«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր Գարո Արմենի հայտարարությունը
«Agenus Inc.»-ի խորհրդի նախագահ ու գլխավոր տնօրեն, ինչպես նաև «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) հիմնադիր դոկտոր Գարո Արմենն արձագանքել է սփյուռքի մի խումբ գործիչների կողմից վերջերս տարածված բաց նամակին և հանդես եկել հատուկ հայտարարությամբ: Ստորև ներկայացնում ենք հայտարարության տեքստը նույնությամբ:
«Մեդիամաքսի» կողմից հրապարակված և որպես «սփյուռքի առաջնորդների» ձայն մատուցված բաց նամակի հեղինակները նախազգուշացնում են, թե Հայաստանը կանգնած է սփյուռքի հետ հարաբերությունների խզման վտանգի առաջ, և կոչ են անում արտերկրում բնակվող հայերին եկեղեցի–պետություն ներկայիս առճակատման կապակցությամբ դիմել «քաղաքական միջոցների և իրավական գործողությունների»՝ իրենց բնակության երկրների կառավարությունների միջոցով։
Այդ ձևակերպումը ապակողմնորոշող է, իսկ կոչը՝ վտանգավոր։
Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ո՜չ շենք է, ո՜չ՝ հիերարխիա։ Եկեղեցին ժողովուրդն է։ Հայոց պատմությունը դա հստակ ցույց է տալիս․ սովորական տղամարդիկ և կանայք են, ովքեր ցեղասպանության, աքսորի, բռնաճնշումների, պատերազմի և կորստի պայմաններում պահպանել են հավատքը և ինքնությունը։ Ինստիտուտները կենդանի են մնում միայն այն դեպքում, եթե ծառայում են այն մարդկանց, ում շնորհիվ ապահովվում է դրանց կենսագործունեությունը։ Երբ ինստիտուտը չի ծառայում այն մարդկանց, որոնց շնորհիվ գոյություն ունի, դրա պահպանման պատասխանատվությունը դառնում է միակողմանի և հավատքը վերածվում է ծանր բեռի։ Ահա, թե ինչու են նորոգումը և հաշվետվողականությունն ուժեղացնում եկեղեցին, այլ ոչ՝ թուլացնում։
Անհրաժեշտ է նաև ուղիղ խոսել արված կոչի ներկայացուցչականության մասին։ Սփյուռքը հանձնաժողով չէ։ Սփյուռքը միլիոնավոր հայերն են տասնյակ երկրներում՝ տարբեր փորձառություններով, քաղաքական համոզմունքներով և առաջնահերթություններով։ Փոքրաթիվ անձանց շրջանակը, որքան էլ որ հայտնի լինի, չի կարող խոսել բոլորի անունից։ Բազմաթիվ սփյուռքահայեր աջակցեցին Հայաստանի ժողովրդավարական վերափոխմանը՝ պետության զավթման դեմ և կոռուպցիայի կազմաքանդմանն ուղղված վաղուց սպասված գործընթացին։ Ոմանք այդ փոփոխություններին ընդդիմացան առաջին իսկ օրվանից, ոմանք էլ դիրքավորվեցին Մայր Աթոռի ներսում գործող քաղաքական տարրերի շուրջ՝ ընդդիմանալով 2018-ից հետո ձևավորված կառավարությանը և վերջինիս կողմից իրականացվող բարեփոխումներին։ «Մեդիամաքսի» կողմից հրապարակված բաց նամակն ավելի շատ նմանվում է տևական ժամանակ պահպանված այդ քաղաքական նախագծի շարունակության, քան ազգին ուղղված նախազգուշացման։
Նամակի ամենասադրիչ համեմատությունը, ըստ որի՝ Հայաստանը մոտենում է մի խզման, «ինչը նույնիսկ Օսմանյան կայսրությանը կամ Խորհրդային Միությանը չէր հաջողվել», երբեք չպետք է արվեր։ Այդ ռեժիմները փորձել են վերացնել հայերին։ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան պետություն է՝ ընտրված իշխանությամբ, քաղաքական բազմակարծությամբ և սահմանադրական կարգով։ Ցեղասպանության հիշողությունն ու խորհրդային տրավման այսօրվա քաղաքական պայքարի մեջ ներքաշելը բարոյական հստակություն չէ․ դա բարոյական վանդալիզմ է։
Սփյուռքահայերին ուղղված կոչը՝ դիմել օտարերկրյա կառավարություններին «քաղաքական միջոցների և իրավական գործողությունների» համար, նույնքան սխալ է։ Սփյուռքահայերն ունեն բոլոր իրավունքները և անգամ պարտավորությունը՝ պաշտպանելու Հայաստանի անվտանգությունն ու ապագան այն երկրներում, որտեղ ապրում են։ Սակայն Հայաստանի ներքին հարցերն այս ձևով միջազգայնացնելը սփյուռքյան համայնքներին վերածում է ճնշման գործիքի՝ ուղղված հենց Հայաստանի Հանրապետության դեմ։ Դա խաթարում է Հայաստանի ինքնիշխանությունը, խորացնում հայրենիք–սփյուռք բաժանումը և լրացուցիչ լծակներ է տալիս այն ուժերին, որոնք Հայաստանի բարին չեն ցանկանում։ Հայաստանի ճակատագիրը չի կարող բանակցվել օտար մայրաքաղաքներում՝ ինքնակոչ ներկայացուցիչների կողմից։
Այս պահը նաև պահանջում է ազնվություն այն վիճակի մասին, որը Հայաստանը ժառանգել էր։ Անկախությունից հետո Հայաստանը տասնամյակներ շարունակ ենթարկվեց համակարգային կոռուպցիայի և ինստիտուցիոնալ քայքայման։ Այդ ժառանգությունը թուլացրեց պետությունը, քայքայեց հանրային վստահությունը և երկիրը դարձրեց խոցելի։
2018 թվականի ժողովրդավարական շրջադարձը դարձավ բեկումնային պահ․ ժողովուրդը պահանջեց իշխանություն, որը հաշվետու է հանրությանը, ոչ թե՝ արմատացած շրջանակներին։ Այդ աշխատանքը դեռ ավարտված չէ, սակայն ուղղությունը հստակ է՝ ավելի մեծ հաշվետվողականություն, ավելի մեծ թափանցիկություն և պետության նկատմամբ ավելի մեծ հանրային պատասխանատվություն։
Ոչ ոք չի մոռանում Ադրբեջանի հետ կործանարար պատերազմը և դրան հաջորդած ողբերգությունը։ Ցավը համազգային է և մշտական։ Սակայն այդ աղետի արմատները չեն սահմանափակվում որևէ կոնկրետ ժամանակաշրջանով կամ վարչակազմով․ տասնամյակների անփութությունը, ինքնավստահությունը և վատ կառավարումը Հայաստանը և Արցախը թողեցին վտանգավոր և խոցելի վիճակում։ Հայ ժողովուրդը վճարեց արյամբ։ Այդ պատմությունը չի կարող վերաշարադրվել՝ հեղինակություններ պաշտպանելու համար։
Այդ ժամանակից ի վեր Հայաստանը գործում է տարածաշրջանի ճնշման և Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից շարունակվող թշնամանքի պայմաններում։ Այդ միջավայրում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունը որդեգրել է դժվար, ոչ կատարյալ, սակայն կենսունակ ուղի՝ ամրապնդել պետական ինստիտուտները, ընդլայնել Հայաստանի դիվանագիտական և անվտանգային հնարավորությունները և առաջ մղել այնպիսի գործիքակազմ, որը նվազեցնում է նոր պատերազմի ռիսկը։
Այսօր Հայաստանը ներգրավվում է խոշոր ուժային կենտրոնների և տարածաշրջանային գործընկերների հետ այնպիսի ձևաչափերով, որոնք դեռ ոչ վաղ անցյալում անհավանական կթվային փոքր և մեկուսացված պետության համար։ Սա չի վերացնում առկա մարտահրավերները, սակայն ստեղծում է կայունության և զարգացման համար հնարավորություններ, մի բան, որը անկախությունից ի վեր գրեթե անհնար է եղել Հայաստանի համար։
Այդ համատեքստում փոքրաթիվ անձանց շրջանակի փորձը՝ ներկայացնել իրեն որպես «սփյուռք», քաղաքական օրակարգը քողարկել կրոնական լեզվով և կոչ անել արտաքին ճնշման արշավների ընդդեմ Հայաստանի ընտրված իշխանության, ազգաշինություն չէ։
Դա խմբային շահ է՝ առաքինության կերպարով ներկայացված, խառնված անձնական, ինստիտուցիոնալ կամ ֆինանսական շահերի հետ, որոնք բացահայտված չեն և չեզոք չեն։
Հայաստանին անհրաժեշտ է ուժեղ պետություն և ուժեղ եկեղեցի։ Երկուսն էլ հնարավոր են, միասին, երբ իշխանությունը լեգիտիմ է, ինստիտուտները՝ հաշվետու, և երբ քաղաքականությունը չի թաքնվում եկեղեցական հանդերձանքի հետևում։ Հավատքը չպետք է օգտագործվի որպես զենք ժողովրդավարական լեգիտիմության դեմ։ Եկեղեցին պետք է նորացվի բարեվարքության հաստատման և բարեփոխման միջոցով, իսկ պետությունը պարտավոր է պահպանել օրենքի գերակայությունը և ապահովել դավանանքի ազատությունը՝ չթույլատրելով որևէ ինստիտուտի վերածվել զուգահեռ քաղաքական իշխանության։
Սփյուռքի բարձրագույն պարտավորությունը հայկական ներքին հակամարտությունները չսրելն է։ Այն Հայաստանի հզորացումն է՝ ներդրումներ կատարելով, ինստիտուտներ կառուցելով, կրթությունը և դիմակայունությունը ամրապնդելով, տեղահանված ընտանիքներին աջակցելով, կարողություններն արդիականացնելով և բարեփոխումների դժվար աշխատանքին սատարելով, այլ ոչ թե հեռվից այն սաբոտաժի ենթարկելով։
Հայաստանը հին իշխանական պայքարների թատերաբեմ չէ։ Եկեղեցին գահ չէ։ Սփյուռքը լծակ չէ, որը կարելի է գործադրել հայ ընտրողի կամքի դեմ։ Եկեղեցին, որի հիմքը ժողովրդի հավատքն է, չի կարող հեռանալ ժողովրդից։ Կոռուպցիայից ազատագրված պետությունը պետք է պաշտպանվի, ոչ թե թուլացվի՝ աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայերի կողմից։
Գարո Հ. Արմեն, գիտությունների դոկտոր
Agenus Inc., հիմնադիր տնօրեն,
ՔՈԱՖ, հիմնադիր, խորհրդի նախագահ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել