HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Վահե Բադալյանն արտոնյալ պայմաններով հողեր է ձեռք բերում Թալին համայնքում  

«Վիվառո» բուքմեյքերական ընկերության հիմնադիր Բադալյան եղբայրներից ավագը՝ Վահե Բադալյանը վերջին տարիներին հարյուրավոր հեկտարներով հողեր է ձեռք բերում Արագածոտնի մարզի Թալին համայնքում։ Նրա հիմնադրած «Ֆանֆրութ» ՍՊԸ-ն 270 հա պտղատու այգի է հիմնել Արագածավանում այն ժամանակ, երբ գյուղը դեռևս Թալին համայնքի կազմում չէր ընդգրկվել։ Վահե Բադալյանը շարունակում է հողեր ձեռք բերել նախկին Արագածավան համայնքի գյուղերում, բայց արդեն «ՎՌ Արմենիան Ֆրութ» ՍՊԸ-ի գործունեությունն ակտիվացնելով, որը «Ֆանֆրութ» ՍՊԸ-ից ավելի վաղ էր հիմնադրել՝ 2018թ․ հոկտեմբերին։

«ՎՌ Արմենիան Ֆրութ» ՍՊԸ-ն 2022թ․-ին մոտ 60 հեկտար հող է գնել Արագածավան և Գետափ գյուղերում։ Աճուրդ–վաճառքներն իրականացրել է Արագածավան խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներկայացնող Արթուր Հովսեփյանը։ Նա ընդամենը 7 ամիս է պաշտոնավարել՝ 2022թ․ ապրիլից մինչև հոկտեմբեր և հասցրել է մեծ քանակով հողեր վաճառել։ Հողերի աճուրդ–վաճառքներն իրականացրել է պաշտոնավարման վերջին չորս ամիսներին։

Հատկանշական է, որ այդ շրջանում Կառավարությունը փոփոխություններ էր կատարել «Վարչատարածքային բաժանման մասին օրենքում» և Արագածավան համայնքի կազմում ներառված չորս գյուղերը՝ Արագածավան, Արտենի, Գետափ և Լուսակն, ընդգրկել էր Թալին համայնքի կազմում։ Օրենքն ուժի մեջ է մտել 2022թ․ հուլիսի 1-ին, սակայն Թալին խոշորացված համայնքում ավագանու համամասնական ընտրություններ տեղի ունեցան 2022թ․ սեպտեմբերի 25-ին։ Այդ շրջանում Արթուր Հովսեփյանը շարունակել է հողերի վաճառքը, մինչև Տավրոս Սափեյանը կստանձներ համայնքի ղեկավարի պաշտոնը՝ 2022թ․ հոկտեմբերի 17-ին։

Արագածավան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արթուր Հովսեփյանն ընդգրկված էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Թալին համայնքի ավագանու ընտրացուցակում։ Ընտրություններից հետո ընտրացուցակի երկրորդ տեղը զբաղեցնող նախկին պաշտոնյան հրաժարվել է մանդատից։

Վահե Բադալյանը շարունակել է այդ գյուղերում նոր հողեր ձեռք բերել նաև Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանից, ավելի արտոնյալ պայմաններով։ Եթե նախկինում՝ աճուրդ-վաճառքների ժամանակ, վճարել էր կադաստրային արժեքին 10-12% հավելելով, ապա Տավրոս Սափեյանը «ՎՌ Արմենիան Ֆրութ» ՍՊԸ-ին հողերը վաճառել է ուղղակի վաճառքով, հողի կադաստրային արժեքով՝ իբրեւ գնած հողատարածքների ընդլայնում։

Արագածավան գյուղի վարչական սահմաններում գտնվող հողամասերից մեկը՝ մոտ 2000 քմ մակերեսով վարելահողը, 2025թ․ ընկերությանը վաճառել է 52 410 դրամով, որպես 02-016-0250-0003 ծածկագրով հողամասի ընդլայնում։

Եվս մեկ՝ մոտ 2850 քմ մակերեսով վարելահողը ուղղակի վաճառքով, 107 դրամով ընկերությանը վաճառել է որպես մեկ այլ՝ 02-016-0250-0048 ծածկագրով հողամասի ընդլայնում։

Հողամասերն ուղղակի վաճառքով օտարելու դեպքերը սահմանված են «Հողային օրենսգրքի» 66 հոդվածի 1-ին մասում։ Տավրոս Սափեյանն իր որոշումներում հղում է կատարել հիշյալ հոդվածի 8-րդ կետին, որը թույլ է տալիս «պետության և համայնքների սեփականություն հանդիսացող հողամասերի ուղղակի վաճառքը քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց՝ սեփականության իրավունքով պատկանող հողամասերի ընդլայնման համար, եթե հնարավոր չէ լրացուցիչ օտարվող հողամասը որպես առանձին գույքային միավոր օտարել աճուրդային կարգով»: 

Ընդլայնման ենթակա հողամասը որպես առանձին գույքային միավոր աճուրդային կարգով օտարելու հնարավորությունը որոշվում է՝ համաձայն ՀՀ կառավարության սահմանած չափորոշիչների (2016թ․ N 550-Ն որոշում): Ըստ այդմ՝ համայնքի ղեկավարը պարտավոր է հիմնավորել, թե ինչու հիշյալ հողամասը, որպես առանձին գույքային միավոր, չի կարող օտարել աճուրդային կարգով, և այն պետք է օտարվի միայն ուղղակի վաճառքով։

Մեր հարցմանը պատասխանելով՝ Տավրոս Սափեյանը հայտնել է, որ դրանք չէին կարող դիտվել որպես առանձին գույքային միավորներ, «քանի որ «ՎՌ Արմենիան Ֆրութ» ՍՊԸ-ից բացի, այլ սեփականության սուբյեկտների օտարման դեպքում առաջանալու էր հարկադիր սերվիտուտ»։

Թալին համայնքի ղեկավարը, ինչպես որոշումն ընդունելու ժամանակ, այնպես էլ մեր հարցման պատասխանում հիշատակում է միայն օրենքի հոդվածը, որը թույլ է տալիս ուղղակի վաճառք իրականացնել։ Համայնքապետը զլանում է կատարել Կառավարության որոշման պահանջը՝ հիմնավորել, այդ թվում՝ նաև հողամասերի տեղադիրքի քարտեզը հրապարակելով փաստարկել, որ այդ հողերն,  իսկապես, չէին կարող դիտվել որպես «առանձին գույքային միավորներ»։

Վերադառնանք 02-016-0250-0048 ծածկագրով հողամասին, որն ընդլայնելու համար հող է հատկացրել։ Հիշյալ ծածկագրով հողամասն ընկերությունը ձեռք է բերել Արագածավանի համայնքապետարանից՝ 2022թ․-ին կազմակերպված աճուրդ-վաճառքի միջոցով։ Ինչպես վերը նշեցինք, Արագածավան համայնքի ղեկավարի պաշտոնակատարը 2022թ․-ին «ՎՌ Արմենիան Ֆրութ» ընկերությանը 4 լոտ հող է վաճառել։

Այսպես, 2022թ․-ի հուլիսին ընկերությունն աճուրդ-վաճառքով Թալին համայնքի Գետափ գյուղում գնել է 7458 քմ վարելահող՝ 321 հազար դրամով։ Այնուհետև, նույն գյուղի հողատարածքներից ձեռք է բերել 59 հեկտար արոտավայր՝ 13 մլն 338 դրամով։ Այսպիսով, մոտ 60 հեկտար հողատարածքի համար ընկերությունը Արագածավան համայնքին վճարել է կադաստրային արժեքից 4 մլն 780 դրամ ավել գումար։

Նույն տարում՝ սեպտեմբերին, համայնքապետարանն աճուրդ-վաճառքով Արագածավան գյուղի հողերից ևս 1 հեկտար 605 քմ գյուղատնտեսական նշանակության հողամաս է վաճառել ընկերությանը՝ 80 հազար 600 դրամով։

Մեկ տարի հետո՝ 2023թ․ հունիսին, Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանն իր որոշումով «ՎՌ Արմենիան Ֆրութ» ՍՊԸ-ի սեփական` 02-016-0250-0048 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 1,9 հեկտար հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոփոխել է արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության հողերի։ 2024թ․ ապրիլին Թալին համայնքի ավագանին համաձայնություն է տվել, որպեսզի «ՎՌ Արմենիան Ֆրութ» ընկերությունը գյուղարտադրական նշանակության 4,2098 հա հողամասի վրա սառնարանային պահեստային շենք կառուցի:

Արտոնյալ պայմաններով հողամասեր ձեռք բերած ընկերությանն այս անգամ արտոնություններ է տրամադրել Կառավարությունը։ 2024թ․ մայիսին Կառավարությունը մաքսային արտոնություն տրամադրեց «ՎՌ Արմենիան Ֆրութ» ՍՊԸ-ին՝ ազատելով «գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես՝ ներմուծման մաքսատուրքից»։

Վահե Բադալյանը 2022թ․-ին Արագածավանի հարևան Գետափ գյուղում մոտ 59 հա հողատարածք գնելուց հետո՝ 2024թ․-ին այդ գյուղում նոր հողեր է ձեռք բերել, բայց այս անգամ՝ վարձակալության իրավունքով։ 2024թ․ ապրիլին Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի որոշմամբ Գետափ գյուղի վարչական տարածքում գտնվող գյուղնշանակության 5,0399 հա հողամասը վարձակալության իրավունքով, 3 տարի ժամկետով, տարեկան 65 520 դրամ վարձավճարով տրամադրել է «ՎՌ Արմենիան Ֆրութ» ՍՊԸ-ին։

2025թ․ օգոստոսին ընդունած որոշումով «ՎՌ Արմենիան Ֆրութ» ՍՊԸ-ին վարձակալության իրավունքով Գետափ գյուղի արոտավայրերից ևս 6,33014 հեկտար է տրամադրել 25 տարի ժամկետով, տարեկան 76 հազար դրամ վարձավճարով։

«Բադալյան եղբայրներ ընկերությունների խումբը», որն իր՝ մոտ երեք տասնյակ ընկերություններից ստացած տարեկան շահույթը հարյուրավոր միլիարդ դրամներով է հաշվում, ինչո՞ւ է այդքան խնայում համայնքից հող գնելիս։ Թալինի համայնքապետն ինչո՞ւ է շահագրգռված հիշյալ ընկերության շահույթն ավելացնելու հարցում, և ինչո՞ւ շահագրգիռ չէ հողերն իրական աճուրդով օտարելու, վարձակալության տրվող հողերը մրցակցային դարձնելու և համայնքային բյուջեի եկամուտներն ավելացնելու հարցում։  

Լուսանկարում՝ Վահե Բադալյանը/Վիքիդարան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter