HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մայր Աթոռում կատարվել է Տեառնընդառաջի նախատոնակը

Փետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Տեառնընդառաջը` 40-օրյա մանուկ Հիսուսի` տաճարին ընծայման տոնը, որի սկիզբն ազդարարվեց փետրվարի 13-ի երեկոյան: Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։

«Տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը եկեղեցականների հանդիսավոր թափորի ուղեկցությամբ մուտք գործեց Մայր Տաճար, ուր Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ կատարվեց Երեկոյան ժամերգություն և նախատոնակ:

Ապա տեղի ունեցավ տարվա առաջին Անդաստանի կարգը, որի ընթացքում օրհնվեցին աշխարհի չորս կողմերը։

Այնուհետև «Քրիստոս փառաց» տաղի ներքո Մայր Տաճարի Իջման Սուրբ Սեղանի կանթեղից վառված մոմով Նորին Սրբությունը Հիսուս Քրիստոսին խորհրդանշող կենսատու լույսը փոխանցեց ներկա հավատավոր ժողովրդին:

Արարողության ավարտին եկեղեցականաց թափորն ուղղվեց դեպի Մայր Աթոռի միաբանական շենքի շրջափակ, ուր ներկայությամբ բազում հավատավոր հայորդիների, Ամենայն Հայոց Հովվապետի ձեռամբ վառվեց Տեառնընդառաջի խարույկը: Վեհափառ Հայրապետը նաև հավատավոր հայորդիներին ընծայեց խաչեր:

Տեառնընդառաջի տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հռչակվել է նորապսակների օրհնության օր: Այս կապակցությամբ փետրվարի 14-ին` Մայր Տաճարում և բոլոր եկեղեցիներում մատուցվող Սուրբ Պատարագի ավարտին, կկատարվի նորապսակ զույգերի օրհնության կարգ»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter