«Մարտի 1»-ի գործով քրեական հետապնդում է հարուցվել Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի նկատմամբ
«Մարտի 1»-ի վարույթի շրջանակներում քրեական հետապնդում է հարուցվել ևս երկու նախկին պաշտոնյայի նկատմամբ։ Մեղադրյալի կարգավիճակում են այդ ժամանակ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային գնդի հրամանատար Ռոբերտ Մելքոնյանն ու նրա տեղակալ Վալերիյ Օսիպյանը:
«2008 թվականի մարտի 1-ին ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բռնության և հատուկ միջոցների գործադրմամբ Երևան քաղաքի «Ազատության» հրապարակում նստացույց անող խաղաղ ցուցարարներին ցրելու գործողությունները կազմակերպելու համար մեղադրանքներ են ներկայացվել նշված ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային գնդի հրամանատարի և նրա տեղակալի պաշտոնները զբաղեցրած անձանց»,-հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:
Նշենք, որ թեև Հակակոռուպցիոն կոմիտեն անուններ չի հրապարակվել, սակայն այդ ժամանակահատվածում գնդի հրամանատարի և նրա տեղակալի պաշտոնները զբաղեցրել են Ռոբերտ Մելքոնյանն ու Վալերիյ Օսիպյանը:
Դեռևս 2012թ.-ին Երևանի արդեն փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում էր արել Մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ` կոչ անելով մեղավորներ չփնտրել:
«Եթե մենք վեճ բացենք անցյալի ու ներկայի միջև, կտեսնենք, որ կորցրել ենք ապագան»,- գրառման մեջ նա մեջբերել էր Չերչիլի խոսքը:
Ինչ վերաբերում է Վալերիյ Օսիպյանին, ապա 2018թ․ իշխանափոխությունից հետո, նույն տարվա մայիսի 10-ին նա նշանակվեց ոստիկանապետ։ Այնուհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2019թ․ սեպտեմբերի 18-ի որոշմամբ Վալերիյ Օսիպյանը նշանակվեց վարչապետի գլխավոր խորհրդական։ Օրեր անց՝ հոկտեմբերի 7-ին, Վալերիյ Օսիպյանն ազատվեց վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից:
Վալերիյ Օսիպյանն ու կինը՝ Լուսինե Թադևոսյանը, 2026թ․ հունվարի 19-ին հրավիրվել էին Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։ Նրանց պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել