանի շերտեր: Դրանք այն 26 հեռուստաալիքներն են, որոնք ամբողջ հանրապետությունում ունեն 100 տոկոսանոց սփռում եւ անվճար են մեր քաղաքացիների համար»,- ընդգծել է զեկուցողը:

Ըստ նախարարի՝ օրենքում նախատեսվող նոր փոփոխություններով առաջարկվում է հանրային մուլտիպլեքսի համար գործող կարգավորումները տարածել նաեւ ցանցային օպերատորների տիրույթում հեռարձակվող հեռուստահաղորդումների եւ հեռուստածրագրերի վրա:

Մեկ այլ փոփոխությամբ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը հնարավորություն կունենա սանկցիա կիրառել ցանցային օպերատորների նկատմամբ այն պարագայում, եթե արձանագրվեն առերեւույթ խախտումներ ներքաղաքական կյանքին միջամտելու տեսանկյունից: «Վարույթ հարուցվելու պարագայում ցանցային օպերատորը պետք է տվյալ հաղորդումն այլեւս չհեռարձակի մինչեւ այն պահը, երբ կայացված կլինի վերջնական որոշումը: Դա չիրականացնելու պարագայում պատասխանատվության ենթակա սուբյեկտ կհամարվի ցանցային օպերատորը»,- մանրամասնել է Մխիթար Հայրապետյանը:

Նախագծով նաեւ սահմանվել են ցանցային օպերատորին տրված լիցենզիայի կասեցման եւ դադարեցման հիմքերն ու դրանց կիրառման մեխանիզմները:

Նախարարի տեղեկացմամբ առաջարկվող բոլոր կարգավորումները վերցված են դեռեւս 2010 թվականից Եվրոպական միության համապատասխան տեսալսողական մեդիա ոլորտը կարգավորող դիրեկտիվներից:

Զեկուցողը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են առաջարկվող փոփոխություններին ու որոշ ձեւակերպումներին:

Հարակից զեկուցող, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանի խոսքով նախագծով ՀՌՀ-ի վրա հավելյալ մշտադիտարկում իրականացնելու պարտավորություն է դրվում: Պատգամավորը բարձրաձայնել է գլխադասային հանձնաժողովի տված դրական եզրակացությունը եւ կոչ արել կողմ քվեարկել նախաձեռնությանը:

Ելույթներում ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորներն իրենց դիտարկումներն ու մտահոգություններն են հայտնել առաջարկվող փոփոխությունների առնչությամբ:

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ հակափաստարկներ է ներկայացրել ընդդիմադիր գործընկերների հնչեցրած տեսակետների վերաբերյալ: Պատգամավորի խոսքով օրենքով հնարավորություն կտրվի Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովին՝ պաշտպանելու Հայաստանի Հանրապետությունն օտարերկրյա միջամտությունից:

Առաջին ընթերցմամբ ներկայացված նախաձեռնությունը քննարկվել է փետրվարի 11-ի ԱԺ նիստում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter