Ստեփան Կանդազյան. Կարելի էր ավելի ճիշտ կազմակերպել Սովետի լուծարումը
«Ես ինձ չեմ տեսնում ուրիշ տեղ, նույնիսկ Երեւանի եւ Մեղրիի միջեւ ինձ համար արդեն տարբերությունը մեծ է։ Անբացատրելի է Մեղրին։ Չգիտեմ, էս սար ու քարով ձգում է, քաշում, ես չեմ կարող ուրիշ տեղ ապրեմ»,-ասում է Մեղրի բնակիչ Ստեփան Կանդազյանը։
Մասնագիտությամբ շինարար է, բայց խորհրդային տարիներին նրան բախտ է վիճակվել սովորելու Մոսկվայի Պատրիս Լումումբայի անվան Ժողովուրդների բարեկամության համալսարանում։
«Շինարարական տեխնիկումն ավարտելուց հետո Մեղրի-Քաջարան ճանապարհի շինարարության վրա էի աշխատում, Կարեն Դեմիրճյանը (1974-1988 ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար) հանձնարարել էր աշխղեկներից մեկին ուղարկել Մոսկվա կրթություն ստանալու։ Բարեբախտաբար դա ես եղա»,-հիշում է Կանդազյանը։
Պատրիս Լումումբայի անվան միջազգային հարաբերությունների համալսարանն այդ տարիներին ոչ միայն ԽՍՀՄ, այլեւ աշխարհի ամենահարգի բարձրագույն ուսումնական հաստատություններից էր։ «Սորբոնից, Քեմբրիջից եւ Օքսֆորդից հետո արդեն Պատրիս Լումումբան էր, որի ուսանողների միայն 6 տոկոսն էր խորհրդային հանրապետություններից, մյուսներն աշխարհի տարբեր երկրներից էին։ 103 երկրից, 456 ազգի ներկայացուցիչներ էին սովորում մեր համալսարանում»։
Այս համալսարանի շրջանավարտները սովորաբար դառնում էին դիվանագետներ, ծառայության անցնում աշխարհի տարբեր երկրներում խորհրդային դեսպանատներում, բայց ուսումն ավարտելուց հետո Ստեփան Կանդազյանը վճռում է վերադառնալ հարազատ Մեղրի եւ աշխատանքի է անցնում քաղաքային խորհդում՝ որպես գործկոմի քարտուղար։
«1991 թվականի օգոստոսին եմ եկել Հայաստան։ Հենց իմ գալու օրը 156 արկ է ընկել քաղաքի վրա։ Բայց շարժումն արդեն սկսվել էր եւ հույս ունեինք, որ ճիշտ ուղղությամբ ենք շարժվում»։
Հարցին՝ չի ափսոսում, որ ԽՍՀՄ-ը փլուզվել է, Կանդազյանը պատասխանում է. «Փլուզվելը պիտի փլուզվեր, որովհետեւ ազնվությունն էր քիչ, բայց կարելի էր երեւի այլ կերպ կազմակերպել Միության լուծարումը՝ ավելի ճիշտ, ավելի արդար։ ԽՍՀՄ ամբողջ հարստությունը մնաց Ռուսաստանին, բայց չէ՞ որ այդ հարստության ստեղծմանը մյուս հանրապետությունների ժողովուրդներն էլ էին մասնակցել»։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել