Կարգելվի պոլիէթիլենային տոպրակների վաճառքը. նախագիծը ընդունվեց առաջին ընթերցմամբ
Կառավարությունն առաջարկում է 2027 թվականի հունվարի 1-ից Հայաստանում արգելել պոլիէթիլենային պարկերի և տոպրակների, ինչպես նաև պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման տարաների և սպասքի վաճառքը կամ առկայությունը։
Որպես այլընտրանք դիտարկվում են թղթից և կտորից պատրաստված բազմակի օգտագործման համար նախատեսված տոպրակները։
Այս մասին նախագծերի փաթեթը այսօր Ազգային ժողովում ընդունվեց առաջին ընթերցմամբ՝ «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը։ Այն մշակել է Շրջակա միջավայրի նախարարությունը, արժանացել Կառավարության հավանությանն ու ուղարկվել ԱԺ։ Որպես կանոն, նախագիծն ամբողջությամբ ընդունված է համարվում երկրորդ ընթերցմամբ ընդունվելուց հետո, հետևաբար՝ այս փաթեթը պետք է ևս մեկ անգամ քվեարկության դրվի։
Ըստ նախագծի՝ պոլիէթիլենային նշված ապրանքների առկայությունն ու վաճառքը կարգելվի առևտրի օբյեկտներում, հանրային սննդի կետերում, տոնավաճառներում, ցուցահանդես-վաճառքներում, ինչպես նաև բացօթյա և շրջիկ առևտրի կետերում։
Բացառություն կսահմանվի կշռափաթեթավորման և երկրորդային հումքից արտադրված աղբի պարկերի, ինչպես նաև կշռափաթեթավորման համար օգտագործվող կափարիչով տարաների համար։
«Հանրապետությունում մեկանգամյա պոլիէթիլենային տոպրակների, սպասքի, խահանոցային ու կենցաղային այլ պարագաների լայն կիրառումը հանգեցրել է բնապահպանական խնդիրների առաջացման: Շրջակա միջավայր արտանետված մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային փաթեթները եւ պլաստիկ սպասքը երկար ժամանակ պահպանվում են, չեն ենթարկվում կենսաբանական քայքայման, որի հետեւանքով առաջացնում են կայուն աղտոտվածություն: Մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների ու պլաստիկ սպասքի օգտագործման ժամանակահատվածը շատ կարճ է, իսկ բնության մեջ դրա քայքայման համար անհրաժեշտ է ավելի քան 100-400 տարի»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ։
Շեշտվում է, որ օգտագործված պոլիէթիլենային փաթեթներով, մեկանգամյա օգտագործման պլաստիկ այլ արտադրանքով ու դրանց մնացորդներով աղտոտված են Հայաստանի Հանրապետության ջրային տարածքները, հանգստավայրերն եւ զբոսաշրջության վայրերը. «Մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի ողջ ծավալն ի վերջո հանգրվանում է բնության մեջ և, նույնիսկ աղբավայրերում, դրանք շարունակում են վնաս պատճառել շրջակա միջավայրին՝ արեւի ազդեցությամբ և ինքնայրման հետեւանքով արտազատելով քաղցկեղածին դիօքսին եւ ֆուրան գազեր»:
Արգելքի խախտման համար սահմանվում է պատասխանատվություն․ առաջին խախտման դեպքում՝ նախազգուշացում, իսկ երկրորդ և հաջորդող դեպքերում՝ տուգանք՝ 100–150 հազար դրամի չափով։
Նախագծով նախատեսվում է, որ իրավախախտումների վերահսկողությունը կիրականացվի տեղական ինքնակառավարման մարմինների և Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից՝ համատեղ ձևաչափով։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել