HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զբոսաշրջային գործունեություն ծավալող բոլոր սուբյեկտները պետք է գրանցվեն և հայտարարեն իրենց գործունեության մասին

Կառավարությունը այսօրվա նիստում սահմանել է Զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց վերաբերյալ էլեկտրոնային գրանցամատյանում գրանցված զբոսաշրջային ծառայություններ մատուցողների տեղեկատվության բովանդակությունը, ներկայացման և վարման կարգն ու ձևերը: Ինչպես նշել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, այն բխում է ՀՀ եկած զբոսաշրջիկների շահերից, ինչպես նաև զբոսաշրջային գործունեություն ծավալող սուբյեկտների իրավունքների պաշտպանությունից և նրանց համար միասնական խաղի կանոններ սահմանելու տրամաբանությունից:

Նախարարը տեղեկացրել է՝ պատրաստվել է համապատասխան կայք, որն ինտեգրված է էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի ամբողջ համակարգին. «Այս կայքի միջոցով զբոսաշրջային գործունեություն իրականացնող բոլոր սուբյեկտները գրանցվելու և հայտարարելու են իրենց գործունեության մասին: Իրավունք կունենան զբոսաշրջային գործունեություն ծավալել միայն նրանք, ովքեր դրա մասին կհայտնեն, և դա լինելու է բացարձակապես թվային եղանակով: Այսինքն՝ տեղի չի ունենալու պետական մարմինների աշխատակիցների և զբոսաշրջային սուբյեկտների շփում մինչ այն պահը, երբ մենք պետք է գնանք, ու որոշ մարմիններ հավաստեն, թե արդյոք ներկայացված փաստաթղթերը ճի՞շտ են, թե՞ չէ»:

Նախարարը հիշեցրել է նախորդիվ ընդունված որոշումը, որով հստակեցվել է, թե որն է հոսթելը, մոթելը, հյուրանոցը, դրանց ուղղված պահանջները: Հաջորդիվ նախարարությունը տալու է հավաստագրեր, որով կարողանալու են այդ կազմակերպություններն աշխատել: Խախտումների դեպքում նախատեսվում է վարչական քրեական պատասխանատվություն:

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այն կապված է մի քանի գործոնների հետ, մասնավորապես՝ դեպի ՀՀ զբոսաշրջային հոսքերի աճի, ներքին զբոսաշրջության աճի, զբոսաշրջային ծառայություններն առցանց ձեռք բերելու: Ըստ վարչապետի՝ զբոսաշրջային ծառայություն մատուցելը դառնում է ծանուցման ենթակա գործունեություն. «Երբ սուբյեկտը հայտարարագրի, ասի՝ ես զբոսաշրջային գործունեություն եմ ծավալում, իսկ Կառավարությունը, համապատասխան մարմինը հնարավորություն ունենան գոնե նախնական ուսումնասիրել միջավայրը և այլն, մի հավաստիացում տալ, որ քաղաքացիները՝ հայաստանյան և օտարերկրացի, կարող են այդ ծառայությունից օգտվել, որովհետև պետությունը նախնական դիտարկում իրականացրել է, և հայտարարվածի և իրականության միջև մեծ ճեղքեր չի տեսել»,- ասել է վարչապետը և հավելել, որ այն վերաբերում է նաև ավտոմեքենաներին, գիդերին և այլն:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ զբոսաշրջային ինդուստրիայի նոր ստանդարտ սահմանելու մասին է, որովհետև զբոսաշրջությունն արդեն դառնում է ինդուստրիա: Երկրի ղեկավարը տեղեկացրել է նաև, որ 2026-ի հունվարին զբոսաշրջության բացարձակ ռեկորդ է գրանցվել:

Էկոնոմիկայի նախարար մանրամասներ է ներկայացրել. նախորդ տարի՝ մայիսից սկսած, միայն սեպտեմբեր ամիսն է եղել, որ բոլոր այդ ամիսների մեջ 2025 թվականի ցուցանիշը լավագույնը չի եղել, սեպտեմբերի դեպքում 2023-ի սեպտեմբերին է եղել. «Հունվարի դեպքում ռեկորդը թարմացվեց, և 2026-ի հունվարը լավագույն հունվարն է բոլոր հունվարների մեջ: Նախորդիվ լավագույն ցուցանիշները եղել են հերթականությամբ 2023-ին, 2024-ին, 2025-ին, այնուհետև՝ 2020-ը, 2019-ը, և այսպես շարունակ: 179,400 զբոսաշրջիկ հունվար ամսին երբևէ չի եղել Հայաստանում: Նախորդ լավագույն ցուցանիշը եղել է 20 հազարով պակաս, իսկ անցած տարվա ցուցանիշից մենք 40 հազարով ենք ավելի, այսինքն՝ այս հունվարին 29 տոկոսով ավելի շատ զբոսաշրջիկ ենք ունեցել, քան անցած հունվարին»:

Նիկոլ Փաշինյանը նաև արձանագրել է, որ 2025 թվականն առաջին տարին է, երբ Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիների թիվը շուրջ 8600-ով ավելին է, քան Հայաստանից մեկնած քաղաքացիների թիվն է: «Սա նշանակում է, որ 2025-ի արդյունքներով արտագաղթը փոխարինվել է ներգաղթով: Բայց, բացի ՀՀ քաղաքացիներից, մենք տեսնում ենք նաև զբոսաշրջային հոսքերի շատ մեծ փոփոխություն, որովհետև 2025-ի արդյունքներով, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների ներհոսքը 23 հազարով գերազանցել է նախորդող շրջաններին: Այսինքն՝ ամենաշատ թվով այցելուներն ենք ունեցել: Դա տեսանելի էր նաև Ամանորի տոնակատարությունների ժամանակ»,- ասել է վարչապետը:

Թեմայի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, ներկայացվել են որոշ դիտարկումներ: Ամփոփելով՝ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է դեպի Հայաստան զբոսաշրջության հոսքերի աճին նպաստող մի քանի հանգամանքներ: «Առաջինը հաստատված խաղաղությունն է, և այս առումով, հույս ունեմ, որ օտարերկրյա այն դեսպանատները, որոնք նախորդ տարիներին անընդհատ ծանուցումներ են տարածել, որ իրենց քաղաքացիները խուսափեն սահմանամերձ հատվածներ, Սյունիքի մարզ գնալ, այդ ծանուցումները կդադարեցվեն»,- ասել է վարչապետը և դիմել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին՝ պետք է աշխատել այդ դեսպանների հետ, որպեսզի վերջիններս իներցիայով նույնը չշարունակեն:

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ հանգամանքներից են տնտեսական զարգացումը, ինչպես նաև ներքին անվտանգության և հանցավորության տեսանկյունից երկրի անվտանգ լինելը. «2025-ին մենք հանցավորության որոշակի նվազում ենք ունեցել, և կարծում եմ, որ սրանք էլ լրացուցիչ գործոններ , որոնք նպաստում են զբոսաշրջային հոսքերի աճին»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter